«Մանկությունից սկսած՝ տրանսպորտ չեմ նստել, համալսարան ոտքով եմ գնացել: Երկու կանգառ մեր տանից հեռու էր»,- այսօր «Ֆորում» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Aravot.am-ի հարցին՝ Ձեր բախտը, ոնց հասկանում ենք, մանկությունից բերել է՝ Կենտրոնում եք ապրել, իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք ծայրամասերում՝ Մալաթիայում են ապրում եւ չունեն այդ 150 դրամը, ոտքո՞վ գան՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես էսքանի մոտ ասում եմ՝ համաձայն եմ, եկեք գնանք մեր տունը տեսեք եւ քո տան հետ փոխեք, համաձա՞յն եք: Ես երբեք Կենտրոնում չեմ ապրել եւ չեմ ապրի: Ես ապրում եմ սովորական sովետական մի խրճիթում, բայց այնքան երջանիկ ու լավ, որ դուք էլ չեք պատկերացնի»: Մենք համաձայնեցինք փոխանակմանը, բայց նախ ճշտեցինք՝ Ձեր ո՞ր տունն եք ուզում փոխանակել:
Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկն առաջարկեց Գալուստ Սահակյանին միասին իջնել ներքեւ եւ որեւէ երթուղային նստել, որ սեփական մաշկի վրա զգա, թե ինչպես են երթեւեկում քաղաքացիները: Գալուստ Սահակյանը հրաժարվեց. «Ոչ, դա ձեզ համար մեծ պատիվ կլինի: Ես լրիվ տեղյակ եմ հասարակությունը ոնց է երթեւեկում: Ես ձեզ համար կասկածյալ չեմ, որ տանեք փորձարկման: Ես չեմ ուզում ձեր աչքին լավը երեւամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ