Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌուսալԱրմենալ»-ի աշխատակիցների հարցը կլուծվի միմիայն կառավարական մակարդակով

Հուլիս 25,2013 14:06

Աշխատակիցները պատճառաբանում են, թե գլանման արտադրամասը համարվում է առողջության համար  վնասակար, մինչդեռ ՀՀ  կառավարության որոշմամբ  հաստատված ցուցակներում այդ արտադրամասը ներառված չէ ծանր, վնասակար կամ առանձնապես վնասակար աշխատանքների ցանկում:

Երկու տարի առաջ «ՌուսալԱրմենալ» գործարանի գլանման  արտադրամասի 101 բանվորների ներկայացրած՝ վնասակար  պայմանների  համար աշխատավարձի  հավելավճարի պահանջն առ այսօր չի բավարարվել, այն այսօր էլ շարունակում է մնալ օրակարգային: Դատական ատյաններում  101 աշխատողների  ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նրանց  վստահեցրել է, որ իրենք որպես  վնասակար  պայմաններում աշխատողներ պետք է  օգտվեն «Պետական  կենսաթոշակի  մասին» ՀՀ  օրենքի 10-րդ հոդվածով սահմանված  վաղաժամ կենսաթոշակի անցնելու իրավունքից, ՀՀ աշխատանքային  օրենսգրքի  համաձայն՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդից, ինչպես  նաեւ  ՀՀ Աշխատանքային  օրենսգրքի 183 հոդվածով սահմանված՝ աշխատավարձի  հավելումից: Թեեւ առաջին ատյանի դատարանի  ընդունած որոշման համաձայն՝ գործարանը բանվորներին պետք է  վճարի աշխատավարձի 50%-ի չափով  հավելավճար, սակայն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների կողմից բանվորների հայցապահանջը մերժվել է:

«ՌուսալԱրմենալ» ընկերության աշխատակազմային տնօրեն Սվետլանա Լեւենի ներկայացմամբ՝ գործարանի ղեկավարությունն առաջնորդվում է ՀՀ Աշխատանքային  օրենսգրքով. «Դատարան դիմած աշխատողների պահանջը հիմնավորված չէ: Նրանք  պատճառաբանում են, թե գլանման արտադրամասը համարվում է առողջության համար  վնասակար, մինչդեռ ՀՀ  կառավարության որոշմամբ  հաստատված ցուցակներում այդ արտադրամասը ներառված չէ ծանր, վնասակար կամ առանձնապես վնասակար աշխատանքների ցանկում: Եթե ՀՀ  կառավարությունը վերանայի իր որոշումը եւ ընդունի նոր որոշում, ապա մենք  կառաջնորդվենք դրանով»:

Նշենք, որ խոսքը ՀՀ  կառավարության 02.12.2010թ. թիվ 1698-Ն որոշմամբ հաստատված ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների եւ պաշտոնների N 1 եւ առանձնապես ծանր, առանձնապես  վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների  եւ պաշտոնների N 2 ցանկերի մասին է, որոնցում գործարանի 101 աշխատակիցների մասնագիտություններն ընդգրկված չեն:

Ընկերության արտադրության գծով տնօրեն Լեռնիկ Իսոյանի փոխանցմամբ՝  աշխատանքի  ընդունվելուց առաջ աշխատողները ծանոթանում են աշխատանքային   պայմաններին եւ նոր միայն դիմումով ընդունվում աշխատանքի:

«Աշխատանքային  պայմանագրի որեւէ  կետ  չի  խախտվում, աշխատանքային  ժամերի քանակը չի գերազանցում օրենքով սահմանված ժամերը: Առ այսօր երկար տարիներ աշխատած բանվորներից ոչ մեկը մասնագիտական  հիվանդություն ձեռք  չի բերել: Այնպես որ՝ ձեռնարկության ղեկավարությունն  իր դիրքորոշումը  հիմնավորում է ՀՀ   կառավարության ընդունած որոշմամբ»,- պարզաբանում է պարոն Իսոյանը:

Այս առնչությամբ «ՌուսալԱրմենալ» գործարանի արհմիությունների կոմիտեի նախագահ Գայանե Բրուտյանը հայտնեց, որ անցյալ տարի ՀԱՄԿ-ի անդամ լեռնագործների,  մետաղագործների եւ ոսկերիչների արհեստակցական միությունների ՃՀՄ-ի նախագահ Անաստաս Փահլեւանյանի եւ ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանի հետ քննարկվել է կառավարության  կողմից  հաստատված ցուցակներում վերոհիշյալ արտադրամասի բացակայության խնդիրը: Ըստ նրանց՝ եզրակացությունը  մեկն է, հարցը հնարավոր է լուծել  կառավարության  մակարդակով: «ՌուսալԱրմենալ» ընկերության աշխատողների  պահանջը  կարող է  բավարարվել միմիայն ՀՀ  կառավարության կողմից  հաստատված  վնասակար աշխատանքների ցուցակների եւ  ընդունած որոշումների վերանայման  դեպքում:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031