Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սարգիս Բժիկյանի բողոքի քննությունը:Նախորդ դատական նիստին բողոքաբերի պաշտպան Վարդան Սաֆարյանը միջնորդել էր, որպեսզի դատարան ներկայանա Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Ռոզա Սահակյանը:
Նոտարը ներկայացել էր:
Բողոքաբերը հայտնել էր, որ 2010թ.օգոստոսի 4-ին ինքը նոտարական գրասենյակ է գնացել փոխառության պայմանագիր կնքելու նպատակով, իսկ «Մալխաս Ջազ » ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Մկրտչյանն էլ Հատուկ քննչական ծառայությանը, ուր նախաքննություն էր իրականացվում Ս.Բժիկյանի բնակարանի առքուվաճառքի գործով, ներկայացրել էր հայտարության կրկնօրինակ այն մասին, որ ՍՊ ընկերության համասեփականատերեր Վահագն Նիկողոսյանն ու Արսեն Սարգսյանը վճարել են Բժիկյանին՝ նրա Թումանյան 38 շենքի 15 բնակարանը ձեռք բերելու գումարը, կողմերը պարտքուպահանջ չունեն:
Կարեն Մկրտչյանը, ըստ այսօր դռնբաց նիստում հնչած նոտար Ռոզա Սահակյանի վկայության, չէր կարող ստանալ հայտարարության կրկնօրինակը, առանց բնօրինակը իրենց ներկայացնելու:
Նոտարն ասաց, որ կրկնօրինակը իրենք հաստատում են , երբ առկա է բնօրինակը: Նոտարը նաեւ հիշեց, որ բողոքաբեր Սարգիս Բժիկանը եղել է 2010թ.օգոստոսին նոտարական գրասենյակում, եւ ստորագրել է վիճարկվող հայտարարության տեքստը:
Նոտարը նաեւ հայտնեց, որ 40 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում չի եղել դեպք, երբ անձը չգա, ինքն էլ վավերացնի որեւէ փաստաթուղթ, կամ ստորագրվի:
Նոտարը նշեց, որ ինքը որեւէ փաստաթուղթ վավերացնելիս միշտ բարձրաձայն կարդում է բովանդակությունը: Նախ, որ որեւէ սխալի դեպքում հայտնաբերվի, եւ որ կողմը իմանա ինչի տակ է ստորագրել:
Ջազ ակումբի տնօրենը հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Վեքիլյանին հայտնել էր, թե ներկայացնում է տվյալ հայտարարության պատճեն, քանի որ բնօրինակը չունի:
Այս հակասությունը տեսնելով ՝ 74-ամյա Ս.Բժիկյանի ներկայացուցիչ Վարդան Սաֆարյանը միջնորդեց, որպեսզի դատարան ներկայանա «Մալխաս Ջազ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Մկրտչյանը: Ի դեպ, մեղադրողը դեմ էր կողմի միջնորդությանը, իսկ դատարանը բավարարեց այն:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 1-ին:
Նշենք, որ անցյալ տարի ՀՔԾ-ն դատահետքաբանական փորձաքննություն էր նշանակել, որի ժամանակ պարզվել էր, որ համասեփականատերերի լիազորված անձի կողմից ներկայացված «ստացական» եւ «Օ Քեյ-2000» ՍՊ ընկերության կլոր կնիքով հաստատված փաստաթղթերը, չնայած թվագրված են 15.03.2008թ, սակայն առկա գրառումներն ունեն 1-3 տարվա վաղեմություն, այսինքն, կատարվել են 2009թ.ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ վաճառված բնակարանի գնի մի մասը՝ 86 միլիոն 260 հազար դրամը Ս.Բժիկյանին է փոխանցվել «Մալխազ ջազի» տնօրեն Կարեն Մկրտչյանի «գնված ապրանքի դիմաց»: Այս գործով, շոշափվել է նաեւ Ուկրաինայի Կիեւ քաղաքի բնակիչ ոմն Յուրի Իվանուշկոյի անունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ