Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված մայրաքաղաքում ստեղծված վիճակը կառավարությանն անհանգստացնում է:
Վարչապետի խոսքերով՝ իրենց մինչ այդ տարբեր կազմակերպությունների հետ քննարկել են ուղեվարձի թանկացման հարցը, սակայն ինչպես տեսնում են, այն բավարար չի եղել:
Վարչապետը կառավարության նիստին ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարեց կրկին քննարկումներ կազմակերպել եւ անդրադառնալ հարցին:
Կամո Արեյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հայտարարությամբ կդիմի հանրությանը. «Այս օրերի ընթացքում քաղաքապետն անձամբ հետևել է տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, գնահատականներին, առաջարկություններին: Միևնույն ժամանակ, հանդիպում է ունեցել տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքները: Իրականացվել են սոցհարցումներ: Այս պահին ավագանու խմբակցությունների հետ հանդիպում է ունենում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ