Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայում կարեւորում են որակը

Հուլիս 25,2013 13:55

Գերակշռում են պետպատվերով ընդունվածները

Այս տարին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համար հոբելյանական է՝ լրանում է բուհի 90-ամյակը: Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի պետական երաժշտական կոլեկտիվների, երաժշտական թատրոնների արտիստները բացառապես այս բուհի շրջանավարտներ են, արդեն խոսուն է, իսկ հերթով թվարկել հանրապետությունում եւ ինչ-ինչ պատճառներով արտերկրում գործունեություն ծավալած կոնսերվատորիայի շրջանավարտ բարձրակարգ ու անվանի երաժիշտների անունները, այս դեպքում ավելորդ է, որովհետեւ նրանք բազմաթիվ են: Կարճ ասած՝ այս մշակութային օջախի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի արդյունքը համարվող նրա շրջանավարտների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին մշտապես խոսել ու գնահատել է աշխարհը: Ակնհայտ են նաեւ այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են վերջին տարիներին՝ ձեւավորելով կոնսերվատորիայի նոր շրջանը, բայց հաճախ հակասություններով լի, որն իր վրա կրեց երկրի պատմության դժվարությունները:

Այսօր Երեւանի կոնսերվատորիան ինտեգրվում է համաշխարհային երաժշտական կրթությանը, փոխշահավետ համաձայնագրեր կնքում արտերկրյա առաջավոր ուսումնական հաստատությունների հետ, նպատակ ունենալով ներդնել այն նորն ու հետաքրքիրը, որը գոյություն ունի աշխարհում:

«Առավոտը» Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ արդյունքներ են արձանագրվել «հոբելյանական» ընդունելության քնննություններից հետո: «Մեր բուհ էր դիմել մոտ 180 դիմորդ, նրանցից 150-ին հաջողվեց հաղթահարել ընդունելության շեմը,- ասաց ռեկտորը, շարունակելով,- պետք է ասեմ, որ վերջին երկու տարիներին ուշադրություն ենք դարձնում ոչ թե քանակի, այլ որակի վրա: Գաղտնիք չէ, որ մինչ այդ բուհ դիմած համարյա բոլոր դիմորդներն ընդունվում էին, ինչը, համոզված եմ, սխալ մոտեցում էր, քանի որ բարձրագույն երաժշտական կրթություն ստանալ ցանկացող դիմորդը անհրաժե՛շտ է, որ ունենա մասնագիտական նախնական լավ կրթություն»:

Պարոն Շահինյանը տեղեկացրեց, թե դիմորդների գերակշիռ մասը՝ մոտ 90 հոգի, ընդունվել է պետպատվերով: Այս փաստը որակելով հաջողություն, նշեց, որ նախորդ տարիներին պետպատվերը եղել է 35-40%: Ասվածն էլ մանրամասնեց. «Այս տարի կառավարության օժանդակությամբ կրթության եւ գիտության նախարարությունը պահուստային ֆոնդերի հաշվին է ավելացրել պետպատվերը»: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե ոչ մի լավ պատրաստված երաժիշտ-դիմորդ դուրս չի մնացել պետպատվերի շրջանակներից:

Ռեպլիկին, թե վճարովի համակարգն, ինչ խոսք, հսկայական օգուտ է բուհին, ռեկտորը հակադարձեց, թե իրենց դեպքում դա օգուտ չէ, հավելելով. «Վճարովի համակարգում, որտեղ վարձը 600.000 դրամ է, ուսանողները վճարում են ստացած բարձրակարգ կրթության ընդամենը 50%-ը: Սա է պատճառը, որ այս տարի ստիպված եղանք վարձավճարները փոքր-ինչ բարձրացնել»: Իսկ թե ինչու է 600.000-ը կազմում ստացած կրթության 50%-ը, Շահեն Շահինյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Ի տարբերություն այլ բուհերի, մեզ մոտ պարապմունքները անհատական են, ինչքան ուսանող ունենք՝ այնքան էլ դասախոս: Սա է պատճառը, որ ընդհանրապես բարձրագույն երաժշտական հաստատություններում կրթությունը թանկ արժե: Իսկ մեր դեպքում ձեռնտու է ավելի շատ պետպատվերով տեղեր, քան վճարովի»:

Խոսելով կոնսերվատորիայի համար հոբելյանական տարվա մասին, Շահեն Շահինյանն ասաց, որ այդ առիթով դեռեւս տարեսկզբից են սկսվել բազմաթիվ միջոցառումներ. «Հավանաբար ուշ աշնանը կունենանք հոբելյանական տարին ամփոփող մեծ գալա-համերգ, որին հնարավորության դեպքում կհրավիրենք նաեւ արտերկրյա մեր կոլեգաներին»: Զրույցի ընթացքում ռեկտորը քանիցս կրկնեց, որ կոնսերվատորիայի ամենամեծ ու անհերքելի ձեռքբերումն այն է, որ աշխարհն է ճանաչում Երեւանի կոնսերվատորիան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031