Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճիշտ նախաձեռնություն

Հուլիս 25,2013 13:50

Վերջերս հրապարակվեցին բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականների մրցույթի արդյունքները, եւ քանի որ այն նորություն էր Հայաստանի գիտական կյանքում, գիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում են ոչ միայն արդյունքները, այլեւ մրցույթի բուն գաղափարը: Մենք հարմար գտանք որոշ նկատառումներ հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ:

Առաջին հերթին, պետք է նշել, որ Գիտության պետական կոմիտեի այս քայլը ոչ միայն համարձակ է, այլեւ սկզբունքորեն ճիշտ եւ արդյունավետ: Թերեւս ավելորդ է հիշեցնել, որ ցանկացած ոլորտում լավ աշխատանքը պետք է գնահատվի, հակառակը որեւէ լավ բանի չի կարող հասցնել: Գիտության մեջ գնահատման հիմնական չափանիշը գիտնականի տված պրոդուկցիան է ու դրա որակը: Համենայն դեպս՝ բնական գիտությունների ասպարեզում դա ճանաչված (բարձր Impact Factor ունեցող, որ նույնն է՝ ամենաշատ ընթերցվող) գիտական պարբերականներում հոդվածների քանակն է, ինչը բնորոշում է գիտնականի ակտիվությունը, եւ այդ աշխատանքների վրա եղած հղումների քանակը, որը խոսում է դրանց որակի, արժեքի, առնվազն՝ դրանց առաջացրած հետաքրքրության մասին:

Այս քայլի, որը, հուսով ենք, շարունակական է լինելու, գլխավոր նպատակը գիտության ֆինանսավորման արդյունավետությունն ու հետազոտությունների որակը բարձրացնելն է, իսկ հետեւանքները երկար չեն սպասեցնի, կերեւան մոտակա տարիներին: Ի վերջո, ամեն գործ, նախաձեռնություն պետք է գնահատվի իր արդյունքներով: Կմեծանա՞ աշխարհի լավագույն գիտական պարբերականներում մեր գիտաշխատողների հրապարակումների թիվը, թե՞ կնվազի: Համոզված եմ՝ կմեծանա, իսկ թերահավատների թիվը պետք է որ նվազի:

Բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականներին խրախուսելու քայլով ցուցաբերվել է պրոֆեսիոնալ մոտեցում, նաեւ լուրջ աշխատանք է կատարվել աշխատանքի արդյունավետության գնահատման մեթոդաբանության մշակման ուղղությամբ, որը պետք է բարձր գնահատել: Ընդ որում, կարելի էր մեծ ճշտությամբ հաշվել վերը նշված գիտնականների կազմում ընդգրկվելու հավանականությունն ըստ նախօրոք հրապարակված բալային համակարգի, այնպես որ՝ պատահականության էլեմենտը գործնականում բացակայում էր:

Նման չափանիշներն արդեն վաղուց ոչ միայն ընդունվում են գիտավերլուծական աշխատանքներում, այլեւ այս կամ այն ձեւով լայնորեն կիրառվում են առաջադեմ գիտություն ունեցող երկրների մեծ մասում՝ գիտնականների աշխատավարձերի ու բոնուսների չափերը սահմանելիս: Իմ կարծիքով, մեզ մոտ արդյունավետ կլինի գիտաչափական մեթոդները կիրառել եւ՛ գիտաշխատողների աշխատավարձերը, եւ՛ գիտական կազմակերպությունների բազային ֆինանսավորման չափերը որոշելիս:

Ի դեպ, նշեմ, որ չեմ կարծում, թե այս մրցույթի ֆինանսավորման վրա մեծ միջոցներ են ծախսվել: Իմ հաշվարկներով՝ այն կազմում է գիտության տարեկան բյուջեի 1- 1,5%-ի կարգի գումար, սակայն էֆեկտն անհամեմատ ծանրակշիռ է լինելու: Չեմ կարծում նույնպես, որ սա որեւէ մեկի աշխատանքն ու ներդրումը նսեմացնելու նպատակ ունի: Ընդամենը հայտնվում է լրացուցիչ խթան, որը միայն փողը չէ, այլ բառիս լավագույն իմաստով ազարտը, առողջ մրցակցության էլեմենտի ներմուծումը գիտական կյանք: Չմոռանանք նաեւ, որ այս հավելավճարը ընդամենը մեկ տարով է տրվում (կարծում եմ, որ առավել ռացիոնալը 2-3 տարին կլիներ), այլ ոչ թե ցմահ, ինչպես որոշ հավելավճարներ, այնպես որ շատերը լուրջ շանսեր ունեն ստացողների ցուցակում հետագայում իրենց պատվավոր տեղը գտնելու: Ես կառաջարկեի նաեւ, ֆինանսական հնարավորություններն ընդլայնվելուն զուգահեռ, մեծացնել այդ հավելավճարն ստացողների թիվը, իհարկե, ոչ մի դեպքում չիջեցնելով նշաձողը եւ առավել մեծ կշիռ տալ բուն գիտական արդյունքին՝ հոդվածներին ու հղումներին, քան կազմակերպչական գործունեությանը: Կարելի է, իհարկե, քննարկել չափանիշներից յուրաքանչյուրին տրվող կշիռը. արժե՞ր, օրինակ, կոնֆերանսների կազմակերպումը մտցնել արդյունավետության մեջ եւ այլն:

Բոլոր դեպքերում, կարեւորը սկզբունքն է, որը տվյալ դեպքում ճիշտ է ընտրված, եւ նրա հետեւողական կիրառումը, անկասկած, նպաստ կբերի Հայաստանի գիտության զարգացմանն ու միջազգային ճանաչմանը:

ԱՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ֆիզ-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գասպարյան says:

    Ես նույնպես կարծում եմ, որ ԳիտՊետԿոմի նախաձեռնությունը կարևոր էր, ժամանակին և գովելի:
    Կցանկանայի պարզաբանել. արդյոք ճիշտ է տարբեր մասնագիտությունների և բնագավառների համար սահմանել տարբեր նվազագույն շեմի արժեքներ: Դրանով կարծեք թե վերաձևավորվում է խորհրդային ժամանակներից հայտնի “հավասարեցման’ սկզբունքը: Այս պարագայում որևէ բնագավառի ներկայացուցիչ իր ավելի բարձր ցուցանիշով կարող է զիջել այլ բնագավառի ավելի ցածր անձնական ցուցանիշով գիտնականին:
    Չեմ կարծում, որ սա արդարացի սկզբունք է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031