Արբակ Խաչատրյանի պատասխանը Ալ. Դուգինին եւ Կոնստանտին Զատուլինին
Օրերս Կրեմլի գլխավոր գաղափարախոսներից, «Միջազգային եվրասիական շարժման» լիդերներից Ալեքսանդր Դուգինը Vesti.az-ին տված հարցազրույցում Հայաստանին սպառնացել էր «լրջագույն բարդություններով», եթե համարձակվի հայացքը դեպի ԱՄՆ շրջել: Վերջերս Հայաստանին ուղղված համանման սպառնալիքներով էր հանդես եկել Կրեմլի մեկ այլ գաղափարախոս՝ Կոնստանտին Զատուլինը:
Երեկ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ռուսաստանցի այրերի սույն սպառնալիքները՝ ՌԴ «Հակակոռուպցիա» հասարակական խորհրդի նախագահի խորհրդական, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանն ասաց, որ վերջին օրերին, ի պատասխան ռուսաստանյան լրատվամիջոցների համանման հարցման, ինքը մի հարց է հնչեցրել. «Ինչո՞ւ են իրենք հիմա այդպես իրար խառնվել: Իմ հրապարակումներից մեկում ես վերջերս գրել էի՝ վերջին տասնամյակում ՌԴ իշխանություններն են որոշել՝ ո՞ւմ նշանակել, ո՞ւմ երաշխավորել Հայաստանում՝ որպես ղեկավար, վերջիններիս խնդրանքով անգամ մարդկանց էին ձերբակալում, մասնավորաբար ինձ՝ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի գլխավոր խորհրդականին: Փաստորեն, այսքան տարի դուք օգտագործել եք ՀՀ իշխանությունների մարմինը, հիմա այն սկսեցին օգտագործել Եվրոպան եւ ԱՄՆ-ը: Ի՞նչ է պատահել, որ այդպես իրար եք անցել, մի քիչ հանդուրժող եւ զիջող եղեք: Թե՞ ոչ թե իշխանությունների կեցվածքից եք վախեցած, այլ նրանից, որ հայ հասարակությունն է սկսում իր ձայնը բարձրացնել՝ առանց շինծու առաջնորդներ փնտրելու»:
Այս համատեքստում մեր զրուցակիցը, ի պատասխան հայ վարորդի` Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածին վերաբերող մեր հարցին, ասաց. «Ես չէի ցանկանա, որ այդ հարցն անընդհատ չարչրկվի. 18 զոհ է եղել, ողբերգությունն ահռելի է: Չհաշված վարորդը, որը նույնպես զոհ է: Եթե Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ում օրինական կարգով աշխատանքի անցած լիներ, պարզ է, որ այդ ազգային տարբերությունը չպետք է լիներ: Բայց այն պայմանները, որոնցում հայերն են աշխատում ՌԴ-ում… ես խորհուրդ կտայի լրագրողներին անցնել ռուսական տարածքներով եւ տեսնել, թե նաեւ ինչ պայմաններում են հայաստանցիները ապրում՝ բարաքներում, նկուղներում…»:
Կարդացեք նաև
Այս առիթով մի հարցազրույցում պարոն Խաչատրյանը ակնարկել էր, որ Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում հայերի նկատմամբ: Փարատելով տարակուսանքը՝ մեր զրուցակիցն ասաց, որ կամ ինքը լավ չի բացատրել, կամ լրագրողն իրեն լավ չի հասկացել. «Ոչ թե ռուսներն են հայերին գենոցիդի ենթարկում, այլ հայերն են իրենց գլխին գենոցիդ անում: Երիտասարդ տղաներն ու տղամարդիկ Հայաստանից մեկնում են ՌԴ` աշխատելու, նրանց կանայք եւ երեխաները մնում են Հայաստանում: Գենոցիդի առաջին քայլն այն է, որ ընտանիքներն են քայքայվում: Երկրորդ քայլն այն է, որ նրանք Հայաստանից դուրս են գալիս` հիմնականում առանց կրթություն ստանալու, բայց շատ դեպքերում կրթությունն էլ չի փրկում, քանի որ այդ մարդիկ չեն կարողանում իրենց կրթությանը հարմար աշխատանք գտնել: Այդ մարդկանց միակ խնդիրն է դառնում գումար աշխատել եւ ուղարկել Հայաստան` իրենց ընտանիքներին: Ու ՌԴ-ում իրենց առաջին իսկ քայլից, ըստ էության, նրանք հանցագործություններ են կատարում. 80-90 տոկոսի հաշվառման փաստաթղթերը ոչ օրինական ճանապարհով են կարգավորվում, աշխատում են ոչ օրինական, չգրանցված ու, բնականաբար, հարկեր էլ չեն վճարում, իսկ դա արդեն հանցագործություն է: Բայց հոգեպես այդ կերպ ապրելը գենոցիդից էլ բարդ է: 1915 թվականի եւ ներկայիս գենոցիդի տարբերությունն այն է, որ այն ընտանիքները, որոնք այժմ փախչում են Հայաստանից, նրանք անգամ լեզուն ու մշակույթն էլ չեն պահպանում: Այն ժամանակ թուրքից էին փախչում, ինչ-որ մի տեղ հաստատվում, բայց հայն իր լեզուն ու կուլտուրան պահում էր, այժմ ներքին ճնշումից են փախչում, հայից են փախչում ու լեզուն ու մշակույթն էլ մեծամասամբ չեն պահում»:
Մեր զրուցակիցը նաեւ բավականին պատկերավոր համեմատություն արեց. «Հայաստանը հիմա նման է մի գաղութի, բերդի: Տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, գումարն ուղարկում են Հայաստան` իրենց ընտանիքներին: Նրանց ընտանիքներն այդ գումարով ապրում են` երեխաներին ուսման են տալիս, առնում են այն գազը, որը բերվում է ՌԴ-ից, գնում են այն անհրաժեշտ սնունդն ու ապրանքները, որը մի քանի չարչիներ են բերում, իրենք էլ Հայաստանում դարձել են կուռքեր: Այսինքն՝ Հայաստանի ղեկավարությունը` պետական, հարկային եւ մնացյալ ապարատները դարձել են կլյուչնիկներ: Տղամարդիկ իրենց ընտանիքները քայքայելով մեկնում են ՌԴ, այդ գումարն ուղարկում են գաղութ, որ էդ կլյուչնիկներն ուտեն, քանի որ բերդում, գաղութում իրենց ընտանիքի անդամները պիտի դիմանան»: Սա Արբակ Խաչատրյանը համարում է ամենածանր բանը, որն այժմ կատարվում է:
Իսկ Հրաչյա Հարությունյանի դեպքը չի ցանկանում առանձնացնել. «Մինչեւ այժմ ՌԴ-ում տասնյակ հայեր են սպանվել, երիտասարդ տղաներ. ինչո՞ւ որեւէ անգամ այնպիսի աղմուկ-աղաղակ չեղավ, ինչպես հիմա: Ես չեմ արդարացնում հակառակ կողմին. բժշկական փաստաթղթերը չեն եղել, ու դատավորը չպիտի լսեր գործը, չպիտի ընդուներ գործը, ու դա պետք է լիներ: Ի դեպ, ՀՀ դեսպանատան թիվ մեկ խնդիրը դա պետք է լիներ: Իսկ այդ խալաթը կարելի է հագցնել այս գործով բոլոր մեղավորներին, բայց առաջին հերթին՝ ՀՀ իշխանություններին, որ ազատամարտիկը հայտնվել է այս իրավիճակում. փաստորեն, իր կյանքը զոհաբերեց ամբողջովին: Սա է կարեւորը»: «Խալաթի հեղաշրջում». այսպես է բնութագրում մեր զրուցակիցն իրադարձությունների զարգացումը:
Եվ որպեսզի նման դեպքերն այլեւս չկրկնվեն եւ մասսայական չդառնան, նա գտնում է, որ ՌԴ-ում անօրինական կարգավիճակով աշխատող հայերի հարցերը պետք է հստակեցվեն: Այս ամբողջ պատմության մեջ մեր զրուցակիցը այդքան էլ չի կարեւորում այն, որ հայ վարորդի հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձավ, նրան ոգեւորում է այն, որ մարդիկ սկսում են բողոքն անօրինականությունների դեմ: Միայն նկատում է, որ վթարի հետեւանքով զոհված 18 անձանց ընտանիքների սուգն էլ ահռելի ծանր է ու բավական է այն օգտագործել:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Զրույցի այլ հատվածները` վաղվա «Առավոտում»:
«Առավոտ» օրաթերթ