Եվ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության, եւ ՌԴ բարձրաստիճան ղեկավարության կողմից որեւէ մեկը չի լսել, որ կամ-կամի առաջարկ անեն Հայաստանին: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը`հավելելով, որ այդ պատճառով, Հայաստանը պետք է ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների վրա կառուցի իր քաղաքականությունը, այլ համադրման ճանապարհով իր հարցերը լուծի, ինչը այս տարիների ընթացքում շատ լավ ստացվել է:
«Մեր բարձրաստիճան պարտնյորները եւ ԵՄ-ում եւ ՌԴ-ում շատ լավ հասկանում են այս խնդրի մոտեցումը: Ի վերջո, պետք է նաեւ մի հանգամանք էլ հասկանալ. ԵՄ ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին մուտք գործել եվրոպական շուկա: Հայաստանյան շատ հզոր ընկերություններ ռուսական կապիտալով ընկերություններ են: Սա նշանակում է, որ այս դեպքում համադրվում են մեր շահերը, որ Հայաստանում գրանցված եւ գործող ռուսական ընկերությունները կարող են մուտք գործել արեւմտյան շուկա»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա, Հայաստան-ԵՄ մերձեցումը հակասության մեջ չի կարող գտնվել մեկ այլ համագործակցության եւ ինտեգրման ուղղության հետ. «Երկուսն էլ մեր պետության համար շատ կարեւոր են»:
Կամ-կամ-ի կողմնակիցներին բանախոսն ասաց`Հայաստանը պետք է առաջնորդվի ոչ թե Արեւմուտքի կամ ՌԴ-ի շահերով, այլ առաջնորդվել եւ առաջնորդվելու է իր պետական եւ ազգային շահերով. իսկ դա ենթադրում է խորացնել ռազմաքաղաքական դաշնակցությունը ՌԴ-ի հետ, ԱՊՀ երկրների հետ, նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ համագործակցություն սկսել արեւմուտքի հետ:
Կարդացեք նաև
«Հայաստանի իրական բարեկամները նրանք են, նաեւ ովքեր հասկանում եւ ընկալում են մեր ազգային, պետական շահը, հարգանքով են վերաբերվում մեր պետության ձգտումներին`բարեկամություն անել նաեւ այլ աշխարհաքաղաքական միավորների հետ: ԵՄ-ն քրիստոնեական արժեհամակարգի վրա ձեւավորված միություն է, ինչը ռուսներին էլ օտար չէ»:
Կամ-կամի առումով վերջերս Լեհաստանի նախագահի արած հայտարարությունների մասով էլ բանախոսը նկատեց, որ նա ԵՄ անդամ երկրներից մեկի նախագահն է եւ որեւէ կերպ չի ներկայացնում ԵՄ-ի ընդհանրական տեսակետը:
Ըստ Նիկոյանի ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ՌԴ-ի քաղաքական շահերը Հարավային Կովկասում որեւէ ձեւով, գոնե Հայաստանի մասով չեն կարող նվազում ապրել. «ՌԴ-ի հետ մենք ունենք համագործակցության այնպիսի մակարդակ եւ այնպիսի ոլորտներ, որը չի ենթադրում կամ-կամ: Եվ մեզ մոտ համեմատությունը երբեք էլ այն հարթության մեջ չէ, ասենք, ավելի լավի կամ լավի: ՌԴ-ի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները անփոխարինելի են եւ որեւէ ձեւով չի նշանակում, որ ԵՄ-ի հետ մեր զարգացումները ի վնաս ՌԴ-ի քաղաքական կամ տնտեսական շահերի են: Հայաստանում որեւէ մեկի մտքով դա չի անցնում ու կգա ժամանակը, որ դա հասկանալի կլինի բոլորին»:
Նիկոյանը նկատեց, որ ԵՄ մտնելու հեռանկարի առումով քննարկումներ չեն եղել: Հայաստանի իշխանությունը տեսանելի ապագայում ԵՄ-ի անդամակցության խնդիր չեն դնում, ԵՄ-ն էլ այդպիսի ծրագրեր չունի Հայաստանի մասով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ