Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեպես անթրաշները»

Հուլիս 24,2013 15:25

Ընդդեմ գազի թանկացման պայքարելը դժվար է: Ենթադրենք, հրաժարվում եք վճարել նոր սակագնով (ի դեպ, ինչպե՞ս իմանալ, թե որքան կկազմեր ձեր վարձը «հին» սակագնով), «գազի մարդիկ կգան» եւ ձեր գազը կանջատեն, ինչպե՞ս եք միացնելու:

Ուսման վարձերի թանկացման դեմ պայքարելը նույնպես հեշտ չէ՝ ուսանողին պարզապես կհեռացնեն բուհից:

Տրանսպորտի սակագնի դեպքում իրավիճակն այլ է. դա ամեն օր կրկնվող գործողություն է եւ այստեղ դուք ամենօրյա հարաբերությունների մեջ եք մտնում ոչ թե գծատիրոջ, այլ նրա կողմից վարձած վարորդի հետ: Վերջինս ամենաշատը հնարավորություն ունի փնթփնթալու, կամ՝ ծայրահեղ դեպքում՝ հայհոյելու, եթե ուղեւորը 150 դրամի փոխարեն վճարի 100-ը: Կոնֆլիկտներն, իհարկե, անխուսափելի են, բայց վարորդն, ի վերջո, չի կարող չքշել իր մեքենան՝ ի տարբերություն ուսման եւ գազի սակագնի, նա լծակներ չունի 100 դրամ վճարած ուղեւորին «պատժելու»:

Խնդիրը, կարծում եմ, ոչ այնքան սակագինն է, որքան այդ ամբողջ ոլորտի սխալ «դրվածքը»: Նախ` ոչ մի քաղաքում երթուղային տաքսիները ավտոբուսների նկատմամբ քանակական առավելություն չունեն, իսկ դա հետեւանք է այն բանի, որ երթուղայինների գծերի շահագործումը տրվել է պատգամավորներին եւ պաշտոնյաներին: Եթե, օրինակ, քաղաքապետը եւ տրանսպորտի վարչության պետը ունեն «երթուղային գծեր» (ինչն ինքնին օրենքի կոպիտ խախտում է), արդյոք նրանք շահագրգռվա՞ծ են, որ երթուղային տաքսիների քանակը քչանա: Եվ ընդհանրապես, կարո՞ղ է արդյոք ոլորտի սեփականատերերից մեկը պետական պաշտոնյայի կարգավիճակով կարգավորել նույն ոլորտը, արդար մրցույթներ կազմակերպել եւ այլն: Դա նույնն է, որ միեւնույն մարդը միաժամանակ խաղի մրցավարը լինի եւ թիմերից մեկի խաղացողը:

Երկրորդ կարեւորագույն խնդիրն այն է, որ այս ոլորտում չկա իրական մրցակցություն, քանի որ ամեն ինչ բաժանված է օլիգարխիայի մեջ: Եվ հետեւաբար, որեւէ մոտիվացիա չկա ծառայությունը բարելավելու (ի տարբերություն տաքսի ծառայությունների, որտեղ մրցակցություն կա):

Երթուղայինները, որպես կանոն, վարում են անթրաշ, փնթի հագնված վարորդները, մեքենայի մեջ լցնում են 25 ուղեւոր, կանգնում են՝ որտեղ ուզում են ու հաճախ երկրորդ գծի վրա, ուղեւոր են իջեցնում կամ վերցնում:

Եվ ամենակարեւորը՝ ուղեւորն ու վարորդը չպիտի իրար հետ շփվեն «փողային թեմայով»՝ «մի հատ ստացի», «մի հատ սդաչին փոխանցեք»: Վարորդը չպիտի տոմսավաճառ լինի՝ դա սխալ է թե՛ ճանապարհային անվտանգության եւ թե՛ զուտ բիզնեսի (օրինական, ազնիվ բիզնեսի) արդյունավետության տեսանկյունից:

Առավել քաղաքակիրթ ձեւն այն է, որ ավտոմատներում վաճառվեն օրվա, ամսվա, տարվա տոմսեր առանձին փոխադրամիջոցների կամ միասին բոլորի համար, եւ որքան մեծ ծառայություն ես դու գնում, այնքան մեծ զեղչեր են քեզ համար նախատեսված: Ամեն օր տրանսպորտի որեւէ տեսակից մեկ անգամ օգտվելու դեպքում դա հաստատ պետք է էապես ավելի էժան նստի, քան 100 դրամը: Այդ դեպքում ամեն ինչ կլինի ավելի պարզ, թափանցիկ, վերահսկելի, քան հիմա է: Մեր լուսավոր դարում դրա համար կան բազմաթիվ ու բավականին էժան միջոցներ:

Թե չէ ստեղծել են ջունգլիների օրենքով գործող մի համակարգ, իրենք համ սեփականատեր են համ կարգավորող ու հիմա էլ որոշել են հավելյալ եկամուտներ ստանալ: Այնպես որ՝ մեղավոր են ոչ թե անթրաշ վարորդները, այլ նրանց, «այսպես ասած, «հոգեպես անթրաշ» տերերը, ինչպես նաեւ նրանք, ովքեր այդ տերերին գծեր են բաժանել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արա says:

    …իրենք համ սեփականատեր են կամ կարգավորող …

    Այս փոքրիկ վրիպակը չհաշված, մնացածին լրիվ համամիտ եմ: Հազիվ մի կոնկրետ առաջարկ հնչեց: Բայց դե պարզ ջրում ձուկ որսալն այնքան էլ հեշտ չէ: Այնպես որ, հաստավզերը կյանքի գնով կդիմադրեն:

  2. Փիրուզ says:

    Եվրոպական երկրներում կան օրական, շաբաթական, ամսեկան, անգամ 15 րոպեանոց տոմսեր: Հասարակական տրանսպորտում, կանգառներում կան սարքեր, որտեղից կարելի է գնել անրհաժեշտ տոմսը: Մեզ մոտ աբսուրդի հասնող մի բան է գործում, երբ մի 15 րոպե տևում է մինչև վարորդը մանրադրամ կտա մեծ գումար տված բոլոր ուղևորներին:
    Ոչ մի խոչընդոտ չկա առաջադեմ այդ մեխանիզմը մեզ մոտ կիրառելու, միակ բանը դա գծատերեր կոչվող “աղանդն ” է: Դա ասես նորագույն ստրկատիրության ձի լինի: Ինչ է նշանակում գծատերերի սահմանած օրական “հարկի” տակ կքած վարորդներ: Մենք պետություն ունենք, թե ինքնախաբեության մեջ ենք …

  3. Maxim says:

    Համատարած թալանի պայմաններում, բացառվում է որևէ տրամաբանական լուծում առաջարկել:
    Սա ընդհամենը մի քայլ է, հանցագործ ռեժիմին դիմակայելու, և ուրիշ ոչինչ: Ես խոնարհվում եմ
    բոլոր մասնակիցների առջև,՝ ըստ յուրաքանչյուրի կատարած ջանքերին:

  4. Արթուր Ղազարեան says:

    Երէկ մի մեկնաբանութիւն էի գրել այս թեմայով: Բնականաբար պատկերացում անգամ չունէի, որ պարոն Աբրահամեանն արդէն անդրադարձել է այս խնդրին: Յիրաւի, ողջունելի է: Խնդիրը յստակ ու տրամաբանօրէն շարադրուած էր:

    Նորից կրկնեմ, որ “մարշրուտնի” կոչուածները պիտի ասպարէզը զիջեն աուտոբուսներին: Կանգառներում պիտի ներդրուեն աուտոմատ վճարման սարքեր: Մտածում եմ, գուցէ թղթադրամներով փոքր ինչ դժուարութիւն առաջանայ վճարել (մաշուածութեան պատճառով), սակայն միանգամայն յաղթահարելի է`հաշուի առնելով, որ ցածր արժէքով փողը (օրինակ`100 դրամը) մետաղադրամ է: Բացի այդ հնարաւորութիւն կայ վճարել բանկային քարտերով:

    Աւելին, գծատէր բառը պիտի ԻՍՊԱՌ վերանայ մեր բառապաշարից: Փոխարէնը հասարակական տրանսպորտը քաղաքապետարանը պէտք է վերցնի իր ձեռքը: Դա նշանակում է, որ կարող է աւելանալ վճարման մէկ այլ եղանակ եւս`յատուկ պլաստիկ քարտեր նախատեսուած միմիայն տրանսպորտային վճարումների համար, որում կարող էք “փող լցնել” ինչպէս կանգառներում, այնպէս էլ այլ վայրերում:

    Կարծում եմ համամիտ էք, որ ֆանտազիաներ չեմ գրում, այլ միանգամայն իրագործելի բաներ:

    Աւելի քան վստահ եմ, որ վարորդի հետ շփումը պէտք է հասցնել ՆՈՒԱԶԱԳՈՅՆԻ! “Էս մի հատ ստացի”, “քուր ջան մանր տուր”, “կամաց փակի, գոմի դուռ չի”, “Ստէ մի տէ պահի”,,, սրանք յարիր չեն քաղաքակիրթ հասարակութիւններին:

    Վարորդի վարքը պիտի յստակ ներկայացուի քաղաքապետարանի կողմից: Այն է` որոշակի համազգեստ, կիրթ (Դուք/Ձեզ) դիմելաձեւ, բնականաբար առանց ծխելու եւ առանց երաժշտութեան (նոյնիսկ եթե դա Մոցարտ է): Սափրուելը ըստ վարորդի հայեցողութեան!

    Խնդրանքս է, պարոն Աբրահամեան, որ այս հարցն աւելի ու աւելի շատ արծարծէք լրատուական դաշտում:

    Նորից եմ ուզում կրկնել, որ սրանք միանգամայն իրագործելի բաներ են: Ժամանակը ցոյց կը տայ, որքանով է քաղաքապետարանը շահագրգիռ այս հարցում:

    Շնորհակալ եմ:

Պատասխանել