Լրահոս
Օրվա լրահոսը

«Գայիշնիկը» դատապարտվեց 5 տարվա ազատազրկման եւ 300 հազար դրամ տուգանքի

Հուլիս 24,2013 19:51

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական  կայքի՝ Երեւան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Հայկ  Տոնոյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա աշխատելով «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակում, որպես վարչական գործունեության ավագ տեսուչ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2010-2012 թվականներին կեղծ անդորրագրեր կազմելու միջոցով յուրացրել է վարչական իրավախախտումներ կատարած անձանցից գանձված եւ պետբյուջե վճարելու համար ի պաշտոնե նրան վստահված 5 միլիոն 216 հազար դրամը:

Տոնոյանը մեղադրվում էր նաեւ այն բանում, որ նշված ժամանակահատվածում ծառայության նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ  վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չի կատարել, այն է՝ տուգանքները բռնագանձելու համար  ճանապարհային երթեւեկության կանոնները խախտած վարորդների վերաբերյալ կազմված, սակայն չվճարված, վիճահարույց 174 արձանագրությունները  սահմանված կարգով դատարան չի ուղարկել, ինչի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց եւ պետության օրինական շահերին՝ այդ կերպ ոտնահարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հեղինակազրկելով իշխանության մարմիններին:

Հ. Տոնոյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 315 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական անփութությունը»): Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում մինչ  դատաքննությունը սկսվելը Հ. Տոնոյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ  առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը Հ. Տոնոյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ է համարել  այն, որ նա նախկինում դատված չէ, բնութագրվում է դրականորեն, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին վերականգնել է:

Հուլիսի 11-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանը  վճռել է  Հ. Տոնոյանին ՀՀ  քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել 5 տարի ազատազրկման,  315 հոդվածի 1-ին մասով՝ 300 հազար դրամ տուգանքի: Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031