Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսիները սկսել են անհասկանալի բարձր սակագներ կիրառել». Գեւորգ Դոստուրյան

Հուլիս 25,2013 13:00

«Վերջին օրերին բավականին շատացել են ահազանգերը, որ ուղեւորները նստում են տաքսի, անհասկանալի գներ են ասում»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ տաքսիների սակագներն այսօր տրանսպորտի նախարարության կողմից չեն կարգավորվում. «Մենք ինքներս նախաձեռնություն ունեինք, որ մաքսիմալ շեմ նշվի կամ ֆիքսված տարիֆ:

Տաքսու ոլորտում 9500 տաքսի գոյություն ուներ ՀՀ-ում, խոսքը օրինական տաքսիների մասին է, նույնքան էլ անօրինական կան՝ սպիտակ պետհամարանիշով տաքսիներն են»:

Տաքսու ամսեկան վճարը 9500 արտոնագրային հարկն է, 100 մլն դրամ է գալիս ամսական, բացի այդ՝ պետտուրք կա, 70 մլն էլ տարեկան կտրվածքով դա է մտնում բյուջե:

Անդրադառնալով երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացմանը՝ Գեւորգ Դոստուրյանը նշեց. «Երբ նախարարին՝ Գագիկ Բեգլարյանին հարցրեցին՝ գազի թանկացումը կբերի՞ տրանսպորտի թանկացմանը, ասաց՝ օձի խելք պետք չէ հասկանալու համար, որ անպայման կանդրադառնա: Հիմա օձի խելք պետք չի ունենալ՝ հասկանալու համար, որ ժողովուրդը 100 դրամից ավելի չի կարող այսօր վճարել, չունի»:

Բանախոսները նշեցին, որ եթե երթուղայինների դեպքում դաշտը գրեթե մոնոպոլիզացված է մի քանի գծատերերի ձեռքում, ապա տաքսիների դեպքում թվում է դաշտն ազատ է, մրցակցային է, բայց սակագներն այս դեպքում խիստ անկանոն են:

Ըստ Գեւորգ Դոստուրյանի, պետք է ընդհանուր չափանիշներ մշակվեն:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով՝ մեկը ունի հաշվիչ, մյուսը չունի. «Դա չեղավ քաղաքային տրանսպորտ, դա եղավ դուքան: Առանց դեղին համարանիշի ավտո հանցագործություն է մեղմ ասած: Ես չեմ կարող նստել հանցավոր մեքենա եւ իմ փողը տալ հանցագործության»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դաշտի «չարիքները» սպիտակ պետհամարանիշներով, առանց լիցենզիաների մեքենանե՞րն են, թե՞ այն խոշոր սերվիսների տաքսիները, որոնք թեեւ դեղին պետհամարանիշներ ունեն, սակայն հարց է, թե որքան հարկ են իրականում վճարում, որովհետեւ դրանց մեծ մասը մենք գիտենք, թե ինչ հայտնի դեմքերի են պատկանում: Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Իսկապես կան խոշորներ, որոնք ճնշում են թույլերին: Եթե համակարգային մոտեցում լինի, կնեղանան գերօլիգարխների հնարավորությունները: Եթե մեր առաջարկները կիրառվեն՝ կնեղանա, եւ այդ անվերահսկելիությունը, անպատժելիությունը, ո՞վ չգիտի, թե այդ երթուղու տերն ով է՝ գեներալ, կառավարության անդամ կամ ԱԺ-ում նստած: Դրա համար կառավարումը պետք է լինի կոորդինացված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031