Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի երկու ապացույցները ԻԱԿ-ը չվերցրեց

Հուլիս 24,2013 18:36

Այսօր ՀՀ վարչական դատարանը դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ ավարտեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցով նախնական դատական նիստը:

ԻԱԿ-ը ներկայացնում էր Գեւորգ Հայրապետյանը, իսկ այս գործով պատասխանող ճանաչված ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը` Անտոն Սանամյանը:

Հայցվոր լրագրողական կազմակերպության ներկայացուցիչը հայտնեց, որ դիմել են ԱԱԾ,  խնդրելով իրենց տրամադրել հետեւյալ հարցերի պատասխանները. «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի շրջանակներում

  1. Ո՞ր տեղեկությունների գաղտնիության աստիճանն է վերանայվել:
  2. Ովքե՞ր կարող են դիմել գաղտնազերծված տեղեկությունները ստանալու համար:
  3. Գաղտնազերծված տեղեկությունները ո՞ր մարմնից կարելի է ստանալ։
  4. Խնդրում եմ տրամադրել 18.04.2011թ. ստորագրված «ԽՍՀՄ գոյության ժամանակաշրջանում գաղտնագրված տեղեկությունների գաղտնիության աստիճանի վերանայման կարգի մասին» համաձայնագրի պատճեն:

Գեւորգ Հայրապետյանն ասաց, որ դիմելուց տաս օր հետո` փետրվարի 21-ին ԱԱԾ-ն տրամադրել է թերի, ոչ լիարժեք պատասխան: Հայցվորի կարծիքով, պատասխանը թերի էր, որովհետեւ ԱԱԾ-ն, ըստ էության, չէր պատասխանել ԻԱԿ-ի ներկայացրած հարցերին, ինչպես նաեւ չէր տրամադրել խնդրված համաձայնագրի պատճենը:

Մարտի 7-ին տեղեկություն ստանալու գրավոր կրկնակի հարցմամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նորից դիմել էր ԱԱԾ-ին, եւ ստացել էր նույնաբովանդակ պատասխանը հավելյալ «Կրկին հայտնում ենք Ձեզ» նախաբանով:

Ըստ հայցվորի, քանի որ տեղեկատվությունը իր բնույթով հնացող ապրանք է», ապրիլի 5-ին հայց են ներկայացրել դատարան, պահանջելով ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկատվության ազատության եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքների խախտման փաստը եւ պարտադրել ԱԱԾ-ին ԻԱԿ-ին տրամադրել սպառիչ տեղեկատվություն:

Ի դեպ, պահանջների հետ կապված դատավորը խնդրեց հստակեցնել, թե ինչո՞ւ է առաջին պահանջը գլխավոր, իսկ երկրորդը` հայցվորի պնդմամբ` ածանցյալ, խնդրեց կողմին հստակեցնել հայցապահանջի հայցատեսակը: Այն ըստ Գեւորգ Հայրապետյանի, ճանաչման հայց էր, եւ խնդիր ուներ հստակեցնել պատասխանողի իրավահարաբերությունները, գործողությունները:

Թե հայցվոր կողմը, թե պատասխանողը այլ միջնորդություններ չունեին, յուրաքանչյուրն իր վրա վերցրեց իր գործողությունների ապացուցման բեռը:Հայցվորը ասաց, թե կներկայացնի իր հարցումը, ստացված գրավոր թերի պատասխանը, պատասխանող կողմն անհիմն համարելով պահանջը `հայտնեց, թե կներկայացնի համաձայնագիրը, այն, որ համաձայն իրենց պաշտոնական պատասխանի, վերոնշյալ  համաձայնագիրը ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մաս չի կազմել, հետեւաբար, վկայակոչվել է «գոյություն չունեցող իրավահարաբերությունների մասին»:

Ի դեպ, այսօր ԱԱԾ ներկայացուցիչը դատարանին էր ներկայացրել վիճարկվող համաձայնագիրը, եւ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ապրիլի 23-ի թիվ 16 գրությունը, ուղղված ԱԱԾ պետին` Գորիկ Հակոբյանին: Կողմին փոխանցելու առաջարկն արեց դատավորը, իսկ ԱԱԾ ներկայացուցիչն ասաց, թե հայցվորը կաշկանդված չի եղել դատարանից ստանալու այդ ապացույցները:

ԻԱԿ ներկայացուցիչը չպատճառաբանելով թե ինչու, հրաժարվեց ստանալ այդ երկու ապացույցները.հավանաբար մարտավարությունից ելնելով, ինչը կերեւա օգոստոսի 29-ին նշանակված դատաքննության ժամանակ:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031