Այսօր 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող քաղաքացիական ակտիվիստները Օպերայի կանգառներում 100 դրամ ցուցանակներով էին դիմավորում երթուղայիններին: Ուղեւորներին նրանք թռուցիկներ էին բաժանում եւ հորդորում՝ «Հանկարծ 150 դրամ չվճարեք, մի՛ հարստացրեք գծատերերին, մի մասնակցեք ապօրինի որոշման կիրառմանը»:
Թիվ 75 միկրոավտոբուսներից մեկի վարորդը ակտիվիստներին գոռաց. «Ինձ մի՛ մոտեցեք: Ես 150 դրամ չեմ վերցնում, իրանց թուղթն էլ պոկել գցել եմ»: 46 համարի ավտոբուսի վարորդն ավելի ոգեւորիչ հայտարարություն արեց. «Ես 50 դրամ եմ վերցնում, ժողովո՛ւրդ, իմ ավտոն նստելիս 50 դրամ կտաք: Ես էլ սենց եմ մասնակցում ակցիային»:
Նրանց հայտարարությունները ընդունվում էին բուռն ծափերով եւ շնորհակալություններով:
Ակցիային մասնակցում էր նաեւ հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ Վիլենին բռնի ուժով բաժին էր տարել եւ մի քանի ժամ հետո նոր բաց թողել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Վիլենը պատմեց, որ «Ոստիկանությունը ինձ վերջում մի բացատրություն տվեց, որից դուրս է գալիս, որ բռնի ուժով ինձ հրավիրել են հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: Ես վնասվածքներ չստացա: Այնտեղ 3 ժամ պահեցին, կարգավիճակս դեռ որոշված չէր, հենց 3 ժամը լրացավ, միանգամից որոշեցին վկայի կարգավիճակով գործի մեջ ներգրավել: Հարցեր տվեցին՝ նախորդ օրվա դեպքերի վերաբերյալ: Ինչքան հասկացա, անհայտ անձինք ոստիկանի նկատմամբ բռնություն էին կիրառել: Քրեական օրենսգրքի 185 եւ 316 հոդվածներով գործեր կային, ինձ հարցեր էին տալիս, թե ես տեսել եմ, չեմ տեսել, բայց ոչ տեսել էի, ոչ լսել: Ես ոստիկանությունում մնացի անտեղի փաստացի 4 ժամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ