Ցանկացած շարժում՝ լինի դա ազգային-ազատագրական, քաղաքական, բնապահպանական, իրավապաշտպանական կամ, ինչպես հիմա է՝ «լոկալ» նպատակներ հետապնդող, հզոր է այնքանով, որքանով մարդիկ իրար լավ են վերաբերվում: Դա ռոմանտիկ երազկոտություն չէ՝ ապացուցված փաստ է: Վերջին՝ ամենահայտնի «դեպքն է» 2008 թվականին ձեւավորված համաժողովրդական շարժումը, երբ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական եւ անձնական նախասիրություններից, անկեղծորեն ցանկանում էին, որ իշխանությունը չվերարտադրվի եւ երկրում իսկապես համակարգային փոփոխություններ լինեն: Որքան խորացավ դավաճանների, «ականների», իշխանության գաղտնի գործակալների, «կոլաբորացիոնիստների» փնտրտուքը, այնքան շարժումը թուլացավ եւ մարեց:
Խնդիրն այն է, որ պետք չէ խրտնեցնել քո կողմնակիցներին կամ պոտենցիալ դաշնակիցներին չափից դուրս նեղ շրջանակների մեջ դնելով՝ սահմանափակելով այն դոգմաներով եւ «մանտրաներ» հիշեցնող ձեւակերպումներով, կարգախոսներով: Պետք է ընդունել, որ նույն նպատակի համար մարդիկ կարող են պայքարել տարբեր ձեւերով՝ իրենց մտածելակերպին եւ խառնվածքին համապատասխան: Մարդիկ պետք է հասկանան, որ յուրաքանչյուրն ի՛ր ընտրած եղանակով անում է միեւնույն գործը, եւ պետք չէ իրար կշտամբել, թե՝ «ինչու դու չես անում այն, ինչ անում եմ ես», կամ «դու որտեղ էիր, երբ ես…» եւ այլն:
Այս վերջին՝ «տրանսպորտային» շարժումը շահեկան է նրանով, որ չի սահմանափակում մարդկանց կուսակցական «պոլիտբյուրոներում» մշակված ինչ-որ «ծրագրային դրույթներով» եւ դնում է շատ կոնկրետ նպատակ՝ քաղաքապետարանը պետք է վերանայի իր որոշումը եւ պահպանի տրանսպորտի նախկին սակագինը: Ովքեր կիսում են այդ գաղափարը, տարբեր ձեւերով անում են իրենց գործը՝ ինչքան որ ցանկանում են եւ ինչպես որ ճիշտ են համարում: Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, եւ երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղեւոր է վերցնում, այդ ուղեւորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»: Կամ «ոչ աստղը» չի ասում «աստղին»՝ ինչո՞ւ ես դու հայտնի, իսկ ես՝ անհայտ: Որովհետեւ մարդ լինելն ու իրար օգնելը ավելի կարեւոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը:
Իսկ ով որ ճիշտ ու բնականոն է համարում 150 դրամ վճարելը կամ, համենայնդեպս, չի պատրաստվում այդ սակագնի դեմ պայքարել… այդ մարդկանց հետ էլ պետք չէ թշնամանալ՝ ծաղրել, ամոթանք տալ, «թասիբի գցել»: Շանտաժի եւ ագրեսիայի ամեն մի դրսեւորւմ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում:
Ցանկացած շարժում հաջողության կհասնի այն դեպքում, երբ նրա կողմնակիցները կլինեն տարբեր քաղաքական, կրոնական համոզմունքների, սոցիալական հիերարխիայի տարբեր աստիճաններում կանգնած, պետական համակարգում ընդգրկված եւ չընդգրկված մարդիկ: Այդ մարդիկ պետք է անկեղծորեն սիրեն եւ հավատան իրար, նաեւ հարգեն եւ հանդուրժեն նրանց, ովքեր այդ շարժման մեջ ընդգրկված չեն: Ամեն ինչ, կարծես թե, պարզ է: Իրականացնելն է դժվար:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իրականացնելը՝ պատերազմ է:
Չէի ասի, տեսաք ստացվեց և առանց պատերազմի:
Իրականացնելը դժվար չէ: Ընդամենը վեց օրում հաղթեցինք: Մեր հաղթանակը հիմնված էր ժողովրդի արդարության, արժանապատվության, անվախության, լուսավոր պայքարի վրա: Ապրեն ջահելները որ ապացուցեցին իրենց քաջությունն ու միասնությունը:
Հարգելի Արամ,
շատ լավ միտք է, դե նախ դուք սկսեք։
Թե չէ գրելը մի բան է, իսկ գործելը՝ մեկ այլ։
Հարգանքներով
Դավիթ
Ձեր սիրելի Լ. Տեր–Պետրոսյանը ամեն մի առիթ բաց չի
թողնում ու ինչոր վեհ գաղափարներից է խոսում, բայց մոռանալով
որ ինքն է վերջին հանրապետության մեղմ ասած ամեն մի կեղծիքի
հիմնադիրը։
Պարոն Աբրահամեան, անշուշտ տպաւորիչ է նման յաղթանակը: Բայց կարծէք ճանապարհի կէսին ենք տակաւին: Կարո՞ղ ենք հասնել նպատակակէտին, այն է՝ քաղաքային տրանսպորտն անցնի քաղաքապետարանի իրաւասութեան ներքոյ:
Ֆեյսբուքում գրել էիք. «Կա՞յ մէկը, որ հիմնաւոր է համարում 150 դրամը»: Ես, թերեւս, համաձայն կը լինէի, եթէ այդ գումարի դիմաց երթուղային տաքսիները ԱՄԲՈՂՋՈՎԻՆ փոխարինուէին աուտոբուսներով, էլեկտրոնային չուացուցակներ լինէին եւ, վերջապէս, ուղեւորները տոմսն առնէին դրսում (թող տեղադրուեն տոմս առնելու աուտոմատ սարքերը), յետոյ տոմսը ներսում վաւերացնէին:
Յիրաւի՜ քաղաքակիրթ տարբերակ է ու կարծում եմ միանգամայն ԻՐԱԳՈՐԾԵԼԻ: Պատկերացրէք վարորդն այլեւս գործ չունի ուղեվարձի հետ: Որքա՜ն հաճելի կը լինէր,,
Եւս մէկ անգամ շնորհաւոր,, Հրաշալի երիտասարդներ ունենք:
Երբ մարդուն խաբում են, նա պետք է տխրի կամ զայրանա: Բայց երբեմն լինում է հակառակը:
Կան հարցեր՝.
Ծառայության (տրանսպորտի) ինքնարժեքը նվազե՞լ է, թե՞ավելացել է: Ծառայությունը աշխատում է եկամուտո՞վ, թե՞ ի վնաս իրեն: Եթե եկամուտով՝ նշանակում է, որ միշտ խաբել են: Եթե ի վնաս իրեն՝ նշանակում է սնանկացել է, պետք է փակվի: Եթե պետական բյուջեից տրվում է սուբսիդիա, նշանակում է նորից մտան հարկատուների գրպանը (հարսի բանով փեսին լավություն արին): Հայաստանում գների կարգավորիչը հիմնականում գազն է: Գազի գնի հետ գործ չունեք: Բոլոր հարցերը լուծվել են: Շնչահեղձ լինող շարժումը հաջողության է հասել՝ 50 գրամ օդ են բաց թողել (տվել): Հերթական զանգվածային պարպիչի գինը գումարած/հանած 50 դրամ է: