Այսօր կառավարության շենքի առաջ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Նրանց միացել են տասնյակ քաղաքացիներ, որոնք նյարդայնացած տրանսպորտի ուղեվարձի թանկացումից՝ կառավարությանն ամոթանք էին տալիս: «Տարոն Մարգարյանի պաշտոնն ընտրովի է, ուրեմն նա պարտավոր է ընտրողներին հաշվետվություն տալ նման որոշումներ կայացնելուց առաջ: Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել թանկացման որոշումը կայացնող պաշտոնյաներին»,- բարձրախոսով հայտարարում էին ակցիայի մասնակիցները:
Երիտասարդները կոչ էին անում բոլոր քաղաքացիներին՝ ոչ մի դեպքում չվճարել 150 դրամ: Նրանք կառավարության շենքի առջեւ այրեցին թղթեր, որոնց վրա գրված էր «150 դրամ»: «Դուք պատասխան եք տալու, դուք պատժվելու եք: Մենք ենք այս երկրի տերերը»,- հայտարարում էին երիտասարդները:
Ակցիայի մասնակիցները վստահեցնում էին, որ սա ոչ թե կուսակցությունների, այլ քաղաքացիական պայքար է: «100 դրամը ընդամենը առիթն է այս ամբողջ լարվածության, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի, 100 դրամը դարձավ առիթ, որ ժողովուրդն ընդվզի»,- ասում էին երիտասարդները:
Կարդացեք նաև
Դիմելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նկատեցին. «Դուք ընտրություններից առաջ խոստացաք, որ տրանսպորտը չի թանկանալու, բայց բոլորիս խաբեցիք եւ ընտրություններից հետո թանկացրիք, որպեսզի վերադարձնեք ձեր 5000 դրամները: Հետո էլ ասում եք՝ թասիբով թալինցի, սասունցի եմ»:
«Հար-յուր, հար-յուր, 150 դրամ չե՛նք վճարելու»,- բղավում էին ակցիայի մասնակիցները:
Մոտ 50 րոպե է կառավարության շենքի առաջ ընթանում է երիտասարդների բողոքի ակցիան, սակայն կառավարությունից որեւէ մեկը չի իջել եւ նրանց դժգոհությունները չի լսել:
Այսօր կառավարության շենքը հսկում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, ավելի շատ, քան նախորդ ակցիաներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ