Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործով նոր փորձաքննություն է նշանակվել

Հուլիս 25,2013 11:18

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով, նախաքննական մարմինը հուլիսի 12-ին նոր փորձաքննություն է նշանակել։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը։

Պաշտպանի կարծիքով, նոր նշանակված փորձաքննությունը վկայում է, որ նախկին փորձաքննության արդյունքները նախաքննության կողմից կասկածի տակ են դրվել։ «Եթե նախկին փորձաքննությունը լիարժեք չի, թերի է, ապա ինչո՞ւ եք դա հիմք ընդունում եւ անձին մեղադրանք առաջադրում, հետո այլ գործողություններ կատարում։ Նշանակում է չունենալով ոչինչ՝ անձին մեղադրանք են առաջադրել եւ իրենք իրենց գործողություններով հիմնավորում են, որ նույնիսկ այդ փորձաքննության եզրակացությունը լիարժեք չի, փորձաքննության իմաստը նաեւ այն է եղել, որ իբր կրակոցի հետեւանքով միայն անտիմոն կմնա կամ չի մնա, կամ անտիմոնը որտեղից կառաջանա։ Սրանից հետո կարելի է խոսել ակնհայտ ապօրինի մեղադրանքի եւ անձին անազատության մեջ պահելու մասին»,- ասաց պաշտպան Գիվի Հովհաննիսյանը։

Ըստ նրա, իր պաշտպանյալի դեմ որեւէ վկայի ցուցմունք՝ գործում մինչ օրս չկա եւ որեւէ ապացույց մինչ այժմ չի ներկայացվել։ Պաշտպանի խոսքով, միակ «ապացույցն» այն է, որ իր պաշտպանյալը այդ օրը վարել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մյուս «ապացույցը» ըստ պաշտպանի այն է, որ Արայիկ Պետրոսյանի դեմքի վրա դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր։ «Այդ երկու ապացույցներն են, մեզ այլ տեղեկություններ, որպես մեղքը հիմնավորող, չի ներկայացվել մինչ այժմ։ Նշեմ, որ «ապացույց» հանդիսացող մեքենայի վերաբերյալ, իմ տեղեկություններով, կան ցուցմունքներ, մարդիկ վկայություն են տվել, որ տեսել են այդ Նիվա մակնիշի մեքենան եւ այդ մեքենայի պետհամարանիշը սկզբում երեք թվով էր, այսինքն` մի հիմնարկության կամ պետական, սակայն Արայիկ Պետրոսյանի կողմից վարվող մեքենայի պետհամարանիշը եղել է սկզբում երկու թվով անձնական։ Նշանակվել է փորձաքննություն եւ համաձայն այդ եզրակացության, մեքենայի պետհամարանիշի վերատեղադրման հետքեր չեն հայտնաբերվել, այսինքն` իմ պաշտպանյալի մեքենայի մասին չի խոսքը եւ բացառում ենք մեքենայի հանգամանքը»,- նշեց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։

Վերջինս ասաց, որ հետաքրքրական է, որ 12 օր է անցել նշանակված փորձաքննությունից եւ փորձագետի եզրակացությունը չկա. «Այն ժամանակ, երթ փորձաքննություն էր նշանակվել անտիմոնի հետ կապված եւ որը հիմք հանդիսացավ իմ պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու, մեկ օրում է եղել փորձագետի եզրակացությունը։ Հիմա փորձաքննություն է նշանակվել եւ 12 օր եզրակացություն չկա, այսինքն` նշանակում է, եթե ցանկություն է լինում, անմիջապես եզրակացությունը բերում են, որպեսզի անձին մեղադրանք առաջադրեն, բա անձի անմեղությունը կամ ինչ-որ այլ բաներ պարզելու համար ինչո՞ւ չեն շուտ եզրակացություն վերցնում։ Լավ, հնարավոր է պատճառաբանել, որ համալիր փորձաքննությունը բարդ է, բարդ է, հինգ օրում արեք, բայց 12 օր է անցել եւ ձգձգվում է եզրակացությունը։ Ձգձգման պատճառը ինչն է, որ եւս մեկ անգամ կալանքը երկարացնեն, քանի որ կալանքի երկարացման ժամկետն է գալիս օգոստոսին։ Կարող էին շուտ նշանակել այդ փորձաքննությունը, բայց չարեցին»,- իր հարցին ինքն էլ պատասխանեց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ հավանական է օգոստոսի 3-ին կրկին նախաքննական մարմինը միջնորդություն կներկայացնի դատարան եւ դատարանը ոչինչ չքննարկելով՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնի։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031