Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանը որեւէ խոչընդոտ չտեսավ առանց Հատուկ քննչական ծառայության քննիչի շարունակել դատապարտյալ Արթուր Այվազյանի գործի քննությունը:
Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանն այսօր դատարան չէր բերվել, եւ նրան դատարան բերելու միջնորդություն արեց նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը (լուսանկարում):
Դատարանը մերժեց դա, ինչպես նաեւ դատապարտյալի մի շարք միջնորդությունները, մասնավորապես, ապահովել ԶԼՄ-ների ներկայությունը, իր վերաբերյալ տրամադրել օպերատիվ տեղեկություններ, պատասխանատվության ենթարկել քննիչին, ՀՔԾ պետին, նրա տեղակալին: Դատապարտյալը ներկայացրել էր հայտարարություն, որ ինքը քաղբանտարկյալ է:
Հայկ Ալումյանը ներկայացրեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում Ա.Այվազյանի բողոքը, ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Գ.Պետրոսյանի 03.06.2013թ.որոշման եւ այդ որոշման դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշման դեմ:
Կարդացեք նաև
Ա.Այվազյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից թույլ են տրվել անօրինական գործողություններ: Արթուր Այվազյանը փորձել է դրա պատճառով ինքնասպանություն գործել եւ այս տարվա մարտի 18-ին կտրել է իր երակները:
Նրան բուժօգնություն ցույց չեն տվել, իսկ Այվազյանի խցընկերը կտրել է իր երակը, որ նրան ցուցաբերեն բուժօգնություն:
Հայկ Ալումյանը նաեւ հայտնեց, որ այդ կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել, մերժվել է նյութերով քրեական գործ հարուցել:
Քննիչի որոշումը պաշտպանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Սակայն ի պատասխան դրա ստացվել է ավագ դատախազ Հ.Հարությունյանի գրությունը, որով պարզվում է, որ դատապարտյալի բողոքը մերժվել է:
Հայկ Ալումյանն ասաց, որ Այվազյանի ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործով ցուցմունքներ են տվել միայն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իսկ դա չէր կարող օբյեկտիվ, բազմակողմանի լինել:
Ըստ պաշտպանի, բացատրություններ չեն վերցվել դատապարտյալներից, իսկ քննիչի որոշումից չի հասկացվում, թե ինչն է եղել Ա.Այվազյանի ինքնավնասման պատճառը:
«ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկը՝ Արտակ Հակոբյանն ինձ դիմում է հասցեագրել, որում նկարագրել է, թե ինչ հանգամանքներ են դրդել Արթուր Այվայանին դիմելու ջրադուլի, հացադուլի, այնուհետեւ ինքնասպանության փորձի:
Այդ դատապարտյալի դիմումից երեւում է, որ Ա.Այվազյանին հարկադրել են հագնել հատուկ համազգեստ, որը նախատեսված չի եղել այդ եղանակի համար: Իսկ երբ նա հրաժարվել է, ենթարկել են տույժի»,-ասաց Հայկ Ալումյանը:
Ըստ դատապարտյալների, Արթուր Այվազյանը խցում գտնվելով պահանջել է բուժօգնություն:Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են: Խցում գտնվողները դիմել են ինքնավնասման, եւ նոր միայն Արթուրին բուժօգնություն են ցույց տվել. «Արթուր Այվազյանը ուշագնաց է եղել, ՔԿՀ աշխատակիցները չեն ցանկացել բժիշկ կանչել:Դատապարտյալ Արտակ Հակոբյանը երակները կտրել է, որից հետո մոտեցել են Արթուրին»:
Հայկ Ալումյանը պահանջեց, որպեսզի վերացվի ՀՔԾ որոշումը, եւ խոշտանգումների մասով հարուցվի քրեական գործ:
Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 8-ին:
Ի դեպ, Արթուր Այվազյանը այս տարվա մարտի 14-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ներկայացավ բերանը կարած, հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ