«Ներկայումս Հայաստանում չկան վիճակագրական տվյալներ այն մասին, թե հանրապետությունում որքան մարդ է տառապում Հեպատիտ C հիվանդությամբ: Միայն առանձին մասնագետների խոսքերից կարելի է ենթադրել, որ այս հիվանդությունը բավականին տարածված է», – այս մասին այսօր ասաց «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ, «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության» խմբի անդամ Անահիտ Հարությունյան:
Անահիտ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում առկա է Հեպատիտ C-ի ռադիկալ բուժում, որը Հայաստանում տրամադրում է միայն «Հոֆման-Լյա Ռոշե» կազմակերպությունը: Սակայն դեղամիջոցը բավականին թանկ է. և շատ հիվանդներ գերադասում են ապրել հիվանդությամբ: «Պեգասիս» դեղամիջոցը 50 տոկոսով բուժում է հեպատիտ C հիվանդությունը: Սակայն մեկ տարվա բուժումն արժե 16. 000 ԱՄՆ դոլար: Մենք դիմեցինք «Հոֆման-Լյա Ռոշե» ՍՊԸ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ, որտեղ ներկայացրինք պահանջ` վերանայել հեպատիտ C-ի բուժման դեղամիջոցի նկատմամբ գնային քաղաքականությունը», – ասաց Անահիտ Հարությունյանը:
Ակտիվիստները քայլերթով գնացին ՀՀ առողջապահության նախարարություն և նամակ հանձնեցին նախարարին՝ առանձնացնելով երկու հիմնական խնդիրներ:
Կարդացեք նաև
«Առաջին կարևոր խնդիրը, որը մենք բարձրացրել ենք կապված է «Պեգասիս» դեղամիջոցի գնի իջեցման հետ: Այդ գործում պետությունը նույնպես պետք է ցուցաբերի իր աջակցությունը: Հաջորդ խնդիրը կապված է վիճակագրական տվյալների, ինչպես նաև մարդկանց անիրազեկության հետ: Հեպատիտ C-ն հիմանականում տարածվում է արյան միջոցով: Կան դեպքեր, երբ սեռական ճանապարհով են տարածվում, սակայն դրանք շատ քիչ են, – ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Հովհաննես Մադոյանը,- «Հեպատիտ C-ին փոխաբերաբար անվանում են «քնքուշ մարդասպան», քանի որ այն այնքան թաքուն և աննկատ է անում իր գործը, որ շատերս չենք գիտակցում խնդրի կարևորությունը և հետևանքները: Մեր լռությունը Հեպատիտ C-ի համաճարակի տարածմանը նպաստող ամենահզոր զենքն է: Ժամանակն է, որ լռությունը խախտվի և հիվանդների, և առողջապահության կազմակերպիչների, և հասարակական գործիչների կողմից»:
«Հայաստանում հնարավոր չէ որակյալ և մատչելի բուժում անցկացնել: Այդ իսկ պատճառով մարդիկ լքում են երկիրը` հույս ունենալով, որ մեկ այլ վայրում կկարողանան բուժվել: Մենք ցանկանում ենք, որ գնային որոշակի փոփոխություններ կատարվեն. ինչը թույլ կտա Հայաստանում ևս մարդավայել ու միջազգային չափանիշներին համապատասխան բուժում իրականացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության» խմբի ակտիվիստ Կամո Դավթյանը:
«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության» խմբի անդամներն այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ցույց տվեցին մի տեսահոլովակ, որը պատմում էր Հեպատիտ C հիվանդությամբ տառապող մի կնոջ մասին, որը ֆինանսական միջոցներ չունենալով` մեկնեց արտերկիր, որտեղ էլ մինչև այժմ անվճար բուժվում է:
Նշենք,որ հուլիսի 28-ին` Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը,Սիրահարների այգում տեղի կունենա ևս մեկ միջոցառում նվիրված հեպատիտների խնդրի բարձրաձայնմանը:
Լուսինե ՇԱԽԱԶԻԶՅԱՆ