Այսօր Օպերայում՝ Կոնսերվատորիայի դիմացի կանգառում 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարող ակտիվիստների հետ միջադեպ եղավ:
Ակտիվիստներից մեկի պատմելով՝ «Ակցիա ենք անում, խոչընդոտում են մեզ, անտեղի հայհոյանքներ են տալիս: Հիմա ես չեմ կարա իր բառերն ասեմ, բայց որ անմարդկային արարքներ են անում՝ դա հաստատ է: Եթե չեն օգնում, ուրեմն թող նաեւ չխոչընդոտեն»:
Ակտիվիստներին մոտեցած ոստիկանները պահանջում էին, որ հայհոյանքը լսած ականատես աղջիկը գնա ոստիկանական բաժանմունք եւ զեկուցագիր գրի:
Աղջիկը պատասխանեց, որ խնդիր չի տեսնում, եւ եթե ինչ-որ մեկը խոչընդոտում է իրենց ակցիային, ինքն ամեն ինչի պատրաստ է: Սակայն ավելի ուշ ակտիվիստը հրաժարվեց գնալ բաժին՝ ասելով, որ հիմա չէ. «Խի՞ ակցիաս թողնեմ, գամ հավայի գրություն գրեմ»:
Կարդացեք նաև
Հետո պարզվեց, որ այդ հայհոյող տղան գծատեր է: Այն ակտիվիստին, որին հայհոյել էին, ոստիկանները լրագրողների հեռանալուց հետո մոտեցել էին եւ փորձել էին ստիպողաբար բաժին տանել:
Ակտիվիստը՝ Արսեն Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Վարորդներից մեկը ագրեսիվ ինձ ասեց, որ գնացեք Սերժ Սարգսյանին բողոքեք, մեզ մի ասեք: Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանը մեր կողմից ընտրված նախագահ չի, ես իրեն նախագահ չեմ ճանաչում, քանի որ չեմ ընտրել: Հարցը հասավ նրան, որ մի քանի հոգի հայհոյեցին մեզ: Իմացանք, որ ինչ-որ գծի տեր է: Մենք ցրվեցինք, ամեն մեկս մեր ակցիայով, ոստիկանությունը մոտիկացավ մեզ, թե տանում ենք բաժանմունք՝ անօրինական ձեւով»:
Ոստիկանությունը հակառակ մեղադրանքն է ներկայացրել, թե ակտիվիստներն են հայհոյել:
Ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել, որ իրենց ընկերոջը բռնի տանեն բաժին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ