Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. ՀՀՇ-ին ավելի վատ բաներ էին ասում

Հուլիս 25,2013 13:26

Ինչո՞վ եք բացատրում իշխող ՀՀԿ-ի ջերմ վերաբերմունքը բացառապես տնտեսվարողների նկատմամբ, որոնց մեծամասնությունը հենց ՀՀԿ-ից է ու իշխանության տարբեր ճյուղերից, բայց երկիրն իշխող քաղաքական ուժը որեւէ դեպքում հանդես չի գալիս ՀՀ քաղաքացու շահից ելնելով: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն ասաց. «Ես ՀՀԿ-ից եմ, գործադիր մարմնի անդամ եմ, խորհրդի անդամ եմ, կուսակցության հին անդամներից մեկն եմ եւ իմ խոսքում դուք, կարծեմ չլսեցիք, որ ես միայն ու միայն պաշտպանեի տնտեսվարողին: Ձեզ հետ միասին քննարկեցինք, թե ինչպիսի լուծումներ պետք է գտնել այդ հարցի լուծման համար»: Մեր դիտարկումը` Ձեր խոսքում հնչած տեսակետն ու իշխող ՀՀԿ-ի իրական քայլերը երբեւէ չեն համընկել, մնաց անպատասխան:

Իսկ կոնկրետ ուղեվարձի թանկացման առիթով առաջացած բողոքի ակցիաների մասին ՀՀԿ-ական պատգամավորն այն կարծիքին է, որ շահագրգիռ կողմերը պետք է նստեն նույն սենյակում, մի սեղանի շուրջ եւ քննարկեն ուղեվարձի գնի փոփոխության հարցը, եթե նպատակը խնդիրը լուծելն է, ոչ թե աղմուկ-աղաղակ անելը:

ՀՀԿ-ական պատգամավորն այսօր ընդունեց բոլոր այն հակափաստարկները, որ բերեցին լրագրողները`թանկացումների ամբողջ շարանում ևս մեկ թանկացում, այն էլ նվազ աշխատավարձի պայմաններում եւ այլն`ասելով. «Չկա որեւէ անլուծելի խնդիր: Հարցն այն է`ուզո՞ւմ ենք լուծել, թե՞ այն վերցնել եւ օգտագործել: Ես ուզում եմ, որ խնդիրը լուծվի»:

Մեր հաջորդ հարցին`ինչո՞ւ քաղաքապետարանը նման առաջարկով հանդես չի գալիս, Սամվել Նիկոյանը հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ ակցիայի մասնակից ակտիվիստներն էլ կարող են նման առաջարկ անել. «Ցանկությունը երկկողմանի պիտի լինի»:

Նա նորմալ է համարում հասարակության ընդվզումը կառավարող օղակների որոշումների դեմ ու գտնում է, որ այն ամեն դեպքում քննարկման առարկա պետք է դառնա ու վերջնական լուծում ստանա:

Բոլոր այն հարցերին` օրինակա՞ն էր քաղաքապետարանի որոշումը, ինչո՞ւ այն հրապարակվեց միայն մարդու իրավունքների պաշտպանի հարցումից հետո եւ այլն, բանախոսը նույն պատասխանը տվեց`լավ կլիներ, որ նախապես քննարկվեր, բայց հիմա էլ կարելի է քննարկել:

Նիկոյանի համար ընդունելի է թանկացումների գաղափարը`պաշտոնական այն հիմնավորմամբ, որ ամեն ինչն է թանկացել, բայց կարծում է, որ քաղաքապետարանը պետք է պատշաճ հիմնավորի`ինչո՞ւ է հիսուն տոկոսով թանկացրել տրանսպորտը եւ ոչ թե երեսուն:

Լրագրողներից մեկը նկատեց, որ ընտանիք կա, որ երեք-չորս ուսանող ունի: Նիկոյանը հակադարձեց. «Ինչ որ դուք ասում եք, ես էլ եմ մտածել: Ու միայն ուսանողները չեն, եթե որեւէ մեկը տանից դուրս է գալիս, աշխատանքի էլ է գնում`թանկ է վճարելու եւ ամեն դեպքում, աշխատավարձի այն չափը, որը հիմա կա, իհարկե, էականորեն ազդում է ընտանեկան բյուջեի վրա: Հասկանալի է: Բայց մի որոշ ժամանակ առաջ նման պրոցեսներ կային Հայաստանում հոսանքի թանկացման առումով: Բայց մենք կամ պետք է ունենայինք թանկ հոսանք, կամ պետք է հոսանք չունենայինք: Նույնը տեղի ունեցավ ջրի հետ կապված. Չեմ ասում հարյուր տոկոսով, բայց այդ խնդիրը լուծված է: Բայց ես նաեւ հասկանում եմ, որ գնաճը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում մեր քաղաքացիների շատ շերտերի համար»:

Նաեւ հարց հնչեց, թե ինչո՞ւ ավագանու ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանը չէր խոսում տրանսպորտի թանկացումից, հակառակը, հավաստիացնում էր, որ չի թանկանալու: Նիկոյանը պատասխանեց. «Շղթայական թանկացումները`գազ, էլեկտրոէներգիա եւ այլն, երեւի բերեցին դրան»:

Այն առնչությամբ, որ ակտիվիստները տարբեր պիտակներ են տալիս ՀՀԿ-ին եւ պահանջում են, որ ՀՀԿ-ն փոխհատուցի ուղեվարձի թանկացումը, Նիկոյանը ժպիտով նկատեց, որ նախկին իշխող կուսակցությանը`ՀՀՇ-ին, ավելի վատ պիտակավորումներ էին տալիս, եթե վաղը մեկ ուրիշը գա իշխանության`նրան էլ են ասելու. «Ամբողջ աշխարհում է էդպես, մեզ մոտ էլ մի քիչ ավելի…»: Նա խորհուրդ տվեց «այդ մտածելակերպը» փոխել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031