Լրահոս
Օրվա լրահոսը

Զառիթափում վթարի ենթարկված աղջկա կտրված եւ վիրահատությունով կպցրած ոտքը կմնա, եթե նրա վիճակը չվատանա

Հուլիս 25,2013 15:18

Վերջերս Վայքի Զառիթափ գյուղում ավտովթարի հետեւանքով 16 ամյա աղջիկը կորցրել էր աջ վերջույթը սրունքից, եւ դեպքից ժամեր անց նրան տեղափոխել էին Երեւան, որտեղ բժիշկներին հաջողվել է աղջկա ոտքը վերականգնել: Այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ, Մ. Հերացու անվան պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը:
«Տեղի հիվանդանոցում նրան տրվել էր հնարավոր օգնությունը: Ինձ զանգահարեց պատերազմի ժամանակ բուժված նախկին վիրավորներից մեկն ու ասաց, որ այսպիսի դեպք է պատահել, իսկ տեղի բժիշկները ասում են, որ չի կարելի ոտքը կպցնել, քանի որ վիճակը շատ ծանր է: Ես խորհուրդ տվեցի, որ եթե հնարավոր է աղջկան տեղափոխել շտապօգնության մեքենայով, ապա վերջույթը դնել սառցապարկի մեջ եւ անմիջապես տեղափոխեն Երեւան, քանի որ արդեն բավականին շատ ժամանակ էինք կորցրել: Անդամահատումը եղել էր ժամը 8:30, իսկ ինձ զանգահարել էին, եթե չեմ սխալվում, ժամը 1-ին: Ես մտել եմ վիրահատարան ժամը 3:30, իսկ 6-ին արդեն արյան շրջանառությունը վերականգնված էր: Մինչեւ որ մյուս հյուսվածքները, մկանները կարեցինք՝ արդեն մոտավորապես ժամը 8-ին վիրահատությունն ավարտվեց, որից հետո հիվանդին տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք, սակայն ժամը 8:30 կրկին զարկերակային խցանում առաջացավ եւ անմիջապես երեխային տարանք վիրահատության: Մեզ կրկին հաջողվեց խցանված անոթները բերանակցել եւ գիշերվա ժամը 2-ին վիրահատությունն արդեն ավարտված էր: Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, իսկ առավոտյան արյան շրջանառությունը բարելավվեց ու մինչ այժմ երեխայի վիճակը, կարելի է ասել, բավարար է ու եթե այսպես շարունակվի ամենայն հավանականությամբ վերջույթը կմնա»:

Նա նշեց, որ 30 տարի է այս մասնագիտությամբ է զբաղվում եւ շատ ավելի ծանր դեպքեր էլ են եղել, օրինակ, 12 տարեկան աղջկա ազդր են վերապատվաստել սրանից դեռ 11 տարի առաջ. «Որքան մեծ է անդամահատված սեգմենտի զանգվածը, այնքան ավելի վտանգավոր է լինում»,-ասաց պարոն Սահակյանը: Վիրաբույժը խոսեց նաեւ կանանց մոտ վերջին շրջանում շատ տարածված կրծքագեղձի քաղցկեղի մասին. «Քաղցկեղից հեռացնելուց հետո կրծքագեղձի վերականգնումը Սովետական Միության մեջ առաջին անգամ կատարվել է այստեղ, մեր կողմից՝ Միքայելյանի անվան ինստիտուտում, 1990 թվականին: Դրանից հետո մենք երեք տասնյակ կրծքեր ենք վերականգնել: Դժբախտաբար մեր գործընկերները զլանում են կուրծքը հեռացնելուց հետո ուղարկել հիվանդներին մեզ մոտ, կամ էլ, միգուցե, հիվանդներն իրենք չեն ուզում: Անգամ հեռացման ընթացքում, շատ դեպքերում, հնարավոր է միանգամից վերականգնել կուրծքը: Հարցը միայն այն չէ, որ պետք է փրկել հիվանդի կյանքը, պետք է կյանքի որակը ապահովել: Եվ հատկապես երիտասարդ կանայք շատ ցավագին են տանում, այս կորուստը, նրանք լինում են խեղանդամված, դժբախտ, ներքին թերարժեքության զգացումով»:

Նա նշեց նաեւ, որ հետքաղցկեղային քայքայումները բերում են այլանդակության, խեղանդամության՝ քթի, բերանի, ականջի, ծնոտի կորստի. «Այս հիվանդները ամենադժբախտ մարդիկ են: Գոնե չեն կարող նորմալ մահանալ: Եթե ժամանակին մենք կարողանում ենք նրանց հայտնաբերել եւ վիրահատել, ապա վերականգնում ենք թե քիթը, թե ականջը, թե շուրթերը, թե ծնոտը եւ թե ամբողջ գանգի դիմային հատվածները»:

Արտավազդ Սահակյանն ասաց, որ թյուր կարծիք կա, որ այդ վիրահատություններից հետո մարդու խեղված անդամն ավելի վատ տեսք կունենա. «Հիմարություն է ասել, որ խալը չի կարելի վիրահատել: Միայն Միացյալ Նահանգներում տարեկան միլիոնից ավելի մարդիկ հեռացնում են խալերը»:

Նա նշեց, որ գեղագիտական վիրահատությունները Հայաստանում ավելի շատ անում են կանայք:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031