Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքի համար գումարներ էր վերցրել, բայց իր աշխատասենյակն էր կահավորում»

Հուլիս 25,2013 14:25

Նախագահի նախկին խորհրդականը կամաց-կամաց բացահայտում է պատերազմական տարիների մութ էջերը

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, այժմ Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի մտերիմներն ու գործընկերները վերջին շրջանում տարբեր ակնարկներ արեցին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խաչատրյանի ունեցած դերակատարման մասին: Ինքը՝ Խաչատրյանը, «Առավոտի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր այն հայտարարությունները, որ ինքը կարողացել է «Բոինգ» ինքնաթիռներ բերել Հայաստան, Ռուսաստանի՝ ադրբեջանամետ հայացքը շեղել դեպի Հայաստան եւ այլն: Երեկ «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ, այնուհանդերձ, 15 տարի անց միայն ինքը որոշեց բացահայտումներ անել պատերազմական տարիների իրողությունների մասին, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «15 տարի լռելուց հետո ես այսօր էլ շատ բաների մասին չեմ ուզում խոսել, ու պատճառն այն չէ, որ վախենում եմ: Իմ կյանքում այնպիսի փաստեր են եղել, որ վախը պատճառ չի կարող լինել», ապա նկատեց, որ այս առիթով մեր նախորդ զրույցում ինքն ասել էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Հայաստանին ճշմարտության բացահայտումը կօգնի: «Ես հիմքեր ունեմ, ավելի ճիշտ՝ համոզված եմ, որ կան մարդիկ, ովքեր նստած են այդ բուրգի վրա, ու դա ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ Սերժ Սարգսյանն է, որոնք հենց սկզբից, այսպես ասած, ղեկավարել են այդ ամենը. լավ իմացել են, թե ինչ է կատարվել, բայց որպեսզի շնորհակալություն չհայտնեն եւ իրականությունը չբացվի, սկսել են վերացնել այդպիսի մարդկանց: Ես գտնում եմ, որ այսօր պետք է ողջ ճշմարտությունն անցյալի մասին բացվի, դա կարող է ճիշտ հիմք դնել մեր պետության ու պետականության համար: Իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն ճշմարտությանը դեմ դուրս գալ՝ ոչնչով չեն տարբերվի Թալեաթից ու Էնվերից: Իմ քայլերում ոչ մի հաշվենկատություն չկա, վստահ եղեք, ու այդ քայլերի արձագանքները շուտով կլսեք: Եթե կան բաներ, որոնցից հնարավոր է խուսափել, ճշմարտությունից հնարավոր չէ փախչել, հարյուրավոր վկաներ կան: Սուտ հերյուրանքներ տարածեցին իմ մասին, գործ սարքեցին… Բավականին բարձրաստիճան ու պատասխանատու պաշտոնյան զենքի համար գումարներ էր վերցրել, բայց իր աշխատասենյակն էր կահավորում… ո՞ւր պիտի փախչի այդ մարդը ճշմարտությունից: Իրականությունը հետապնդելու է այն մարդկանց, պաշտոնյաներին, ովքեր Հայաստանի համար այս հիմքը դրեցին, այս ցեղասպանությունը սկսեցին: Ինչի՞ ենք այլոց մեղադրում: Մեղքը մեր մեջ է: Մենք ենք դրել այն հիմքը, որ այսօր խանութի ու բազարի տերերը մեր իդեալներն են: Ամոթ է, որ ազատամարտիկն այսօր իր երկրում հացի խնդիր ունի: Ավելին, որ այդ խնդիրը լուծելու համար դուրս է գալից բողոքի ցույցի, հացադուլի է նստում»:

Տարիներ առաջ վերլուծելով համաշխարհային բանկային համակարգը՝ Խաչատրյանը համակարգի պարագլուխներին «շակալներ» էր անվանել (https://argumenti.ru/ economics/2013/02/233887)՝ այն դեպքում, երբ, ասենք, թեկուզ հենց ՌԴ-ում բանկային համակարգն ավելի լիբերալ է՝ ցածր տոկոսադրույքներ, առանց գրավի վարկեր, առանց բյուրոկրատական քաշքշուկների գործարքներ, եթե մարդն օրինական աշխատում է: Այդ հարցազրույցը բավականին մեծ տարածում ունեցավ, 186 երկրներում այն ցուցադրվեց, Հայաստանում այն չի հրապարակվել: Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ ծանո՞թ է ինքը հայաստանյան բանկային համակարգին, ինչպե՞ս այն կբնութագրի: «Միայն շակալը կարող է դրսից բերված գումարներով, ոչինչ չտալով՝ տեղական բանկային խլուրդների միջոցով մարդկանցից խլել իրենց 30-40 տարվա բնակարանները, ոսկյա զարդերն ու այլ հարստություններ ու ահռելի տոկոսներ էլ պահանջել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Բանկային համակարգը, որը ներդրված է Հայաստանում, մշակված է Հայաստանը դատարկելու համար: Որեւէ պետություն իր երկիրը չի դատարկում՝ բացի Հայաստանից: Երեւանը դատարկվում է հայերից, ու տեսեք, թե ովքեր են մեր մայրաքաղաքում գալիս բնակարաններ գնում: Էլ չեմ ասում գյուղական բնակավայրերի մասին. ամբողջովին դատարկվել են: Հայաստանում մնացած մարդկանց 80 տոկոսը վարկերի տակ է: Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ այդ համակարգը պետք է կանգնեցնել: Եթե ոչ, ապա հեղափոխություն է պետք անել: Ինձ կմեղադրեն, թե ոչ՝ էական չէ. ես կոչ եմ անում հեղափոխություն անել, քանի որ երկիրը դատարկվում է, ու այսօր դրա դեմն առնել է պետք»:

Արբակ Խաչատրյանը ՌԴ «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահի խորհրդականն է, սերտորեն համագործակցում է նաեւ Հայաստանում գործող «Հակակոռուպցիա» հասարակական կազմակերպության հետ: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս է շարունակվելու պայքարը «Հակակոռուպցիայի» շրջանակներում: Մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ի՞նչ կերպ են տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանից գողացված գումարները ետ բերվելու, ետ բերելու տարբերակներ ընդհանրապես կա՞ն: Խաչատրյանն ասաց, որ ավելի մանրամասն առաջիկայում այդ մասին կխոսի Գառնիկ Մարգարյանը՝ «Հակակոռուպցիա» կազմակերպության ղեկավարը, որը համագործակցում է համանուն կազմակերպությունների ղեկավարների հետ. «Ես տեղյակ եմ, որ այդ առիթով մշակված ծրագրեր կան. առաջին քայլը պետք է լինի դեսպանատներին դիմելը: Մի՞թե ԱՄՆ-ի նման պետությունը, որը տարեկան, ասենք,  500 միլիոն օգնություն է տալիս Հայաստանին, չի հասկանում, որ նույն Հայաստանից տասնապատիկ անգամ ավելի միլիոնների, անգամ միլիարդների հասնող գումարներ են գնում իրենց բանկերը, որոնց սեփականատերերը տեղական տարբեր դասի չինովնիկներ, կոռուպցիոներներ ու կաշառակերներ են»: «Հակակոռուպցիան» կդիմի դեսպանատներին՝ պահանջելով ստուգել այդ մարդկանց ունեցվածքի աղբյուրները եւ վերադարձնել երկրից գողացված գումարները երկրին: Այդ պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների անուններն ու անօրինական ձեռք բերած գումարները, հաշիվները կհրապարակվեն: Հայ ազգը պետք է իմանա, որ ինքը կարող է ստիպել արտասահմանյան պետություններին, որպեսզի վերադարձնեն այդ գումարները: Տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքները պետք է ակտիվ բողոքի ակցիաներ կազմակերպեն՝ տվյալ պետությունից պահանջելով Հայաստանից գողացված գումարները վերադարձնել երկրին: Վաղ թե ուշ մենք կհասնենք մեր նպատակին, քանի որ ամբողջ աշխարհի տնտեսությունն է քանդվում, եւ բանկային խլուրդները՝ որ երկրում էլ նրանք լինեն, չեն կարողանալու պահել համակարգը: Այդ չինովնիկներն էլ կհասկանան, որ ավելի լավ է այսօր իրենք պատասխան տան իրենց արարքի համար, քան տարիներ հետո իրենց երեխաները իրենց մեղքի խարանն իրենց վրա վերցնեն: ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետն այնպիսի մի անգրագետ պատասխան է տվել «Հակակոռուպցիայի» հարցմանն ի պատասխան, որը շշմեցուցիչ է. ավելի անգրագետ պատասխան դժվար էր ակնկալել: Այդ մարդիկ, ովքեր պատվեր են կատարում, պետք է հասկանան, որ իրենք էլ են պատասխան տալու»,- ասաց մեր զրուցակիցը:

«Հակակոռուպցիան» կդիմի դեսպանատներին՝ արգելափակելու նաեւ այդ մարդկանց ու նրանց ընտանիքի անդամների մուտքն իրենց երկրներ: Առանձին դեպքերով հստակ կներկայացվի պատճառաբանություն, թե ի՞նչն է պատճառը եւ ո՞ր միջազգային նորմով է նման պահանջը հիմնավորվում. «Բոլորը պետք է հասկանան, որ պատասխան են տալու իրենց քայլերի համար. մինչեւ դա չլինի, կատարողը չի կարող իր ղեկավարի դեմ դուրս գալ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031