Քիչ առաջ Օպերայի տարածքի կանգառներում 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակցիայի մասնակիցները ընդհարում ունեցան ոստիկանների հետ:
Բանն այն է, որ 1-2 րոպեն մեկ կանգառներին են մոտենում freecar մեքենաները, որոնք քաղաքացիներին առաջարկում են անվճար տեղափոխել տարբեր թաղամասեր:
Ճանապարհային ոստիկանության մեքենաներից մեկը կայանեց կանգառի մոտակայքում եւ տեսախցիկներով սկսեցին արձանագրել freecar-երի պետհամարանիշները, ինչը հարուցեց ակտիվիստների դժգոհությունը: Ակցիայի մասնակից Վիլեն Գաբրիելյանն իր ընկերների հետ միասին իրենց մարմնով փակեցին ոստիկանական մեքենայի տեսախցիկների առաջը, որպեսզի խաթարվի նրանց ծրագիրը եւ չկարողանան արձանագրել ու հետագայում պատժել այդ վարորդներին:
Կարդացեք նաև
Ակտիվիստները ոստիկաններից փորձեցին պարզել՝ ո՞վ է հրաման տվել, որ գան եւ մեքենայով կայանեն այդ տարածքում: «Մենք մեր ծառայություն ենք իրականացնում»,- վստահեցրին ոստիկանները: Ակցիայի մասնակիցները վստահ էին, որ ճանապարհային ոստիկանության մեքենան իրավունք չունի կանգնի կանգառի մոտ, պետք է շրջի եւ արձանագրի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները:
Վիլեն Գաբրիելյանի խոսքերով՝ «Կանգնեցրել են էստեղ մեքենան, որ ով անվճար կանգնում է՝ հետո տուգանեն»: Ակտիվիստները բղավում էին՝ ամոթ ոստիկաններին:
Նկարահանող ոստիկանները մեր հարցին, թե նման հրամա՞ն են ստացել, որ արձանագրեն անվճար ուղեւորափոխադրումներ իրականացնող մարդատար մեքենաների համարները՝ հերքեց. «Ես ոչ մի հրաման չեմ ստացել, ոչ մի բան էլ չեմ ֆիքսում: Ես պարզապես ֆիքսում եմ խախտումներ»:
Ոստիկանը պնդում էր, որ իրենք իրավունք ունեն ճանապարհային ոստիկանության մեքենան կայանել ցանկացած տեղ. «Տեսեք գույնը, վրայի գերածները, սա սեփական մեքենաներից տարբերվում է դրանով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ