Հասարակությունն ու Սերժ Սարգսյանը պետք է մնան դեմ առ դեմ
Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման արդյունքում բողոքի ալիքի հետ կապված որոշում պետք է ընդունի իշխանությունը, եւ դա քաղաքական որոշում պետք է լինի: Հասարակական ընդվզման ակցիան պետք է շարունակի մնալ ապաքաղաքական:
Մինչդեռ վերջին մեկ-երկու օրերին ականատես ենք դառնում հակառակ պատկերի: Նախ՝ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից լսում ենք աշխարհացունց մտքեր: Մեկը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ, նշելով, թե՝ «Հայաստանի գլխին սարքվում է», ապա հիմնավորում է. «Գլխին սարքելը այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, եւ գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետեւ էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրո՞ւմ, թե՞ դեպի Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերեւների, գիգանտների կռիվը ներքեւում ինչ-որ արձագանք է ստանում»։
Մեկ ուրիշ ՀՀԿ-ական պատգամավոր «զարմանում» է, թե ինչու նույն մարդիկ նույն ձեւով՝ «կազմակերպված չեն բողոքում, օրինակ, կարտոֆիլի թանկացման դեմ, կամ չգիտեմ, ամեն ինչի թանկացման դեմ ինչի չեն բողոքում», ուստի ասվածից բխեցվում է, որ ուրեմն՝ «նշանակում է կազմակերպողներ կան…»:
Կարդացեք նաև
Իշխող կուսակցության ներկայացուցիչները, որոնք ինքնամոռաց լծվել են Տարոն Մարգարյանի որոշումը արդարացնելու գործին, տվյալ պարագայում ավելի արդյունավետ կլիներ՝ լռեին, քանի որ հասարակական ճնշման արդյունքում եթե իշխանություններն, այնուամենայնիվ, վերանայեն իրենց որոշումը, նման «ջախջախիչ» հիմնավորումներով նրանք բավական ծիծաղելի դրության մեջ կհայտնվեն:
Վերջին երկու օրերին նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ներթափանցեցին բողոքի ակցիաների ընթացքի մեջ: Իհարկե, ցանկացած անհատ, անկախ նրանից՝ կուսակցական է, թե անկուսակցական, ազատ է իր քաղաքացիական կեցվածքը դրսեւորելու որեւէ հասարակական, սոցիալական խնդրի առնչությամբ:
Սակայն մեր օրերում հասարակությունն ամենաշատը քաղաքական դեմքերից է հոգնել, ու թերեւս հենց սա է պատճառը, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիան ծնվեց այլ դաշտում, եւ հենց դրանում է այս ընդվզման ամբողջ ուժն ու հմայքը: Եվ եթե մի պահ պատկերացնենք, որ այս ակցիաների գործող անձինք ակցիաների մեկնարկին կարող էին լինել, օրինակ, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, ապա չենք կարող վստահաբար պնդել, որ արդյունքը կլիներ այնպիսին, ինչպիսին այսօր է:
Քաղաքական ուժերը այնքան մեծ նպատակներ ու պահանջներ են թողել անիրականանալի (նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ պարտադրելուց մինչեւ հերթական ընտրություններում ռեժիմը «կազմաքանդելը»), որ նրանց ներկայությունը ավելի փոքր ու կոնկրետ խնդրի առնչությամբ տարվող գործընթացներում անգամ կրկին անիրագործելի դարձնելու վտանգի առջեւ է կանգնեցնում օրվա նպատակը:
Վերջին իրադարձությունները առհասարակ զերծ չեն նոնսենսներից: ԲՀԿ-ականները դուրս են գալիս, մասնակցում են մայրաքաղաքային ակցիաներին, լուսանկարվում եւ իրենց մասնակցությունը հաստատող մամլո հաղորդագրություններ տարածում, մեկ այլ ԲՀԿ-ական գծատեր պատգամավոր արդարացնում է քաղաքապետի որոշումը: Մեկ այլ ԲՀԿ-ականի կազմակերպություն էլ աջակցում է ակցիաներ իրականացնողներին: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, օրինակ, «Ֆեյսբուք»-ում շնորհակալություն էր հայտնել «Սիվիլիթաս» հիմնադրամին՝ իրենց «160 լիտր բենզինի կտրոն տրամադրելու համար»:
Քաղաքական ուժերը, պատգամավորները թերեւս գործընթացին այլ ձեւով կարող են աջակցություն ցուցաբերել՝ խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրելու պահանջով կամ ավագանու նիստերում քաղաքապետի որոշման դեմ հակափաստարկներ ու պահանջներ ներկայացնելով: Եվ վատ չէր լինի, որ գազի սակագնի բարձրացման դեմ էլ քաղաքական ուժերն ու այրերը նույն կերպ վարվեին, իսկ նրանց համակիրներն էլ իշխանություններին ու ռուսական կողմին ճնշելու ճանապարհին ակցիաներ անցկացնեին, ոչ թե պատրաստի բողոքի ալիքի եւ ընդվզման հմայքը խամրեցնեին: Նրանք բոլորն էլ մինչ այժմ բազմաթիվ առիթներ ունեցել են իրենց ուժն ու վճռականությունը ցուցադրելու: Սակայն պարզվեց՝ մեկը քաղաքական պայքարն ու իշխանական բուրգի «կազմաքանդումը» մեկ այլ ուժի օգնությամբ է տեսնում, մյուսը՝ աղոթքների միջոցով…
Հասարակությունը, քաղաքացիական ապաքաղաքական լուսավոր շարժումն ու Սերժ Սարգսյանը պետք է մնան դեմ առ դեմ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Հիշեք Արևն ու Քամին հեքիաթը: Միայն լույսով, ջերմությամբ ու բարիությամբ կարելի է հաղթել չարին: Ժողովուրդը իմաստուն է, նա կհաղթի: