ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրում են Սիսակյան 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչները
«Աջափնյակ համայնքի Սիսակյան փ. թիվ 3 բազմաբնակարան հանրակացարանային շենքը տեխնիկապես գտնվում է ծայրահեղ ծանր եւ խիստ վատթար վիճակում: Խարխլված պատերից գրեթե ամեն օր տեղի է ունենում քարաթափում: Շենքի աջակողմյան եւ ձախակողմյան անկյունային պատերն իրենց հարակից սանհանգույցներով ու պատշգամբներով հանդերձ՝ ամեն վայրկյան ենթակա են փլուզման, ինչը մեծ վտանգ է ներկայացնում նախ բնակիչների, ապա նաեւ պատահական անցորդների կյանքի համար, որովհետեւ շենքի վթարային հատվածները հարում են երթեւեկելի փողոցին»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումում գրում են Սիսակյան թիվ 3 վթարային շենքի բնակիչները:
Նշենք, որ նախկին «Մետաքս» կոմբինատին պատկանող Սիսակյան 3 բազմաբնակարան շենքը ՀՀ կառավարության 13.03.1997թ. հ. 42 որոշմամբ ընդունման-հանձնման ակտով հանձնվել է Աջափնյակ թաղային համայնքին: Սակայն մինչ օրս շենքի նկատմամբ համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում չի կատարվել. «Հարկ է նշել, որ շենքից բնակիչներին անհապաղ տեղահանելու առաջարկությունն ամրագրվել է դեռեւս 2007թ. օգոստոսի 31-ին, «Հայսեյսմշին» եւ ԿՊ ԳՀԻ ԲԲ ընկերության կողմից տրված եզրակացության համաձայն՝ շենքի խոցելիության աստիճանը գնահատվել է բարձր, իսկ վթարայնությունը դասվել է չորրորդ աստիճանի, ինչի արդյունքում այն ընդգրկվել է քանդման ենթակա շենքերի եւ վերաբնակեցման խիստ առաջնահերթության խմբում: Այնուհետեւ ՀՀ քաղաքաշինության նախարարի 25.12.2007թ. հ.Քն-23/5620 գրությամբ ներկայացված է վերոգրյալ «Հայսեյսմշին» ԿՊ ԳՀԻ ԲԲ ընկերության կողմից տրված եզրակացության ու պայմանավորված ՀՀ կառավարության 25.02.2009թ. 172 Ն որոշմամբ՝ ինչպես նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի ստորագրությամբ հրահանգված էր, որ 2009-11 թթ. Սիսակյան փ. հ. 3 շենքի բնակիչների վերաբնակեցման խնդիրը պետք է ամբողջովին լուծել: Հիմա էլ անակնկալ կերպով շենքն ընդգրկվել է ՀՀ 2013-15թթ. միջնաժամկետ ծրագրի ՀՀ քաղաքաշինության նախարարության ֆինանսավորման հայտում, ինչը զարմանք ու զավեշտ է հարուցում, քանի որ շենքի տեխնիկական եւ խիստ վատթար վիճակն անբավարար է եւ չի կարող դիմակայել մինչեւ 2015թ.»,- մտահոգություն են հայտնում բնակիչները:
Դեռեւս 2007թ. վթարային շենքի բնակիչները ահազանգում, հորդորում ու բողոքում են քաղաքապետին, ՀՀ նախագահին ու վարչապետին, սակայն ստանում են միայն մի պատասխան՝ «ուղիներ ենք փնտրում հարցը լուծելու»: Բնակիչների խոսքերով՝ վերաբնակեցման ուղղությամբ ոչ մի լուրջ աշխատանք չի տարվել. «2007թ. սկսած մի քանի թաղապետ, քաղաքապետ եւ քաղաքաշինության նախարար է փոխվել, սակայն ոչ միայն մարդկային բազմաթիվ կյանքեր են անուշադրության մատնվել, այլեւ դրվել են անխուսափելի վտանգի տակ: Պետական համակարգի անտարբերության եւ բյուրոկրատական քաշքշուկի հետեւանքով ցանկացած պահի կարող են բազմաթիվ կորուստներ լինել, ու դրանից հետո նոր կգիտակցեն, սակայն արդեն ուշ կլինի: Այս պահին բնակիչների վերաբնակեցումը չափից ավելի հրատապ խնդիր է, առավել եւս, որ այն չորրորդ աստիճանի է ճանաչվել դեռեւս 6-7 տարի առաջ:
Կարդացեք նաև
Մենք սկզբնապես կառուցողական եւ շինարարական ոգով ազգ ենք եղել ու այդպիսին էլ կանք: Բայց այսօր, ցավոք սրտի, մեր պետական այրերն իրենց հայրենիքում սեփական ազգին անգութ եւ հանցագործ անտարբերության մատնած՝ չորրորդ աստիճանի վթարային բազմաբնակարան շենքի 130 տուն-տնտեսության մեծից մինչեւ նորածին բնակիչներին արդեն 7 տարի է՝ ենթարկում են մահվան սպառնալիքի, այն է՝ մնալու փլատակների տակ: Մենք համոզված ենք, որ անընդունակ աշակերտի նմանվող մեր վերադաս մարմինների մի քանի պետական այրերի անհրաժեշտ է շտապ ուսուցանել, սերտել հումանիզմի եւ բարոյականության տարրական չափանիշները:
Հարգելի նախագահ, ըստ ՀՀ Սահմանադրության՝ Դուք եք ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորը: Ուստի խնդրում ենք Ձեզ իսկապես տալ մեզ անվտանգության այն երաշխիքը, որն անհապաղ կփրկի մեզ փլատակների տակ մնալուց:
Խնդրում ենք Ձեզ Ձեր հրահանգող կարգադրությամբ վերջապես լուծում տալ Սիսակյան փ. 3 բազմաբնակարան, չորրորդ աստիճանի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման խնդրին»:
Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ