Այսօր Ավանի երթուղայիններից մի քանիսի վարորդները Տարոն Մարգարյանի տան մոտ գործադուլ են հայտարարել եւ չեն ուզեցել սպասարկել քաղաքացիներին:
Մի խումբ լրագրողներով զրուցեցինք թիվ 20 երթուղայինը միկրոավտոբուսների եւ նույն համարի ավտոբուսների վարորդների հետ:
Միկրոավտոբուսների դիսպետչերական կետում վստահեցրին, որ իրենք ամբողջ օրը նորմալ սպասարկել են եւ ոչ մի գործադուլ են չեն հայտարարել. «20 համարը լրիվ առավոտվանից նորմալ աշխատել է»:
Կարդացեք նաև
Վարորդներն ասացին, որ ուղեւորների մի մասը 100 դրամ է վճարում, մի մասը՝ 150:
Նրանք վստահեցնում էին, թե տեղյակ չեն՝ գծի պլանի գումարն ինչքան է. «Ամսվա վերջում ենք տալու»:
Վարորդները գործադուլ անելու համաձայն չէին: Նրանցից մեկի խոսքերով՝ երբ գազը, հոսանքը թանկացավ, ինչո՞ւ ժողովուրդը ոտքի չկանգնեց, հիմա 50 դրամի համար կռիվ են անում: Նրանք արդարացնում էին գծատիրոջը՝ ասելով, որ «Պահեստամասերը թանկացել են, իրենց էլ հասկանալ կարելի է»:
Նշենք, որ ըստ քաղաքապետարանի հաշվարկների, վարորդները ամսական 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում: 20 համարի միկրոավտոբուսների վարորդները ծիծաղեցին՝ դա լսելով. «Շատ լավ կլիներ՝ 150 հազար լիներ»:
Իսկ 20 համարի ավտոբուսներից այսօր երթուղի է դուրս եկել ընդամենը 6-ը: Մյուսները գործադուլ են անում: Աշխատող վարորդներից մեկը նյարդային վիճակում էր: Նա լրագրողների հետ զրույցում բացատրեց, որ ուզում է աշխատել՝ օրվա հացի փողի համար:
20 համարի ավտոբուսի վարորդ Ներսես Ավագյանն էլ դժգոհեց ուղեւորների վերաբերմունքից, թե ինչպես են սկսել շպրտել իրենց դեմքին 100 դրամանոցը. «Մենք 100-ի համար բան չենք ասում, ով ինչքան վճարում է»: Այդ վարորդը վստահեցրեց, որ գծի պլանի գումարը 30 հազար դրամից դարձրել են 42 հազար դրամ ու իրենք հիմա վնասով են աշխատում: Թե ինչու իրենք չեն միանում գործադուլ անող վարորդներին՝ նա այսպես բացատրեց. «Գործադուլ անելով չի, մենք էլ ընտանիք ենք պահում, դուրս ենք գալիս աշխատանքի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ