«Յունիբանկն» առանց իրավական հիմքերի փորձում է խլել Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող շենքը, որում այս պահին գործում է «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ն: Այդ առիթով այսօր «Հենարան» ակումբում էին փաստաբան Կարինե Բաղդասարյանը,
փաստաբան Դավիթ Դանիելյանը եւ «Հին էրիվան հոլդինգի» տնօրեն Միքայել Հաղջայանը:
Դավիթ Դանիելյանի ներկայացմամբ`«Հին Էրիվանն հոլդինգ» ՍՊԸ-ն ու «Յունիբանկն» ունեն կնքված վարկային պայմանագրեր, որոնց ընթացքում տրամադրվել է 900 եւ 300 միլիոն դրամ գումար: Առաջին 900 միլիոնի պայմանագիրը կնքվել է 2007 թվականին, իսկ 300 մլն-ինը` 2008 թվականին, ապա պայմանագրերը երկարաձգվել են, առաջինի դեպքում մինչեւ 2019 թիվը, իսկ մյուսը`2015 թ.: Արդյունքում ընկերությունը սահմանված կարգով եւ ժամկետում մարել է վարկը, այսինքն` «Յունիբանկը» հաշվից քաշել է այդ գումարները, ապա ծանուցում է ուղարկել ժամկետանց լինելու մասին, եւ նշել, որ կբռնագանձի շենքը:
Դանիելյանը նշեց. «Հին Էրիվանն հոլդինգ» ՍՊԸ-ն ու «Յունիբանկի» միջեւ կա կնքված համաձայնագրեր, որով մենք գումարը մարել ենք, բայց ինչպես բանկը, այնպես էլ դատարանը գտնում է, որ այդ համաձայնագրերը կնքված չեն, այն դեպքում, երբ դրանց վրա կա բանկի կնիքը, ստորագրությունները: Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ նախաբանակցային փուլում ստորագրած պայմանագրերը «Յունիբանկը» փորձում է իր օգտին շահարկել: Կան նախաաբանակցային փուլում ստորագրված փաստաթղթեր, որոնք վերաբերվում են այլ ժամկետներին, տոկոսադրույքներն այստեղ այլ են»:
Կարդացեք նաև
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ հայցն իրենք են ներկայացրել, քանի որ գույքի նկատմամբ բռնագանձում էր սկսում: Իսկ վարկային պայմանագրերը կնքվել է «Հին Էրիվան» հոլդինգի եւ «Յունիբանիկի» միջեւ, եւ Մանվել Տեր-Առաքելյանը գրավադրել է Հյուսիսային պողոտայում գտնվող իր շենքը` «Մենք օրենքի շրջանակում չունենք մի նորմ, որով բանկը կարող է առանց գրավի պայմանագրի բռնագանձում տարածել նրա գույքի վրա: Երբեւէ Մանվել Տեր-Առաքելյանը չի հրաժարվել իր պարտավորությունները կատարելուց: Բայց նա չի կարող իր անձնական գույքով պատասխանատվություն կրել, թող բռնագանձում տարածեն ընկերության պատկանող գույքի վրա, ոչ թե անձնական: Վաղը վերաքննիչում կհրապարակվի ակտ, հույս ունենք, որ անարդարություն տեղի չի ունենա»:
Հաղջայանն էլ ասաց, թե «Յունիբանկը» մի քանի չինովնիկի շահերի պատճառով ուզում է «Հին էրիվանի» շենքը վերցնել. «Բայց եթե շենքը վերցնեն, մոտ 300 մարդ կմնա սոված: Ես ամեն ինչ անում եմ, որ իմ աշխատողները փողոցում չհայտնվեն: Ես հույս ունեմ, որ դատավորը` Արսեն Մկրտչյանը վաղը ճիշտ որոշում կկայացնի ու չի թողնի, որ այդ չինովնիկի շահերից ելնելով վերցնեն շենքը: Կոչ եմ անում թույլ չտալ, որ բանկը խլի «Հին էրիվանը», որովհետեւ եթե այսօր դա վերցնեն, վաղն էլ` ձեր հերթն է գալու»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ