«Բարեւ Երեւան» դաշինքի`Երեւանի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացել է «Բարգավաճ Հայաստանը», այդ նիստում, ինչպես վստահեցրել է ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, նախատեսվում է քննարկել քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը չեղյալ համարելու «Բարեւ Երեւանի» առաջարկը: Ու թեեւ առայժմ ստորագրահավաքի փուլն է, սակայն դեռ հստակ չէ «Բարգավաճ Հայաստանն» ինչպե՞ս կքվեարկի` դե՞մ, թե` կողմ:
Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը» կոճակ սեղմելու վերջին պահին «Բարեւ Երեւանին» չի՞ դավաճանի. «Չեմ կարող ասել` վերջում ինչ կլինի, կարեւորը ապահովել արտահերթ նիստը, օրակարգը, քայլ առ քայլ առաջ գնանք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Թամարա Պողոսյանը:
Տիկին Պողոսյանի խոսքերով` քանի դեռ որոշումը չեն տեսել, խմբակցությունը չի կարող իր վերջնական դիրքորոշումն արտահայտել` թե ինչպես կքվեարկի: Մենք դիմել ենք քաղաքապետին եւ պետք է ունենանք այդ իրավական փաթեթը, որի հիման վրա է այդ գործընթացն իրականացվել է եւ այսօր 150 դրամ են պարտադրում: Բայց եթե մի բան չենք տեսել, ինչպե՞ս կարող ենք դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտել, պետք է տեսնենք հիմնավորումները թե ինչի հիման վրա են կատարվել այդ հաշվարկները: Ես լավատես եմ, որ վաղը կտան այդ փաթեթը, հետո կքննարկենք»:
Aravot.am-ի հարցին`150 դրամ ուղեվարձը ներկայիս մատուցվող ծառայության դիմաց արդարացի՞ է, տիկին Պողոսյանն ասաց.«Իհարկե` ոչ, սա ավելին է, մեր գրպանն են մտնում` հացից, էլեկտրաէներգիայից 50 դրամներ ենք կորցնում, մեկ 50-ի մասին չէ խոսքը, սա 50-ներից մեկն է: Մենք խոսում ենք այն սոցիալական բեռի մասին, որը մեկ ամսվա ընթացքում մեր վրա դրեցին: Սա այն սոցիալական քաղաքականության հետեւանքն է, որի շնորհիվ մեր գնողունակությունը շատ սրընթաց ընկնում է, բայց եկամուտները հետ են մնում: Եթե նույնիսկ ընդունենք, որ օբյեկտիվորեն այստեղ գնաճի անհրաժեշտություն կար, պետք էր գտնել այն ռեսուսրը, որ քաղաքացու գրպանից չվճարվեր»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանն էլ, որ երթուղագծերը սպասարկող տնտեսվարողները վստահեցնում են, թե 5 տարի է վնասով են աշխատել, ու այս 5 տարիների ընթացքում դիմել են քաղաքապետարանին` սակագինը վերանայելու համար, տիկին Պողոսյանն այսպես արձագանքեց` «Ես ավելի քան վստահ եմ, ոչ մի տնտեսվարող սուբյեկտ վնասով չի աշխատել, այդպիսի բան թո’ղ ոչ ոք չասի, հավատացեք, դա բացառվում է, նա կհրաժարվի գծից, բայց վնասով չի աշխատի, դրա համար հատուկ գիտելիքներ պետք չեն: Լավ, քեզ ո՞վ է պարտադրում վնասով աշխատել: Հնարավոր չէ, ո՞նց կարող է մարդը 5 տարի վնասով աշխատել: Հնարավոր է շահույթի տատանումներ լինեն, տնտեսական ճգնաժամ եղավ, եւ այլն, բայց վնասով` անհնար է»:
Վերջին օրերի կազմակերպված`չենք վճարելու 150 դրամ բողոքի ակցիաների վերաբերյալ էլ, տիկին Պողոսյանն ասաց, դրանք անհետ չեն մնա. «Սա հասարակության վերաբերմունքն է, սոցիալական մի ամբողջ շերտի շահերն են այստեղ շոշափվել, եւ առանց նախապես հասարակությանը իրազեկելու, առանց կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու, առանց սոցիալական տարբեր խավերին տարբերակիչ մոտեցման, սոցիալական շահեր շոշափող որոշումը չէր կարող այսպիսի արագությամբ մտներ ուժ մեջ: Պետք էր աշխատավարձի բարձրացում լիներ, պետք էր տարբերակված լիներ` ուսանողական, աշակերտական, սոցիալական տարբեր շերտերի համար լինեին քարտային վճարումներ, պետք էր սուբսիդիաներ լինեին որոշ շերտերի համար: Չորով դրել են` 150 դրամ, իհարկե, հասարակությունը պետք է ընդվզեր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
բհկ-ն այնքան է մտահոգված Հայաստանի և նրա քաղաքացիների հոգսերով, որքան՝ Իսրայելը:
բհկ-ի միակ բարեգործությունը ժողորդին,՝ նրա առաջնորդի կողմից թալանած փողերի մեկ հազարերորդ մասով նրանց համար,՝ Դոդիվանքի կառուցումն է, որը որքան է հարկավոր սոված
ժողովրդին դժվար է ասել: