Արդեն մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաներն ընդդեմ տրանսպորտի սակագնի բարձրացմանը:
Երթուղայինի մի քանի վարորդներ իրենց կարծիքներն արտահայտեցին բողոքի ակցիայի մասին: Վարորդներին առաջին հերթին անհանգստացնում է բողոքի ակցիա անցկացնելու ձևը.
«Շատ սխալ ձևով են անցկացնում ակցիաները, կառավարությունը էդքան չկա՞, որ վարորդների հետ են իրենց հարցերը լուծում: Ընթացող մեքենայի վրա են վազում ու իրենց բոյի թղթեր են կպցնում: Եթե ամեն ինչ ցիվիլ լիներ, մենք էլ կողմ կլինեինք ու չէինք նյարդայնանա: Բայց էս պայմաններում, Աստված չանի, չկարողանանք արգելակենք, հիմա էլ կվերագրեն՝ վարորդը վրաերթի է ենթարկել ուսանողին. Կուժն ու կուլան էլի կջարդվի վարորդի գլխին: Էդ թղթերը լցնում են մեքենայի մեջ, հետո էլ կպահանջեն, որ երթուղայինը մաքուր լինի»:
Վարորդներին շարունակում է անհանգստացնել՝ ինչո՞ւ են մարդիկ հացին, թթվասերին, գազին ավել վճարում և չեն բողոքում, իսկ երթուղայիններին հրաժարվում են վճարել և նման ակցիաներ են կազմակերպում.
Կարդացեք նաև
«Թո՛ղ մտնեն խանութ ու հացը առնեն իր հին գնով: Իհարկե, չեն անի: Էլեկտրաէներգիային էլ թող հին գինը վճարեն՝ չեն վճարի: Մենք էլ բան չենք ասում, վերցնում ենք հարյուր դրամները, բայց դե մենք էլ ենք մարդ գոնե մեզ լավ վերաբերվեն, կոպեկը շպրտում են, ոնց որ ողորմություն են տալիս, դուռը շրխկացնելով են փակում՝ մի բան էլ վնասելով. Ոնց որ իրանց թշնամիները լինենք: Եթե մարդիկ նորմալ վարվեն մենք նրանց կողքին կլինենք: Մեզ ավելի հարմար է, որ տրանսպորտը 100 դրամ դառնա»:
Ըստ նրանց, օր օրի քչանում են 150 դրամ վճարող ուղևորները. «Եթե առաջին օրերին տոկոսային հարաբերությունը 50-50 էր, այսօր՝ 80-20»:
Վարորդներից մեկը նկատեց. «Ինչո՞ւ գինը չթանկացավ գազի հետ զուգահեռ: Արդեն ուշ է բողոքելու համար, պետք է բողոքեին հենց գազի թանկանալու ժամանակ: Թանկացման հիմնական պատճառն էլ քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներն են, նրանց վաթսուն լիտր դիզվառելիք է պետք, իրենք էլ չեն տեղավորվում իրենց պլանի մեջ:»
Վերջում վարորդները ավելացրեցին. «Երթուղայինի վարորդները մեղավոր չեն, մեղավորը պետության վարորդներն են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ճիշտ է ասոած, ինչու եք հանգիստ վճարում այլ ծառայությունների համար, կոպեկներով վարձատրվող աշխատանքի եք գնում այդ տրանսպորտով ,որի վարորդին առաջարկում եք գործադուլ անել, ավելի լավ և արդար կլինի, գործադուլ անեք բոլոր աշխատանքի գնացողներտ և պահանջեք նորմալ աշխատաոարձ, օրինակ միջինը 800 դոլարին համարժեք. և անհոգ վճարել անգամ 300 դրամ. Հայաստանում չկա ծառայություն կամ ապրանք,որը միջազգային գներից ցածր է,
հետևաբար վաղուց արդեն ժամանակն է անկապ աննպատակ ցույցերի
ՊԱՀԱՆՋԵՔ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ