Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ

Հուլիս 25,2013 17:46

Դեպքի մասին տեղեկություն ստանալուն պես դեսպանությունն անհրաժեշտ գործողություններ է ձեռնարկել` պարզելու համար իրավիճակը և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

Արդյունքում կապ է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմիների և բժշկական հաստատության տնօրինության հետ: Ըստ նախնական տեղեկությունների վթարը տեղի է ունեցել Նինոծմինդա բնակավայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա` արագության սահմանազանցման պատճառով մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով: Մեր հայրենակիցները ուղևորվելիս են եղել դեպի Վրաստանի սևծովյան հանգստավայրերից մեկը:
Դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն: Դեսպանությունը կապի մեջ է նաև Վրաստանի հետաքննության և քննչական մարմինների հետ և հետևելու է քննության ընթացքին:
Այս պահին 9-ամյա Մարիա Կարապետյանը և 24-ամյա Հրայր Դավթյանն արդեն տեղափոխվել են և գտնվում են ՀՀ տարածքում, Գյումրիի բուժհաստատություններից մեկում: Անչափահասներ Լիլի Կարապետյանը և Ռուզան Կարապետյանը դեռևս գտնվում են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վերջիններիս հետ է նաև նրանց մայրը, որի հետ ՀՀ հյուպատոսը հեռախոսային կապի մեջ է:
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում հիվանդանոցի տնօրինության և շրջանի ղեկավարության, տեղի հայկական հոգևոր և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն բոլոր գործողությունները ՀՀ քաղաքացիների անվտանգության ու առողջության պահպանման ուղղությամբ:

Միաժամանակ, առիթից օգտվելով, հարկ ենք համարում նշել, որ թեև ավարտին է մոտենում հանգստի եւ արձակուրդային շրջանը, այնուամենայնիվ դեռևս կան մարդիկ, որոնք գալիս են կամ պատրաստվում են գալ Վրաստան: Դեպի Վրաստանի լողափնյա հանգստավայրեր մեկնող ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտություն է նախապես ծրագրավորել ճանապարհորդությունը և, մասնավորապես, կարճ թվացող, սակայն իրականում մոտ 700 կմ ճանապարհահատվածն անցնելու համար պարտադիր սահմանել դադարների և հանգստի որոշակի կետեր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը կնպաստի նշված ճանապարհն առավել անվտանգ անցնելուն և հանգիստն առանց ճակատագրական միջադեպերի կազմակերպելուն:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հորդորել բոլոր ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ծրագրում են այցելել հարևան Վրաստան, նախապես ծանոթանան երկրի, մասնավորապես` ճանապարհա-պարեկային օրենքներին եւ բուժծառայության մատուցման պայմաններին, ինչպես նաև ունենան սեփական անվտանգությունն ու առաջին բժշկական օգնությունն ապահովելու համար բոլոր պարտադիր պարագաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031