Վաղը «Կորիդա» պոկեր ակումբում անցկացվելու է Մուայ Թայ եւ հարվածային այլ մարտարվեստների միջազգային մրցաշար, որին մասնակցելու է նաեւ ներկայացուցիչ Վրաստանից:
Այդ առիթով այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայ Թայ ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանն ասաց, որ «Riing Poker Battle 2» անունը ստացած նախաձեռնության նպատակը մեր հանրապետությունում հարվածային այս մարտարվեստը քարոզելն ու զարգացնելն է: «Մուայ Թայն ամբողջ աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում հարվածային մարտարվեստների մեջ: Պրոֆեսիոնալ մենամարտերն ու մրցաշարերն անցկացվում են 100-120 հազար նստելատեղ ունեցող լեփ-լեցուն մրցասպարեզներում: Բայց, ցավոք, Հայաստանը մի փոքր սահմանափակված է մարտական արվեստների առումով: Հենց դրա համար էլ մենք «Կորիդա» պոկեր ակումբի հետ համատեղ ջանքերով ցանկանում ենք լրացնել այդ բացը, ինչի համար ակումբի ղեկավարությունից շնորհակալություն ենք հայտնում», – ասաց ֆեդերացիայի նախագահը:
Քանի որ աշխարհում մենապայքարային մարտարվեստներում մեծ պահանջարկ ունեն հատկապես գերծանր քաշային կարգերի մարտերը, «Կորիդա» ակումբում կկայանա մինչեւ 93 կգ քաշային կարգի միջազգային վարկանիշային մարտ` Հայաստանը ներկայացնող Հովհաննես Անտոնյանի եւ Վրաստանից հատուկ այդ նպատակով ժամանած Իրակլի Պիպիայի միջեւ: Կազմակերպիչները հետաքրքիր մարտեր են խոստանում նաեւ մինչեւ 67 կգ քաշային կարգում Հայաստանի Սուպերգավաթի համար մենամարտերում, որոնց կմասնակցեն հատուկ ընտրված չորս մարզիկներ` Արտյոմ Խուբլարյանը, Արտյոմ Մանուկյանը, Ռազմիկ Ղուլինյանը Հովհաննես Իսոյանը: Հետաքրքիր դիմակայություն է ակնկալվում նաեւ -60 կգ քաշային կարգում կայանալիք Ռազմիկ Զարգարյան-Էդգար Մելքոնյան մարտում: Ֆեդերացիայի ներկայացուցիչներն Aravot.am-ին տեղեկացրին, որ Էդգար Մելքոնյանը, թեեւ մոտ 10 տարի Հայաստանում մրցումների չի մասնակցել, սակայն նա Թաիլանդում բազմաթիվ մրցաշարերի հաղթող է դարձել եւ այդ երկրում կնքվել է որպես Մուայ Թայ մարտարվեստի բարձրակարգ մարզիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ