Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհանգիստ ամառ, ագահ իշխանություն, անհնազանդ հասարակություն

Հուլիս 24,2013 14:27

Վերջին իրադարձությունների հիմքում արժանապատվության հարցն է, հիմք, որի վրա կարող է պայթել քաղաքացիական անհնազանդության ալիքը

Սերժ Սարգսյանը արձակուրդում է: Վարչապետը, տրանսպորտի նախարարն ու Երեւանի քաղաքապետը արձակուրդում չեն, բայց նրանց ներկայությունը առանձնապես չի էլ նկատվում:

Երեւանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաները արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են: Դրանց են միանում հասարակ քաղաքացիներ, երիտասարդների խմբեր, հասարակությանը հայտնի դեմքեր: Carpool ակցիային տասնյակ անհատ վարորդներ են միացել, քաղաքական գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, տարբեր հեռուստաընկերությունների հաղորդավարներ, հաղորդումների հեղինակներ, դերասաններ ու երգիչներ:

Հասկանալի է, որ տրանսպորտի գների բարձրացման արդյունքում ձեւավորված բավական լարված իրավիճակի հանգուցալուծումը պետք է տրվի Սերժ Սարգսյանի կողմից, բայց այն, ինչ կատարվեց Երեւանում՝ պատկան մարմինների արձագանքի առումով, ուղղակի ապշեցուցիչ է: Երեկ իրավապահները օգտվեցին բողոքի ակցիաներին հակազդելու իրենց զինանոցի հին մեթոդներից՝ բերման էին ենթարկվում երիտասարդները, շարունակական հրմշտոց էր, արգելքներ եւ այլն:

Մեր օրերում բազմաթիվ գնահատականներ են հնչել մեր երկրում տիրող սոցիալական բեւեռացման, արտագաղթի ու դրա պատճառների մասին: Գազի սակագների բարձրացման շոկից դեռ դուրս չեկած (գազի սակագների բարձրացման դեպքում դեռ գոնե մեղավորների սլաքը ուղղվեց դեպի հյուսիս՝ «Գազպրոմ» ու Ռուսաստան)` հայրենի իշխանությունները նոր անակնկալ մատուցեցին մեր համաքաղաքացիներին:

Ուշագրավն այն է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու դեմ հանդես են գալիս արդեն ապահով խավի ներկայացուցիչները, որոնք նույնիսկ ամենօրյա ռեժիմով հասարակական տրանսպորտից չեն էլ օգտվում: Սա հետաքրքրական փաստ է եւ վերլուծելու ու մտորելու լուրջ թեմա հատկապես իշխանությունների համար: Այսինքն՝ մինչ մեր հասարակության մի ստվար մասը, արդեն որեւէ հույս չկապելով Հայաստանի իշխանությունների ու ընդդիմադիր ուժերի հետ, արտագաղթի ճամփան է բռնում, Հայաստանում բնակվող քիչ թե շատ ապահովված խավն է նախաձեռնում բողոքի ակցիաներ եւ ընդվզում իշխանությունների որոշումների դեմ:

Վերջին օրերին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում քաղաքացիների արժանապատվության հարցն է: Իսկ սա այն հիմքն է, որի վրա կարող է պայթել քաղաքացիական անհնազանդության ալիքի բռնկումն ու քաոսը: Հենց այսպիսի պայմաններում են ծնվում քաղաքացիական անհնազանդությունները, երբ իշխանության որոշման հիմքում դրվում է «գծատերերի» շահը, եւ դրան ստորադասվում է աղքատության մեջ գտնվող հասարակության շահը:

Այսպիսի փոքր թվացող հարցից, տվյալ դեպքում՝ 50 դրամից կարող է Երեւանից բռնկվել շղթայական քայլերի մի շարք ու գործընթաց, որը նախեւառաջ իշխանությանը ծանր իրավիճակի առջեւ կկանգնեցնի: Եվ այս իրավիճակում ամենաանցանկալին ու բացասականը իրավապահների կողմից ոչ ադեկվատ հակազդեցությունն է՝ ռեպրեսիան:

Այդ ձեւով իշխանությունը չի հանդարտեցնելու շիկացած մթնոլորտը, այլ էլ ավելի է կրքերը բորբոքելու, էլ ավելի է թեժացնելու ամառը, էլ ավելի է «դանակը ոսկորին» հասցված հասարակությանը դրդելու դեպի քաղաքացիական անհնազանդություն ու սրելու իրավիճակը:

Սերժ Սարգսյանը շատ արագ որոշում պետք է կայացնի՝ իր լուռ ու թաքնված ենթականերին հրահանգելով հրաժարվել հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50 դրամով բարձրացնելու որոշումից, եւ ոչ թե նրա համար, որ դա «սիրուն չի», այլ այն պարզ պատճառով, որ Հայաստանի քաղաքացիների արժանապատվությունը տրորելու իրավունք չունեն ոչ մեկը, նույնիսկ «գծատերերը», եթե միամտորեն ընդունենք նույնիսկ, թե նրանք այլ ելք չունեին, քան տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելը: Իշխանությունն էլ հենց նրա համար է, որպեսզի այլ ելքեր գտնի, ոչ թե աղքատ բնակչության «գրպանը» դիտի խնդիրները լուծելու միակ հնարավորությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031