Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. Եթե մենք ազատագրեցինք Ղարաբաղը եւ այսօր ապրելու տեղ չունենք, իհարկե, կհեռանանք

Հուլիս 24,2013 16:40

«Սա մեր տունն է, մեր էրեխեքի ապագան է, մենք չենք կարող գնալ Ավստրալիա, կամ չգիտեմ, մեկ այլ երկիր, ինչ որ մեկին խնդրենք, որ գա մեր երկիրը ղեկավարի, կամ էլ այնտեղ հող ու բնակարան խնդրենք: Սա մեր երկիրն է, եւ մենք պարտավոր ենք մեր երկրի մեջ մեր երեխաների ապագան կերտենք»,- այսօր Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը: 
Նա ասաց, որ երկրի համար վտանգավոր շրջանում իրենք հայրենիքի համար քննությունները հանձնել են գերազանց. «Լավ, չեմ հասկանում իրենց մտածածը ո՞րն է: Մի քանի հոգով առանք-թռանք եւ վե՞րջ: Դա ղեկավարի պահելաձեւ չէ: Մեր ուզածը մեծ բան չէ: Ասում ենք՝ մի բան արեք արտագաղթը կանգնեցրեք, մեր հայ ազգին տիրություն արեք: Մենք իսկական ղեկավար ենք պահանջում: Սա ղեկավարելու ոճ չէ: Մենք ընդդիմանում ենք, ու գնալով վիճակն ավելի է լարվում: Եթե կարողանում են՝ թող տիրություն անենն, եթե չեն կարող՝ թող իրենց «վեշչ մեշոկը» հավաքեն, ու բարի ճամփա իրենց: Ես չեմ ուզում իմ Հայաստան աշխարհքի մեջ ոչ մի հայի արյունը թափվի: Բայց սա ի՞նչ է նշանակում: Էս ժողովուրդը ինչքա՞ն կարող է սենց տառապել: Հաշվենք, էս ժողովրդին քցեցին ու թռան: Ինչո՞վ են նրանք հիմնավորվելու էս գլոբուսի վրա: Կարող է՞ սպուտնիկի փողեր ունեն՝ առնեն թռնեն մարսերն ապրեն: Էս գլոբուսի վրա են ապրելու, ու նենց չանեն՝ էս հայ ժողովրդի համար դառնան աչքի փուշ էն Թալեաթի նման, տասնյակ տարիներով իրանց ման գան, որ ազգի վրեժը հանեն»:
Ազատամարտիկները նշեցին, թե լսել են, որ Շենգավիթում ակցիաներ կազմակերպող աղջիկների վրա են հարձակվել «թաղի խուժանները» եւ վիրավորել նրանց: Նրանք ասացին, որ եթե այդ «թաղի խուժանները» հարձակվեն իրենց երեխաների վրա, իրենք հաստատ միջամտելու են:
Նրանք նշեցին նաեւ, որ ոչ մի պահանջ չունեն որեւէ մեկից, եւ նրանց պահանջները կապված են միայն ժողովրդի խնդիրների հետ. «Մենք ունենք նաեւ պահանջ մեր ընկեր ազատամարտիկներից, որոնք այս պահին իրենց տներում նստած են: Պատերազմ է սկսվել, տղերք: Որեւէ պատճառաբանություն չի ընդունվում: Մի հատ փայտի գդալ են տվել ձեռներդ ու ասել են՝ այս բորշից մի գդալ ավել չուտեք: Դա ապրելակերպ չէ: Այսօր ոչ թե մեզ, արդեն մեր երեխաներին են նեղում, մեր երիտասարդներին են ծեծում փողոցներում, այն երիտասարդներին, որ դուրս են եկել մեզ համար, արդարության համար, Հայաստանի համար, իսկ թաղի խուժանը ծեծում է էս երեխեքին: Բա մենք թասիբ չունե՞նք: Տղերք, ձեզ եմ դիմում: Ինչի՞ եք տանը նստել: Ո՞ւմ եք սպասում: Ով է գալու ձեր փոխարեն այս ամեն ինչը անի: Ինչ է վարձկաննե՞ր ենք բերելու դրսից: Մոռացել ե՞ք պատերազմը ոնց եք հաղթել: Եկեք միացեք այս ամեն ինչին: Դուք եք փրկելու Հայաստանը: Ժողովուրդը եթե տեսավ՝ ազատամարտիկը կանգնած է իր առջեւ, նա կկանգնի ազատամարտիկի թիկունքին: Շատերդ նազիր- վեզիր եք աշխատում: Մի հոգու եք ծառայում: Ու ձգտում եք մեկդ մյուսից առաջ ընկնեք, որ ավելի լավ ծառայեք այդ մի հոգուն», – ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Իսկ Արտավազդ Գալտաչյանն էլ ավելացրեց. «Ես չեմ մեղադրում Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին: Ես ուղղակի զարմանում եմ մեր ուժային կառույցների վրա, թե ոնց են պաշտպանում այդ սրիկաներին: Ի՞նչի են պաշտպանում: Եվ ասում են, որ ժողովրդի համար են մտածում, ժողովրդին են ծառայում: Նրանց մի հրաման տան՝ նրանք իրենց երեխաներին էլ կհոշոտեն իրենց հրաման տվողների առջեւ: Ես եղել եմ սահմանապահ զորամասների ուղեկալներում եւ շատ բան եմ տեսել: Այդ ուղեկալներում կան շներ: Շունը ծառայում է զինվորին, եւ երկու տարին մեկ՝ նրա տերը փոխվում է: Բայց երկրորդ տերը, որ գալիս է եւ երկու անգամ լափ է լցնում նրա առաջ, շունը հրամանի դեպքում հին տիրոջն էլ է խժռում: Ես այս ուժային կառույցներին համեմատում եմ այդ շների հետ. ով իրենց տերն է, նրան են ծառայում եւ ոչ թե ժողովրդին: Եվ եթե նրանք ասեն, որ ժողովրդին են ծառայում՝ չհավատաք: Մի հրաման հերիք է, որ ժողովրդին կոտորեն»:
Մարտիրոսյան Արեւիկը ոչ միայն ազատամարտիկ է, այլ զոհված ազատամարտիկի մայր. «Ես ցավում եմ, որ մեր ազատամարտիկներն այս օրվա դրությամբ նստացույց են անում: Մեր ազատամարտիկներին ես խնդրում եմ, ուղղակի կարգադրում եմ. Տղանե´ր ջան, եկեք միացեք, եթե մեռնում ենք, միասին մեռնենք, եթե ապրում ենք, միասին ապրենք: Հերիք է, որ մեր գլխին այսպիսի վայրագություններ են անում: Մի՞թե կարելի է: Ի՞նչ վատ բան ենք արել: Այն ժամանակ, որ գնում էինք պատերազմ եւ զոհեր էինք տալիս, լացելով տուն էինք գալիս: Մի՞թե մոռացել եք Եռաբլուրը: Մի՞թե այդ տղաները խոսելու բան չունեն: Ունեն: Եռաբլուրը երգ ունի: Եռաբլուրի զոհված տղաները ասելու բան ունեն: Ես, լինելով զոհվածի մայր, եւ վիրավոր ազատամարտիկ, ուղղակի հարգանք եմ պահանջում մեր կառավարությունից, որ սատար կանգնեն մեր տղաներին եւ նրանց նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցույց չտան: Եթե հացադուլի նստեցի, կնստեմ, 80 տարեկան կին եմ: Եթե հացադուլի չնստեցի, խոսք եմ տալիս, երդվում եմ, որ բենզինը լցնելու եմ վրաս այրվեմ՝ հանուն մեր տղաների, հանուն մեր ազատամարտիկների: Այն հերոս տղերքը, որ այսօր այստեղ այս վիճակով գնում-գալիս են, ցավ եմ ապրում: Մայր եմ վերջիվերջո: Մեր նկատմամբ այդպիսի վայրագություն չպետք է անեին: Ես ապրում եմ ավտոտնակում: Չունեմ բնակարան: 13 տարի է հերթացուցակում եմ: Խաբելով ինձ տանում- բերում են: Դա՞ է մեր կառավարության կարգ ու կանոնը: Ադրբեջանն ու Թուրքիան արդեն զինվում են ու պատրաստվում են պատերազմի: Ռուսաստանն էլ զենք է մատակարարում: Մենք էլ կհեռանանք այս երկրից, չենք մնա: Մնանք ի՞նչ անենք: Եթե մենք ազատագրեցինք Ղարաբաղը եւ այսօր ապրելու տեղ չունենք, իհարկե, կհեռանանք»:

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031