Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիա կազմակերպած երիտասարդները Երեւանի քաղաքապետարանի առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցում էին 50 դրամանոցով պատկերված տորթը քաղաքապետարան հանձնելու համար: Սակայն պարոն Օսիկյանը թույլ չտվեց, պատճառաբանելով, որ իրավունք չունեն:
«Ի՞նչ է, քաղաքացին իրավունք չունի՞ տորթով, գինիով մտնել քաղաքապետարան, ո՞վ է արգելում նրան»,- ոստիկանին հակադարձում էին ակտիվիստները: «Ունի՝ միայն անցագրով, քաղաքապետարան մուտքը անցագրով է»,- բացատրում էր պարոն Օսիպյանը:
Երկար բանակցություններից հետո պարոն Օսիպյանը ինչ-որ անձանց հետ ճշտումներ էր անում՝ թույլատրե՞լ տորթը հանձնել քաղաքապետարան, թե՞ ոչ: Երիտասարդները զանգահարում էին քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների, որպեսզի որեւէ մեկը գա եւ տորթը հանձնեն, սակայն քաղաքապետարանի ոչ մի հեռախոսահամարից երիտասարդներին չէին պատասխանում:
Քիչ անց երիտասարդների ակցիային միացավ «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որն էլ երիտասարդներից վերցնելով տորթը՝ տարավ քաղաքապետարան: Երիտասարդները երթը շարունակում են մայրաքաղաքի կանգառներում կանգնելով եւ «100 դրամ» կոչերով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ