Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նունե Բակունց. «Հեղուկի պակասը կարող է մարդու տրամադրության անկման պատճառ լինել»

Հուլիս 25,2013 13:33

«Շոգ եղանակին որքան հնարավոր է հեղուկ պետք է օգտագործել: Եթե նորմալ պայմաններում մարդը օրական խմում է 2 լիտր ջուր, ապա ամռանը մոտ 3 լիտր ջուր պետք է օգտագործել: Այն մարդիկ, որոնք սրտանոթային կամ երիկամային խնդիրներ ունեն՝ օգտագործվող ջրի քանակը պետք է քննարկեն իրենց բժիշկների հետ»,- այս մասին այսօր «Ազդակ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, իրավաբանական ապահովության բաժնի պետ Նունե Բակունցը:

Տիկին Բակունցը նշեց, որ շոգ եղանակին բացի ջրից՝ կարելի է օգտագործել նաև հանքային ջուր, ինչպես նաև ոչ գազավորված թան. «Բացի ջրից, կարելի է խմել նաև մեր ավանդական թանը, իհարկե ոչ գազավորված և ոչ շատ աղի: Այն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ ջուր, աղեր և սպիտակուց: Հեղուկը շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար, անգամ մարդու տրամադրության անկման պատճառ կարող է դառնալ հեղուկի պակասը»:

Նունե Բակունցը խորհուրդ տվեց ամռանը քիչ օգտագործել շաքար կամ կոֆեին պարունակող ըմպելիքներ. «Ճիշտ է՝ սուրճը կամ շաքար պարունակող ըմպելիքները թարմացնում են, բայց դա երկար չի տևում: 5 րոպե անց մարդ ավելի շատ հոգնածություն է զգում»:

Խոսելով ըմպելիքների ջերմաստիճանի մասին` տիկին Բակունցը նշեց, որ դրանք պետք է լինեն ոչ թե սառը, այլ զովացրած: «Ըմպելիքները պետք է խմել ոչ շատ սառը վիճակում: Սառեցված ըմպելիքը կարող է դառնալ ամառային ծանր անգինայի պատճառ»:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, իրավաբանական ապահովության բաժնի պետը նշեց նաև օրվա պլանավորման կարևորության մասին. «Պետք է պլանավորել աշխատանքային օրը այնպես, որ ժամը 12-17-ը արևի տակ չգտնվել, քանի որ դա օրվա ամենաշոգ հատվածն է: Ուլտրամանուշակագույն ճառագայթները աչքերի և մաշկի հետ կապված խնդիրների կարող են հանգեցնել: Այդ իսկ պատճառով, պետք է կրել ակնոցներ, գլխարկներ և հագնել բաց գույնի հագուստ: Այդ ժամերին հարկավոր է ուտել միրգ և բանջարեղեն, իսկ դժվարամարս ուտելիքները օգտագործել կամ առավոտյան կամ երեկոյան, երբ հով է»:

Ծովափում հանգստացող քաղաքացիներին տիկին Բակունցը խորհուրդ տվեց խուսափել արևայրուքից. «Արևայրուքը պետք է չափավոր ընդունել և ցանկալի է ոչ շատ շոգ եղանակին, քանի որ արևայրուքի չարաշահումը կարող է նպաստել մաշկի քաղցկեղի առաջացմանը»:

Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031