Նախ՝ փոքրիկ տեղեկանք, թե ո՞վ է Գոդֆրի Ռեջջոն: Նյու Օռլեանում ծնված եւ Լուիզիանայում մեծացած այս ռեժիսորն աշխարհին հայտնի է իր «Կացցի» կինոեռերգությամբ: Վերջինս 14 տարի անցկացրել է Քրիստոնյա եղբայրների հռոմեադավան կաթոլիկական ուխտում՝ ապրելով աղոթքին, ուսմանն ու ուսուցմանը նվիրված համայնքում: Երեւի թե միայն այդպիսի միջավայրում եւ կամ՝ տիբեթյան վանականների մոտ կյանքի մի ինչ-որ հատված ապրելու դեպքում կարող էր ձեւավորվել այդչափ հոգեւոր մի անձնավորություն՝ այդօրինակ տիեզերաբանական աշխարհայացքով ու մարդասիրական փիլիսոփայությամբ: Այդ ամենի արտահայտությունը նրա ստեղծագործությունն է, որի առանցքային թեմաներն են քաղաքակրթության եւ բնության աղետալի բախումը, տեխնիկայի ներխուժումով բնություն եւ մարդկային գոյություն՝ հինավուրց մշակույթների, առհասարակ, վեհության անհետացումը:
Նույն այս ռեժիսորի առաջին հանդիպումը հինավուրց հայոց աշխարհի եւ նրա արժանի զավակ Արտավազդ Փելեշյանի հետ 2006թ. տեղի էր ունեցել դարձյալ «Ոսկե ծիրան» ՄԿՓ շրջանակներում: Անշուշտ, Փելեշյանի ֆիլմարվեստին քաջ ծանոթ էր ամերիկացի մեծ կինոռեժիսորը եւ, վերջինիս ինչ-որ տեղ իր ուսուցիչ, նաեւ սեփական ստեղծագործության ներշնչանքի աղբյուր համարելով, դրանից տարիներ առաջ անվանել էր «կինոյի Լեոնարդո դա Վինչի»: Երկու ռեժիսորներն էլ այդ տարի արժանացան «Ոսկե ծիրանի» բարձրագույն՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակին, կինոարվեստում ունեցած վաստակի համար:
Արդ, յոթ տարի անց, կինոաշխարհի հսկաները կրկին հանդիպեցին փառատոնի օրերին, որ իր տասնամյա հոբելյանն էր նշում: Մեկ շաբաթ տեւած կինոյի տոնը, որին ամեն տարի սպասում է մեր կինո սիրող, կինոարվեստի նվաճումներով հետաքրքրվող հասարակությունը, տոն, որ ընձեռում է ուրիշ, ոչ կոմերցիոն ֆիլմեր դիտելու եւ մեծ ռեժիսորների հետ հանդիպելու, նրանց մաստեր-կլասների եւ մամլո ասուլիսների ժամանակ հարցեր ուղղելու հնարավորություն, ավարտվեց երգ ու պարով, ինչով որ ավարտվում են աշխարհի բորոր փառատոները:
Նրանց, ում հատկապես գրգռում է այն երեւույթը, թե՝ «գալիս են, ուտում-խմում, գնում են, ինչու պիտի գոհ չլինեն…», կարող եմ պատասխանել. մենք էլ, երբ գնում ենք մասնակցելու ինչ-որ փառատոնի, նույնպես ներկա ենք լինում բավականին ճոխ հյուրասիրությունների: Ուրիշ հարց, որ «ամեն տան հաց նույն կերպ չի ուտվում…»: Կինոգետի իմ ոչ աննշան փառատոնային փորձը դրդում է նշել՝ ոչ մի տեղ չեմ տեսել, որ այդչափ հայտնի ռեժիսորները, ժյուրիի անդամները երեկույթների ժամանակ պարեն, եւ այն էլ՝ հյուրընկալող ժողովրդի պար:
Կարդացեք նաև
Ի դեպ, այն հանգամանքը, որ փառատոնի բացման եւ փակման արարողությունների ժամանակ հնչել է բարձրարժեք երաժշտություն՝ սկսած Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» վալսից ու «Սպարտակ» բալետի հատվածից (նույն Խաչատրյանի, ում գրած հանճարեղ՝ շարականների մեղեդային հիմքի վրա ստեղծված հիմնից ազգովի հրաժարվեցինք, որովհետեւ ոմանք նրանից «ռեժիմի հոտ» առան, թեեւ տարօրինակ կերպով, մինչ օրս ոչ մի մեծ կամ փոքր ֆրանսիացի «Մարսելյոզից» գիլյոտինի հոտ չի առել) մինչեւ սքանչելի «Հովեր» երգչախմբի ու ջազային-սիմֆոնիկ նվագախմբի եւ այլ արտակարգ կատարումներ, բնականաբար, հազիվ թե դառնար մեր ԶԼՄ-ների «վերլուծության» առարկա…
Բայց ահա աշխարհիկ կյանքից բավականին հեռու, իր հոգեւոր աշխարհում որոշ առումով պարփակված Գոդֆրի (եւ ոչ թե Գոդֆրիդ) Ռեջջոն հանկարծ ազատագրվեց ինչ-ինչ կապանքներից (ինչպես որ 2008-ին Անտոնիոնիի այրին պարեց հայկական պար՝ մի կողմ նետելով կեղծամը), առանց ծանր ու թեթեւ անելու, թե ինչպես դա կընկալեն ու կմեկնաբանեն որոշ հայ լրագրողներ, ինչ-որ ներքին մղումով վեր կացավ եւ կնոջ հետ սկսեց պարել… Սա է ողջ եղածը: Ներկա գտնվողներից, իհարկե, ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, թե ինքը նման բանի ականատես երբեւէ կլինի, էլ ո՞ւր մնաց, թե անձամբ պարի հրավիրել, առավել եւս՝ «տանջել» պատկառելի այդ հյուրին… Վերջապես, ո՞վ կպատկերացներ, որ «Facebook»-ում տեղադրված այդ անմեղ պարը ինչ լույսի տակ կդիտվի՝ դառնալով համաժողովրդական քննարկման առարկա, մի կողմ նետելով միջազգային այս կինոփառատոնի բոլոր նշանակալի նվաճումները:
Հիրավի, ինչպես ասում են, ամեն մեկը տեսնում է իր զանգակատնից… Վատ չէր լինի, որ նույնպիսի ակտիվությամբ ու խորաթափանցությամբ փառատոնի ֆիլմերը վերլուծեին նույն այդ լրագրողները: Անձամբ ես շա՛տ լավ զգացի, երբ տեսա Ռեջջոյին պարելիս, եւ ձեռքս Աստվածաշնչին դրած կարող եմ կրկնել, որ վերջում նա ձեռքսեղմումին զուգահեռ ասաց. «Thank you for supporting me» (Շնորհակալություն ինձ աջակցելու համար)…
Արդ, երկու խոսք նույն այդ խնջույքի ժամանակ հնչած երաժշտության մասին: Աշխարհահռչակ ամերիկացի ռեժիսորը, մնացած պատվավոր հյուրերի հետ միասին, հիացմունքով ունկնդրեց հայ ռեստորանային երգացանկում սովորաբար տեղ չգտնող՝ Էդգար Հովհաննիսյանի «Երեւան դարձած իմ Էրեբունի», Առնո Բաբաջանյանի «Իմ Երեւան», Սայաթ-Նովայի «Ես քո ղիմեթն չիմ գիդի», եւ բոլորի հետ միասին գլխի ընկավ, որ այդ հոյակապ երգերը պետք է լսել առանց պարի ուղեկցման…
Ինչ վերաբերում է մեր գոյությունն իսկապես տանջող «ռաբիսին», այլ ոչ թե «ռաբիզին» (հարկ է նշել, որ մեր այդ ամենասրտացավ լրագրողները չգիտեն այս, ինչպես եւ շատ ուրիշ բառերի ծագումն ու ստուգաբանությունը), ապա անգամ այդ տեսանյութում հնչած հատվածը, որ գոնե համեմված չէ մեր հայրենակիցների մի ինչ-որ հատվածին էքստազի մեջ գցող թուրքական մուղամով եւ առնվազը մի գլուխ բարձր է կամ գոնե ավելի ցածրաճաշակ չէ այն երաժշտությունից, որ շուրջ երկու տասնամյակ «քաղաքային ֆոլկլորի» անվան տակ հեղեղել է հայկական հեռուստաեթերը՝ վերածելով մեր հեռուստատեսությունը համատարած «տաշի տմբլայի» (գուցե շփոթում եմ շարադասությունը, ներող եղեք, մեր բարեկիրթ լրագրողների գործածած բառն է, որը երբեւէ չէի պատկերացնի, թե կարող է ձեռագիր կամ տպագիր տեսք ստանալ…), ավելին, հասել ենք այնտեղ, որ եթերում ժամանակ առ ժամանակ մեծարում ենք մեր «ռաբիսի արքաներին», բայց չգիտես ինչու դա բնավ չի հայտնվում (կամ՝ խիստ հազվադեպ եւ անաղմուկ) նույն բարձր արժեքներ կրող լրագրողների դիտակետում:
Մինչ մեր ԶԼՄ-ների ինչ-որ մասը (փառք Աստծո, ունենք նաեւ այնպիսի լրագրողներ, որ իսկապես փառատոնային բարձրարժեք ֆիլմեր դիտելու եւ դրանց հեղինակներին կիրթ, կոռեկտ հարցեր տալու կուլտուրա ունեն) շարունակում է կեղտ փնտրել սխալ հասցեով, նշենք, որ «Ոսկե ծիրանի» հյուրերը, մի կողմ դնելով իրենց գործունեության եւ կեցվածքի ողջ լրջությունը, «տանջվելով» քոչարի եւ վեր-վերի էին պարում փառատոնի փակման չարաբաստիկ խնջույքին: Ի դեպ, նրանցից ոմանք փառատոնի թարգմանիչների հետ առօրյա շփումների ընթացքում, իրարից անկախ ասել են նույն բանը՝ «Ոսկե ծիրանը» շատ է տարբերվում ուրիշ փառատոներից, այստեղ բացառիկ ջերմ մթնոլորտ է տիրում, դուք ասես մի մեծ ընտանիք լինեք…»:
Խեղճ, մեր պարերով տանջված օտարերկրացիները որտեղից իմանան, թե ինչ է կատարվում այդ մեծ ընտանիքի ներսում, ի՛նչ թունոտ թշնամիներ ունի այդ ընտանիքը՝ կինոյի այդ տոնը, որ «Ոսկե ծիրանի» այս տարվա ժյուրիի անդամ Ռադա Շեշիչի (Սարաեւոյի ԿՓ-ի վավերագրական ֆիլմերի մրցույթի ղեկավարն է եւ, որպես ծրագիր կազմող եւ ծրագրերի խորհրդատու, անդամակցում է Ռոտերդամի եւ Ամստերդամի ՄԿՓ-երի ընտրող հանձնախմբերին) խոսքերով ասած՝ շատ կարեւոր է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ կինոաշխարհում:
Ինչպես կասեր լուսահոգի տատս. «է՜հ, էնոր համար մեր մեկ էրկուս չի դառնա, լաո՛…»:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ինձ համար էլ շատ հաճելի էր,որ համաշխարհային կինոյի դասական համարվող սցենարիստ և կինորեժիսոր Իշտվան Սաբոն (որին ինձ բախտ վիճակվեց մեկ շաբաթ ուղեկցել),չնաջած առաջին 1-2 օրերի լարվածությանը(մի քիչ շոքը,մի քիչ տարիքը, իրեն զգացնել էին տալիս…),հետագայում այնքան էր հիացած ու ոգեվորված և փառատոնով,և ժողովրդով,և ընդհանրապես Հայաստանով,որի համար մենք շատ ուրախ էինք: Առավել ուրախ էի,երբ Սաբոն հայրենիք վերադառնալուց 2 օր անց հաղորդագրություն ուղարկեց,որ արդեն կարոտել են Հայաստանն ու հայերին!Եվ մինչ օրս էլ նա չի թաքցնում իր կարոտն ու սերը Հայաստանի և հայերի հանդեպ (շատ ուրախ եմ,որ ըստ նրանց, դրանում իմ որոշակի ներդրումն ունեի): -Roland Sharoyan Աշխարհահռչակ կինոբեմադրիչ Իշտվան Սաբոն կինոյից բացի սիրեց մեր տեսակը սովորական կյանքից անդին: