Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե ուղեվարձը նորից 100 դրամ դառնա, ՊԱԶ-իկներով են սպասարկելու (Տեսանյութ)

Հուլիս 24,2013 16:27

«150 դրամ ուղեվարձը դեռ մի բան էլ քիչ է»: Այսօր «Ելակետ» ակումբում երկու ուղևորափոխադրող ընկերությունների տնօրեններ փորձում էին համոզել, որ ուղեվարձը պետք էր նույնիսկ 200 դրամ լիներ, որպեսզի իրենց բոլոր ծախսերը դուրս գային: Նրանք նույնիսկ սպառնում էին, որ եթե մի քիչ էլ շարունակվի 100 դրամ ուղեվարձով սպասարկումը, ապա ոչ «գիծ» դուրս եկող վարորդ կլինի, ոչ էլ երթուղագիծը շահագործող տնտեսվարող:

«Դավիթ երթուղայինի» տնօրեն Հարություն Առաքելյանի խոսքերով`«նախատեսված պահեստամասերը, քսայուղերը , հարկերն ու տուրքերը թանկացել են 105-200%-ով: Վերջին տասնամյակում ուղեվարձի փոփոխություն տեղի չի ունեցել, անգամ այն պարագայում, որ փոխադրող մեքենաների արժեքը թանկացել է 2-3 անգամ: Առանց այդ թանկացումների էլ քաղաքային փոխադրումներն արդեն իսկ կանգնած էին ձախողման եզրին»:

Պարոն Առաքելյանի ներկայացմամբ` եթե ուղեվարձը չբարձրանար, ապա քաղաքային տրանսպորտի սպասարկումը կվերադառնար 90-ականներ. «Կունենայինք Երազ ,ՊԱԶ, ԿՎԶ`ինքնաշեն նստարաններով, ժամերով կանգառներում սպասելով, տրոլեյբուսների տանիքներին ժողովուրդը կլինի, քանզի տրանսպորտը գնում է կործանման տեխնիկական առումով»:

Բացի այս արդարացումներից, տնօրենը նաեւ սկսեց պաշտպանել վարորդներին, որոնք, ըստ պարոն Առաքելյանի, ծանր աշխատանք են կատարում, ուստի եթե ուղեվարձը թանկացվի, ապա նրանց աշխատավարձն էլ կբարձրանա, հերթափոխով կաշխատեն, կսափրվեն եւ այլն, եւ այլն:

Այս հայտարարություններին շատ բուռն արձագանքեցին լրագրողները, որոնք բոլորը միաժամանակ սկսեցին տարբեր դիտարկումներ եւ հարցեր ուղղել բանախոսներին: Մասնավորապես նշվեց, որ վարորդների գծի պլանն էլ է բարձրացել: Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանն ասաց, որ թիվ 39,71, 45 միկրոավտոբուսների 13 հազար դրամ օրվա պլանը չեն բարձրացրել, նույնը պնդեց թիվ 8, 20,16 13 երթուղագծերը շահագործող «Դավիթ երթուղայինի»-ի տնօրենը:

Դիտարկմանն ի պատասխան, որ վարորդները վստահեցնում են` ստորագրում են փաստաթուղթը, բայց աշխատավարձ չեն ստանում, պարզապես գազի լիցքավորման գումարը, գծի պլանն ու դիսպետչերի գումարը վճարում են, տակն էլ ինչ մնում է՝ վարորդն է վերցնում, պարոն Առաքելյանն ասաց` նման բան չկա:

«150 դրամը նվազագույնն էր, որը մեր կողմից ընդունվեց, որ կարողանանք նվազագույն վիճակը պահպանել: Պետք է 3 տարի հետո «Գազելները» վերանան ու պետք է ներկրվեն ավտոբուսներ»,-ասաց Հարություն Առաքելյանը,որը նաեւ վստահեցնում էր, թե այս տարիների ընթացքում վնասով են աշխատել: Իսկ վնասով աշխատել են, որովհետև, ինչպես բանախոսներն ասացին` հուսով էին, որ մի օր մի բան կփոխվի:

Բանախոսները նաեւ վստահեցրին, որ 5 տարի է մշտապես դիմել են մրցութային հանձնաժողովին սակագները բարձրացնելու համար, սակայն հանձնաժողովը մերժել է:

Ինչ պատճառաբանություն է բերել հանձնաժողովը, մեր այս հարցին, պարոն Առաքելյանը պատասխանեց.«Սաստում էին, ասում էին, սոցիալական վատ վիճակ է»: Մեր այն դիտարկմանը, որ ներկայումս սոցիալական վիճակն ավելի վատ է, գնաճն ավելի բարձր է, պարոն Առաքելյանը վրդովված ասաց` «Ի՞նչ է վատ, բա ինչո՞ւ չեք բարձրաձայնում»:

Պարոն Առաքելյանը նույնիսկ սպառնաց, եթե 150 դրամ ուղեվարձը նորից իջեցնեն 100 դրամի, ապա ինքն ու իր նմանները կգնան այլ ոլորտ աշխատելու:

Բացի այս, ըստ ընկերության տնօրենի, շահույթ էլ չունեն, որպեսզի կարողանան սահմանված ժամկետում` 3 տարի հետո ավտոբուսներ ներկրել: Այս խոսքերից հետո լրագրողները նորից աղմուկ բարձրացրեցին եւ պնդեցին, որ բոլորն էլ գերշահույթով են աշխատում:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ թիվ 39,8 երթուղագծերը ճանապարհային ոստիկանության նախկին պետի`Մարգար Օհանյանի եղբայրն է շահագործում, եւ հաշվի առնելով, որ հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են երթուղագծերը շահագործում, եւ դժվար թե նրանք վնասով այսքան տարի աշխատեին, պարոն Առաքելյանն ասաց` «Սխալ տեղ եք հարցը տալիս»:

Հարցին, եթե ուղևորները շարունակեն 100 դրամ վճարել, եւ բողոքի ակցիաները շարունակվեն, ինչ քայլերի կդիմի ընկերությունը, պարոն Առաքելյանն ասաց` «Էսօր ուղևորների 85%-ը 150 դրամ է վճարում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ani says:

    Էդ պազիկների վարորդներն էլ էլի սաշիկներն են լինելու?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031