Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանման վերաբերյալ

Հուլիս 25,2013 14:20

Նման մոտեցումը հակասում է Սահմանադրության 29 հոդվածին

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի գնի 50 տոկոսով թանկացման դեմ քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաների կապակցությամբ ոստիկանությունը մի պարզաբանում է տարածել, որով հղում կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածին եւ 26-րդ հոդվածի 1-ին մասին՝ պարզաբանել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, եւ հավաքի մասնակիցների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ՀՀ ոստիկանությունը իրազեկում է, որ նշված հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, դրանց վրա չեն կարող տարածվել օրենքի 3-րդ գլխով սահմանված՝ առանց իրազեկման անցկացվող հավաքներին վերաբերող կանոնները, հետեւաբար՝ նշված հավաքները պետք է անցկացվեն օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ» (տես՝ www.aravot.am/2013/07/24/269365/):

Գտնում եմ, որ նման պարզաբանմամբ ոստիկանության քայլերը միտված են հանրությանը զրկելու Սահմանադրության 29-րդ հոդվածով՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով երաշխավորված՝ հավաքներ անցկացնելու եւ դրանց մասնակցելու իրավունքն իրականացնելու հնարավորությունից:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ, իսկ 24-րդ հոդվածի համաձայն՝ եթե կազմակերպչի հիմնավոր կարծիքով հավաքին մասնակցելու է ոչ ավելի, քան 100 մասնակից, ապա իրազեկում ներկայացնելը պարտադիր չէ։

Չեմ տեսել, ոստիկանությունն էլ չի նշել որեւէ կանգառ (վայր), որտեղ 50, 100, առավել եւս մի քանի հարյուր բողոքի ակցիայի մասնակից լինի: Այն կանգառում (հավաքի վայր), որտեղ բողոքի ակցիա է իրականացվում, առավելագույնը 10-15 մասնակից է լինում: Նշում չկա նաեւ հավաքի կազմակերպչի մասին: Սա այն դեպքում, եթե հավաքը ինքնաբուխ չէ, իսկ ինքնաբուխ հավաքի դեպքում իրազեկման կանոն չի էլ գործում:

Ինչ վերաբերում է նրան, որ հավաքները շարունակվում են արդեն մի քանի օր, ուստի չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, եւ խոսք էլ չկա շտապ հավաքի մասին, ապա այս մոտեցումն ամենավտանգավորն է հավաքներ անցկացնելու՝ անձանց սահմանադրական իրավունքի սահմանափակման առումով:

Այսպես, շտապ հավաքը կազմակերպվում եւ անցկացվում է որեւէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով, եթե այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում, իսկ ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ՝ ինքնաբուխ հավաք)։

Եթե ոստիկանությունը գտնում է, որ ինքնաբուխ կամ շտապ հավաքը պետք է սահմանափակվի մեկ օրով, եւ հաջորդ օրերի հավաքը չի կարող լինել ինքնաբուխ կամ շտապ, ապա ստացվում է, որ որեւէ (որոշակի) իրադարձության վերաբերյալ հավաք կարելի է անցկացնել միայն առաջին օրը, եւ որեւէ պայմանում իրավական հնարավորություն չկա (ըստ ոստիկանության պարզաբանման տրամաբանության) իրականացնելու հաջորդ 6 օրը, քանի որ 100 մասնակիցը գերազանցող հավաքի մասին (բացառությամբ ինքնաբուխ եւ հրատապ հավաքների) առնվազն 7 օր առաջ պետք է իրազեկում ներկայացվի:

Նման մոտեցումն ուղղակի հակասում է Սահմանադրության 29 հոդվածին:

Այլ բան է, որ ինքնաբուխ հավաքի չափանիշ չի կարող լինել օրերի քանակը:

Այսքանով հանդերձ՝ մինչեւ 100 մասնակից ունեցող հավաքների իրականացման համար նախապես իրազեկման կանոն չի գործում, եւ հաշի առնելով այն, որ որեւէ կանգառում 100 մասնակիցը գերազանցող բողոքի ակցիա չի իրականացվել, հավաքները չեն կարող որակվել որպես օրենքի պահանջների խախտմամբ իրականացվող՝ իրազեկման առումով:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

իրավաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031