Այն ինչ փորձում են կիրառել ձկնարտադրության ոլորտում՝ կողոպուտ է, խորամանկ ու անարդար մոտեցում: Այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը:
Նրա ներկայացմամբ` ձկնաբուծության ոլորտում ջրախնայողության անվան տակ, մեծ վտանգ կա ընդհանրապես ձկնարտադրությամբ զբաղվող տնտեսությունների գոյության համար:
Պարոն Աթոյանի խոսքերով` մի քանի փոքր ձկնարտադրող տնտեսություններ առաջարկել են կրճատել օգտագործվող ջրային քանակը` խորքային հորերի վրա դրված փականները փակելու միջոցով, թողնելով յուրաքանչյուր տնտեսությանն իր հողային տարածքի 1 հեկտարի դիմաց` 115 լիտր վայրկյան ջուր. «Այսինքն` փոքր տնտեսություններն առաջարկում են, արդեն կայացած մեծ տնտեսությունների օգտագործվող ջրերի քանակը սահմանափակել, որպեսզի փոքրերը ավելի շատ ջուր ունենան: Սա մեծ հարված կլինի այն տնտեսություններին, ովքեր միջազգային պարտավորություններ ունեն` արտադրության չափանիշների առումով, եւ չեն կարողանալու կատարել իրենց պարտավորությունները ու կքայքայեն»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Այս առաջարկը, ըստ պարոն Աթոյանի անտեղի է, որովհետեւ ջրախնայողության ու անհրաժեշտ քանակի ջուր ունենալու համար կարելի է մեկ այլ տարբերակ կիրառել. «Մենք ունենք 1000 ջրատվական հորեր, որոնք անտնտեսվար, անտերության մատնված գիշեր ու զօր անտեղի հոսում են` ճահճացնելով տարածքներ: Դրանցից 700-ը ինքնաշատրվանվող խորքային հորեր են, ավելի ճիշտ կլինի էն անտերության մատնված խորքային հորերը փակել` լիկվիդացման միջոցով: Այսինքն` ամբողջ ճնշման հնարավորությունն օգտագործել. 150 մետր խորության վրա, որտեղ բազալտի շերտն է ռետինե խցան տեղադրել, հետո դրա վրա կատարենք ցեմենտացման աշխատանքները, որպեսզի ջուրը ընդերքից դուրս չգա այլ հորիզոններ, ջրի խնայողություն էլ կլինի, աղետներ էլ չի առաջացնի»:
Այս տարբերակը յուրաքանչյուր հորի համար կարժենա մոտ 6000 դոլար, որը ինչպես պարոն Աթոյանն ասաց, կարելի է քննարկել, թե ում հաշվին, կամ ինչպիսի համատեղ ֆինանսավորմամբ կարելի է կառուցել:
Բացի այս խնդիրներից, ձկնարտադրողները մեկ այլ խնդրի առջեւ էլ են կանգնած. նրանց պարտավորեցվել են հողի օգտագործման նշանակությունը փոխել, այսինքն`այսինքն` գյուղատնտեսականից անցնել արտադրականի, իսկ սա, պարոն Աթոյանի վստահեցմամբ` հողի կադաստրային արժեքը 50-10 անգամ թանկանում է, եւ մեկ տնտեսվարողի համար, կախված, թե որ համայնքում է եւ որքան ծավալի հող ունի, կարժենա մինչեւ 2 միլիոն դրամ. «Տեղից էլ էդ մարդիկ վարկերի տակ են, սա էլ լրացուցիչ ծախս է»:
Արթուր Աթոյանը անդրադառնալով ձկնարտադրության համար նախատեսված նոր չափանիշներին, նշեց, որ այդ եվրոստանդարտները ձեռնտու չեն տեղական տնտեսվարողներին, եւ հսկայական ծախսերի տակ են գցում նրանց:
Արթուր Աթոյանը նշեց, որ այս խնդիրների լուծման վերաբերյալ հուլիսի 20-ին պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ նախագահին եւ վարչապետին. առայժմ պատասխան չեն ստացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ