Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը՝ ի պատասխան իրենց հրաժարականը պահանջող դիմումի

Հուլիս 25,2013 11:34

Հատված Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետ հարցազրույցից:
– Պրն Աղայան, վերջերս Ռուսաստանում բնակվող հայազգի որոշ քաղաքացիներ դիմել են Ռուսաստանի հայերի միությանը մի շարք հարցադրումներով եւ պահանջել միության ղեկավարների հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը:
– Կփորձեմ որպես Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ տեսակետս հայտնել այդ մասին:
Եսՙ նախկին աշխատանքիս բնույթից ելնելով, շատ եմ առնչվել անանուն նամակների, նրանցում առաջադրված բազմաբնույթ հարցերի, տարբեր երեւույթների գնահատականների, եւ շատ դեպքերում ներքին հակակրանք, եթե չասեմՙ զզվանք եմ ունեցել նման նամակների նկատմամբ: Իսկ նրանց հեղինակներին միշտ դասել եմ զրպարտիչների շարքին, որովհետեւ նրանք ոչ մի միջոց չէին խնայում իրենց «հերոսներին» (լիներ անհատ թե կազմակերպություն) վարկաբեկելու գործում: Ծանոթանալով Ռուսաստանի հայերի միությանն ուղված դիմումի տեքստինՙ վերհիշեցի այդ անանուն նամակները, բայց մի վերապահմամբ, որ հայտարարության դեռեւս մեզ անհայտ հեղինակները ի վիճակի չեն վարկաբեկելու գործունեությամբ հեղինակավոր, ազդեցիկ վարկանիշ ձեռք բերած կազմակերպությանը, քանզի նրա համբավը վաղուց դուրս է եկել Ռուսաստանի եւ Հայաստանի սահմաններից:
Օրինական հարց է ծագում, թե ինչու Ռուսաստանի հայությանը հուզող հարցերի նկատմամբ պասիվ, հայեցողական դիրքորոշում ունեցող որոշ քաղաքացիներ հանկարծ արթնացան քնից եւ փորձում են «կենսական ակտիվ դիրքորոշմամբ» տասներեքամյա բարձունքից «գնահատել» Ռուսաստանի հայերի միության գործունեությունը եւ այն ներկայացնել, մեղմ ասած, ծուռ հայելու մեջ: Դա, եթե չասենքՙ բարոյական չէ, ապա առնվազն զարմանալի ու տարօրինակ է, անգամ` ծիծաղելի:
Մենք մեր թերությունները լավ գիտենք: Գիտակցում ենք, որ առաջադրված շատ խնդիրներ դեռեւս չենք կարողացել լուծել, չենք կարողացել լուծել նաեւ նրա համար, որ հայկական համայնքի որոշ ներկայացուցիչներ մեզ օգնելու փոխարեն բռնել են բամբասանքի եւ կատարված աշխատանքը սեւացնելու ուղին:
Եթե դիմումի հեղինակները ցանկանում են Ռուսաստանի հայերի միության գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնել, ունեն կառուցողական առաջարկություններ, ապա կազմակերպության դռները բաց ենՙ ցանկացած ձեւաչափով երկխոսության համար: Բայց դժբախտաբար այդ սնանկ հարցադրումները ցույց են տալիս, որ նրանց մոտեցումները ոչ միայն կառուցողական չեն, այլեւ ժխտողական են: Ասածս ապացուցելու համար բերեմ միայն մեկ օրինակ. դիմումի մեջ մեր կազմակերպությանը փորձում են մեղադրել նաեւ նրա համար, որ ոմն գիտնական Մեյերիՙ Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքով Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայտարարությանը չենք արձագանքել: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղությամբ մեր կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի ֆոնին այդ փաստը ոչ մի կարեւոր դերակատարում չի կարող ունենալ, եթե փորձենք անգամ թռուցիկ ներկայացնել կատարվածը:
Ռուսաստանի հայերի միության ստեղծումից անմիջապես հետո կառույցին կից Մոսկվայում ստեղծվեց Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության ազգային ինստիտուտ, որը դարձավ Հայոց ցեղասպանության հարցերի ուսումնասիրման յուրահատուկ կենտրոն: Ինստիտուտի կողմից բազմիցս կազմակերպվել եւ իրականացվել են միջազգային գիտագործնական կոնֆերանսներ, ձեւավորվել է աշխարհի հայտնի ցեղասպանագետներից կազմված փորձագիտական հանձնաժողով, որը երկու տարի շարունակ ուսումնասիրել է Ցեղասպանությանն առնչվող պրոբլեմները եւ նախապատրաստել Հայ դատը միջազգային դատարան ներկայացնելու առաջին լուրջ փաստաթուղթը: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա միության նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցներով հրատարակվել են մի քանի տասնյակ գրքեր, ինչպես Ցեղասպանության, այնպես էլ Արցախի հիմնահարցի կարգավորման խնդիրների վերաբերյալ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ է գրավում երջանկահիշատակ Յուրի Բարսեղովի «Հայերի Ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը եւ միջազգային հանրության պարտավորությունները» հանրությանը քաջ հայտնի եռահատոր աշխատությունը եւ «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում եւ համաշխարհային քաղաքականության մեջ» երկհատորյակը:
Համոզված եմ, որ եթե այդ անհայտ անձինք ձերբազատվեին ալարկոտությունից եւ ուսումնասիրեին կազմակերպության գոնե միայն այդ ուղղությամբ կատարած աշխատանքը, դժվար թե գրիչ վերցնեին ձեռքերը եւ հանդես գային նման անհեթեթ հայտարարություններով:
Կցանկանայի օգտվել ներկա հարցազրույցի առիթից, հակադարձել իրենց իսկ բարձրացրած խնդիրը եւ հարցնելՙ եթե այդքան տոգորված եք Հայոց ցեղասպանության փաստը ժխտողին արձագանքելու խնդրով եւ ունեք անանուն ստորագրահավաք կազմակերպելու փորձ, ապա ինչո՞ւ դուք չփորձեցիք նույնՙ ստորագրահավաք կազմակերպելու միջոցով մեղադրանք ներկայացնել Հայոց ցեղասպանության փաստը ժխտող գիտնականին եւ ստիպել, որ նա հրապարակայնորեն ներողություն խնդրի մեր ժողովրդից: Ինչո՞ւ չէիք անում, ո՞ւմ էիք սպասում, թե՞ սովորել եք միայն ուրիշի ձեռքերով շագանակ հանել կրակից: Ակնառու է, որ այս անանուն անձինք հեռու են եւ անտարբեր հայոց հոգսերից, ուստի եւ մեր կազմակերպությունը որեւէ ընդհանուր բան չի կարող ունենալ նրանց հետ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031