Երբ Էդվարդ Խեչեմյանին հարցնում են, թե ինչու են լքել Հայաստանը, նա պարզապես պատասխանում է. «Մենք չէինք սիրում կոմունիստների համակարգը: Գրում է «Նյու Յորք թայմս» թերթը ամերիկահայ խոհարարի մասին:
Խեչեմյանի ընտանիքը Բուրբանկ է տեղափոխվել 1991թ., երբ Էդվարդը 17 տարեկան էր:
Նրա խոհարար հայրը 1974թ. Իրանից եկել էր Հայաստան ու երազում էր իր ռեստորանը բացել եւ 1997թ. ի վերջո արեց դա:
Ռեստորանի անունը երկու անգամ փոխվել է, այժմ կոչվում է «Ադանա»: Ուտելիքների եւ զբոսաշրջության մասին գրող Դեյվիդ Լաթը, որը, ինչպես հրապարակման հեղինակն է ասում, երբեք չի սխալվում, այս ռեստորանը համարում է լավագույններից:
Կարդացեք նաև
Ռեստորանի խոհարարն այժմ Էդվարդ Խեչեմյանն է, ու ուտելիքը հեշտ չէ դասակարգել: Նա խոհարարություն սովորել է հորից, որը սովորեցնում էր իրանական մոտեցումը, բայց նա ամերիկահայկական դաստիարակություն է ստացել, ինչպես նաեւ մեծ է ռուսական ազդեցությունը: Ռեստորանի ճաշացուցակում լրիվ խառնաշփոթ է, այդ բառի լավագույն իմաստով:
Հոդվածի հեղինակը գրում է, որ մեկ անգամ հատուկ Գլենդեյլ էր գնացել, որպեսզի Խեչեմյանի հետ կերակուրներ պատրաստի. «Անմիջապես տպավորվեցի նրանով եւ նրա հեշտությամբ աշխատելու ձեւից եւ հատկապես նրա խորովելու տեխնիկայով», – գրում է հրապարակման հեղինակը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ