Երկու օր առաջ 5 համարի ավտոբուսային երթուղու վարորդը հետևիցս շպրտեց իմ վճարած 100 դրամը: Հիշում եմ, որ գումարը տվեցի լարված, բայց ժպիտով: Չօգնեց: Վարորդը իմ հետևից բղավեց՝ արա, փողդ շպրտել եմ, գնա վերցրու: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս վարվել նման դեպքերում: Ընդհանրապես, ինչպես անել, որ առանց լարվածության և առանց քաղաքացիական լոզունգների վճարես 100 դրամ:
Նախ` վարորդին պետք է ընկալես որպես մի մարդ, ով քեզ հետ պայմանագրային հարաբերությունների մեջ է մտնում, որտեղ խաղի կանոնները խախտվել են բանավոր և վարորդի ներկայացուցիչ երրորդ կողմի ջանքերով: Հետևաբար` վարորդը իմ թշնամին չէ, բայց անմաս չէ անիրավությունից: Դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել օգտվել ավտոբուսից: Մի՛ մոռացեք, որ այն վարորդի սեփականությունը չէ: Հետևաբար` վարորդի հետ ձեզ, այնուամենայնիվ, կապում է մարդկային ինչ-որ մի բան՝ դա գումար տալու և իջնելու գործընթացն է: Հետևաբար` այս օրերին 100 դրամ վճարելիս ձեր դեմքին մուննաթի արտահայտություն մի հաղորդեք, իբր ինչ-որ մեկին այդքանն էլ շատ է: 100 դրամը հենց այնքան է, որքան պետք է վճարեք: Դուք ոչ մեկի ինադու չեք վճարում այդ 100 դրամը, այդ ձեր ինադու են ուղևորավարձը դարձրել 150 դրամ:
Երկրորդ՝ ձեր հետևից, ինչպես պատահեց ինձ հետ, կարող են շպրտել ձեր վճարած 100 դրամը: Նշանակում է՝ վարորդն ինչ-որ շահ ունի 150-ից: Ինչն էլ նշանակում է, որ վարորդը գործարքի մեջ է գծատերերի հետ: Ինչից էլ հետևում է, որ դուք առավելագույնս ճիշտ եք 100 դրամ վճարելով, քանի որ երկու հոգի՝ գծատեր և վարորդ, ձեր թիկունքում ինչ-որ պայմանավորվածության են եկել առանց ձեզ հետ հաշվի նստելու: Եթե այդքանն էլ չգիտեք, այնուամենայնիվ, մի բարդութավորվեք վարորդի վարքից: Այդքանով ինքն արդեն ճիշտ չէ, քանի որ դրամ շպրտելն արդեն հարաբերություն չէ, այլ ռազբորկա: Դուք վճարելիս քաղաքացիական հարաբերության մեջ եք, նա շպրտելիս ռազբորկայի մարտահրավեր է անում: Պարզապես հեռացեք:
Մի բարդութավորվեք նաև, եթե ձեզանից առաջ վարորդը վերցրել է ինչ-որ գեղեցկուհու 100 դրամն առանց աղմուկի, իսկ ձեր վճարած 100 դրամը սարքել է պատմություն: Հիշեք, որ վարորդն ընդամենը բարիկադ է, որի թիկունքից գին է կրակում իշխանությունը: Հետևաբար, վճարելով 100 դրամ, դուք շարունակում եք այս երկրում բազմիցս ձախողված համապետական ընտրություններում ձեր քվեարկությունը, որն այս դեպքում նրանք կեղծել չեն կարող: Դուք հստակ վճարում եք 100 դրամ, և իշխանությունը ձեր արածում կարդում է իր հանդեպ ձեր վերաբերմունքը: Ձեր հետևից շպրտված դրամը ձեր հետևից շպրտված քվե է:
Կարդացեք նաև
Մի վախեցեք նաև, եթե ամբողջ ավտոբուսում ձեզանից բացի՝ ուրիշ մարդ չկա, և դուք ավելորդ աղմուկից հեռու մնալու համար ուզում եք վճարել 150 դրամ: Նախ հիշեք, որ որքան էլ դուք մենակ լինեք, վարորդը ձեզանից ավելի մենակ է: Նա, մեղմ ասած, չի կարող մտնել ձեր գրպանը և վերցնել «հավելյալ» 50 դրամը: Ինչ աղմուկ էլ վարորդը բարձրացնի, նա, իր գիծն ու գծատերն են պատասխան տալու և ոչ թե դու:
Մհեր Արշակյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Օրակարգ» թերթի այսօրվա համարում