Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտաշես Ալեքսանյան. «Ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել»

Հուլիս 25,2013 11:42

Դերասան Արտաշես Ալեքսանյանը «Ժողովուրդ»-ի զանգից է տեղեկացել, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է։ Հատված նրա հետ հարցազրույցից:

Պարոն Ալեքսանյան, Դուք ինձ զարմացրիք։ Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգաները բոլորովին անվճար իրենց մեքենաներով ուղեւորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյա՞կ չեք։

– Չգիտեի, իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել, թե՞ ոնց։

Պարապ չեն, ուզում են քաղաքացիներին որեւէ կերպ օգնած լինել։

– Հասկացա, բա մենք ինչի՞ տեղյակ չենք նման բաներից։

Դա արդեն Ձեր անտարբերության հետեւանքն է։

– Դա իմ զբաղվածության հետեւանքն է, որովհետեւ ես չեմ հասցնում ո՛չ հեռուստացույց նայել, ո՛չ համակարգչով շփվել։

Իսկ Ձեր շրջապատում չկա՞ն մարդիկ, որոնք երթուղայիններից են օգտվում։

– Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում։ Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործերով… Լավ, իսկ ինչի՞ է թանկացել։ Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա։

Հացն արդեն թանկացել է, դրանի՞ց էլ տեղյակ չէիք։

– Ամիսուկես է՝ շատ խիստ զբաղված եմ, ինձ ոչինչ չի հետաքրքրել, գնացել եմ նկարահանումների, դասի, նոր բան եմ գրում։

Լավ, իսկ որ կենտրոն եք իջնում, չե՞ք տեսնում ակտիվիստներին, մարդկանց, որոնք բողոքում են։

– Ես քաղաքի հետ ե՞րբ եմ շփվում որ, ես քաղաքից դուրս եմ։

Որտե՞ղ եք ապրում։

– Աշխարհի ծայրը։

Եթե չեմ սխալվում, Ձեր դերասանական ստուդիան գտնվում է հենց Հանրապետության հրապարակում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

– Այո՛, բայց ես նոր ճանապարհով եմ գալիս ու նման երեւույթներ չեմ տեսել։ Բացի այդ, երթուղայինի վարորդը, որ բողոքեց, ու իրեն աշխատանքից հանեցին, ո՞վ է նրա ընտանիքը պահելու։

Այսպես թե այնպես, ավելացված գումարից վարորդի գրպանը ոչինչ չի գնում։

– Ուրեմն պետք է մշակել այնպիսի կանոնակարգ, որ եկամուտները գնան պետական բյուջե, ոչ թե որեւէ մեկի գրպանը, կամ լինի այնպես, որ Պողոսի գիծն է՝ նա կարող է այն դարձնել 200 դրամ։

Դե հիմա մեր միջոցով տեղեկացաք, որ քաղաքային տրանսպորտը թանկացել է, ու Ձեր կոլեգաներն էլ պայքարում են դրա դեմ։ Դուք էլ ունեք սեփական մեքենա, Ձեր մտքով չի՞ անցնում միանալ ակցիային եւ օգնել քաղաքացիներին։

– Ես չեմ սպասում, որ ակցիա լինի, նոր օգնեմ քաղաքացիներին, ինձ ցույց տամ, ասեմ՝ տեսե՛ք, ես ակցիային մասնակցում եմ։ Ես իմ ամբողջ կյանքում՝ մինչ այսօր, երբ տեսնում եմ ճանապարհին կանգնած մարդ, լրիվ ձրի տեղափոխում եմ։ Այս պահին որտեղ որ ես գտնվում եմ, թույլատրելիից ավելի մարդ եմ նստեցնում իմ մեքենան, որ բերեմ քաղաք։ Միշտ օգնել եմ, օգնում եմ ու կօգնեմ։ Ես չեմ սպասում, որ պատերազմ լինի, ասեմ՝ ես գնում եմ պատերազմ, ես իմ պատերազմն անում եմ։ Ես ամեն վայրկյան պատերազմի մեջ եմ, բարեգործության մեջ եմ, ուղեւոր եմ տեղափոխում, սերունդ եմ կրթում, դաստիարակում, գործ եմ անում, որ այս ազգին պետք է…

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Բա քեզ սազե՞ց, Արտաշես:Ինչի՞ ես քեզ մի կողմ քաշվածի կեցվածք ընդունել, քո նման չի:Թե՞ սխալվում եմ:Աստված տա՝ սխալված լինեմ:

  2. Armine G says:

    Ու դու խաղացել ես Նժդեհի դերը: Սխալ դեր քո համար: Քեզ միայն սազում է Հասանի դերը: Չեմ զարմանա եթե պարզվի որ մի գծատեր կամ օլիգարխ էլ դու ես: Ամոթ, հազար ամոթ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031