Մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների անդամների հանդիպման ժամանակ:
Ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը:
Անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում. «Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում: Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը:
Խմբակցությունների անդամները ևս իրենց հերթին կարևորել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու քաղաքացիների անվտանգության ապահովումը:
Կարդացեք նաև
Քաղաքապետը հատկանշել է նաև, որ, հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար. «Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսելով քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի ավագանու խմբակցությունների անդամների մոտեցումներն ու առաջարկները, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մշտապես պատրաստակամ է քննարկելու և կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն Երևանի ու երևանցիների շահերից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն