Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Քոչար. «Տարոն Մարգարյանին պարզապես հեղինակազրկեցին և նրա բարի համբավը ջուրը գցեցին» (Տեսանյութ)

Հուլիս 25,2013 16:58

Երթուղային տրանսպորտի թանկացման հարցի մասին խոսելիս շատերն այն զուգահեռում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ուղղված արշավի հետ: Կարծիքներ են հնչում, թե իշխանությունները փորձում են քավության նոխազ դարձնել Տարոն Մարգարյանին:

Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարը նշեց, որ ինքը ցավում է Տարոն Մարգարյանի համար, ու մեր հարցին` արդյոք կարծում է, որ իսկապե՞ս Տ. Մարգարյանին փորձում են քավության նոխազ դարձնել, այսպես պատասխանեց. «Ես ոչ Տարոն Մարգարյանի, ոչ էլ որևէ մեկի դեմ անձնապես ոչինչ չունեմ: Նա քաղաքականություն մտավ որպես շատ դրական, լուսավոր կերպար: Մարդիկ հավատում էին նրան, նրան վերագրում բաներ, որ դեռ չէր արել, կամ արել էր, բայց դրանք այնքան էլ դրական չէին: Բայց երևանցիներն ամեն կերպ լավ բան էին ուզում տեսնել նրա արածում, որտեղ մեծ դեր ուներ նաև նրա ազգանունը»:

Դառնալով «ներկայիս Տարոն Մարգարյանի» կերպարին` Ա. Քոչարը նկատեց. «Այսօր չեմ կարող չնկատել այն, որ այս երիտասարդ քաղաքական գործչին պարզապես հեղինակազրկեցին և նրա բարի համբավը ջուրը գցեցին: Այն Տարոն Մարգարյանը, որին ընկալում և տեսնում էր ժողովուրդը և այսօրվա Տարոնը, նրանք նույնը չեն: Ժողովուրդը` որպես հավաքական կերպար, սիրում է մեկ օրում իր համար կուռքեր ստեղծել ու տապալել այդ կուռքերին: Իշխանությունները և իշխանության կարկառուն դեմքերը չեն սիրում, երբ իրենց կողքին լինում են շատ ավելի դրական, հարգված և հեղինակավոր կերպարներ և այդ կերպ փչացնելով ցանկանում են այնպես անել, որ բոլորը նույն հարթությունում լինեն: Այս պարագայում Տարոն Մարգարյանի համար շատ ցավում եմ, որ նա, այո, ինչ-որ տեղ դարձավ քավության նոխազ: Գուցե նա որպես մարդ այս զարգացումների կիզակետում լինելով դեռ տաք է և չի հասկանում, թե իր շուրջ ինչ է կատարվում և չի ընկալում իր իրական յուրայիններին և թշնամիներին: Ես իր դեմ չեմ խոսում, ես խոսում եմ վարած քաղաքականության դեմ: Ես շատ ավելի ուրախ կլինեի, որ այն դրական կերպարը, որ մարդիկ իրենք իրենց համար կերտել էին, տեսնեինք և Տարոն Մարգարյանի գործերով մենք տեսնեինք այն քաղաքապետին, որին մարդիկ ցանկանում էին իսկապես տեսնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահագն says:

    Իմ համեստ կարծիքի համաձայն, Անի Քոչարը ` կրթված ու գրագետ լինելով հանդերձ, կկարողանա նաև լավ քաղաքական գործիչ լինել:ՈՒնի սեփական կարծիք, հիանալի անհատականություն է: ՈՒ ի տարբերություն շատ անարժան կին պատգամավորների, կկարողանա լավ ու գործունյա պատգամավոր լինել:

  2. Maxim says:

    Ի՞նչ բարի համբավի մասին կարող է խոսք լինել մի մարդու մասին, ով քաղաքապետ է դարձել թաղի
    խուժանի աջակացությամբ: Նրանց համատարած 5-10 հազար դրամ բաժանելու, մարդկանց ահաբեկելու, լրագրողներին վնասվածքներ պատճառելու հնարքներով: Էլ չեմ ասում վրջին 5-6 տարում նրա ապորինի 10-20 միլիոն դոլլարի ձեռք բերած կապիտալի մասին, որը հայտարարագիր
    է ներկայացնում և դարձնում օրինական, առանց հաշվի առնելու ձեռք բերման միջոցները:
    Եթե ասում է՝ սիրելի Երևանցիներ, ապա կարծում եք,՝ սիրե՞ց Երևանցիներին: Իսկ եթե սիրեց, ապա
    որն է նրա սիրո դրսևորումը, եթե ոչ թալանը: Ինչ վերաբերվում է նախորդ կարծիքին, որ Անի Քոչարը
    կարող է լավ քաղաքական գործիչ լինել, ես չեմ առարկում,՝ բայց ոչ ժողովրդի բարորության համար:
    Նրա դեմագոգիկ մեկնաբանությունը անկեղծ ֆոնի վրա,՝ զզվանք է առաջացնում, թեպետ ես ծանոթ
    չեմ այդ անձին, բայց պարզ տեսնում եմ նրա ,,անկեղծությունը,, ըստ մեկնաբաության:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031