«Եթե այս անգամ էլ չընդառաջեն ժողովրդին և հաշվի չնստեն ժողովրդի կարծիքի հետ, սա կնշանակի, որ իրենք մտածում են միայն իրենց մասին: Կարծում եմ՝ մեր պայքարը արդյունք տված պիտի լինի, այլապես կստացվի, որ մեր երկրում հարց են որոշում միայն գծատերերը, այլ ոչ շարքային քաղաքացին»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում հայտարարեց «Free car, չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակից «ԵՍ» ամսագրի խմբագիր Անի Քոչարը:
Նա փաստեց, որ սա միայն անհատական բնույթի խնդիր չէ: Եվ նշեց, որ ցանկացած երկրում, երբ գնաճ է տեղի ունենում, դրան համարժեք է կատարվում աշխատավարձերի, թոշակների բարձրացումը:
Անի Քոչարը հիշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հայտարարությունը, թե տրանսպորտի գինը չի թանկանալու: Հետո էլ շարունակեց. «Երբ ամիսներ առաջ հարգելի քաղաքապետը հայտարարում էր, որ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու, և ոչ շատ ուշ հայտարարում է, որ թանկանում է, ուստի դա ցույց տալիս այն, որ այս որոշումը մեկ օրում չի կայացվել, ու թող ժողովրդին անիմաստ հեքիաթներ չպատմեն»: Նա կարծում է, որ սա միայն հիսուն դրամի խնդիր չէ, այլ սկզբունքի ու մյուս կողմից էլ մարդիկ կան, որ հիսուն-հիսուն գումարվում է, ու օրվա հացի խնդիր դառնում:
Իր՝ «Free car, չենք վճարելու 150 դրամ» ակցիային մասնակցելու մասին ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն ասաց. «Սա իմ քաղաքացիական մոտեցումն է: Քաղաքականություն չեմ սիրում ու չեմ մտնում այնտեղ, քանի որ չեմ տիրապետում այդ իրավիճակին»: Հարցին՝ արդյոք կարծո՞ւմ են, որ որոշումը կախված է Սերժ Սարգսյանից, որ վերադառնա արձակուրդից, Ս. Թադևոսյանը պատասխանեց. «Նույնիսկ եթե այդպես լինի, ես ուրախ կլինեմ, եթե հօգուտ ժողովրդի որոշում կայացվի»:
Կարդացեք նաև
Անի Քոչարն էլ ասաց. «Նախագահները երբեք իրականում արձակուրդ չեն գնում, հավատացած եմ, որ մեր նախագահը և գործընթացներից է տեղյակ, և զարգացումներից, և խելացի մարդ լինելով ու շախմատային հոգեբանությանը տիրապետելով՝ գիտի հետևանքների մասին: Տեսնենք, թե այս անգամ այս պայքարն ինչպես են գնահատելու մեր իշխանությունները և համարժեք որոշում կայացնելու: Հավատ ունեմ, որ գոնե այս անգամ ցույց կտան, որ թքած չունեն ժողովրդի կարծիքի ու դրության վրա»:
Ո՞ւմ որոշումն էր տրանսպորտի թանկացումը հարցին, Անի Քոչարը պատասխանեց. «Ցավոք ՀՀ-ում բոլոր որոշումները կայացվում են նախագահի մակարդակով, եթե անգամ հրահանգ չի լինում, ապա այն կատարվում է նախագահի համաձայնությամբ: Տարոնը ինքն իրենով դժվար թե կկարողանա կայացնել որոշումներ այն քաղաքական իրավիճակում, որ այսօր կա Հայաստանում»:
«Աջափնյակ համայնքի երիտասարդական միավորում» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Հակոբյանը նկատեց. «Ժողովուրդը պայքարում է ինքն իր համար: Կարևոր է, որ սա քաղաքական պայքար չէ»:
Հայ վարորդների՝ չմիավորվելու մասին Անի Քոչարն այսպիսի կարծիք հայտնեց. «Մեր հայ վարորդները գծատերերի թրաֆիքինգի զոհ են: Վատը այն հոգեբանությունն է, թե գործ ունես, միևնույն է, ոչինչ չի փոխվելու: Վարորդներից շատերը սթրեսային վիճակում են: Լավ կլինի, որ վարորդները չվախենան և իրենց մեջ գտնեն քաղաքացիական ուժ ու ոգի»:
Ակցիայի մասնակիցները նաև զավեշտալի միջադեպեր պատմեցին: Ս. Թադևոսյանը նշեց, որ սկզբում իր մեքենան նստող քաղաքացիները չէին հավատում, որ անվճար է, երբեմն էլ «Չերեմուշկան դառնում էր Չորրորդ գյուղ և այլն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ