Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիք վերադարձրեց սիրած էակը

Հուլիս 24,2013 14:14

Մշտապես տեղային մշակույթը զարգացնելու նպատակով արտերկիր են  գործուղվել շնորհալի երիտասարդներ՝ հետագայում հայրենիքում իրենց  ձեռքբերումները տեղայնացնելու նպատակով: Վերջին շրջանում այս նպատակով Հայաստանից Արեւմուտք մեկնած երիտասարդ մասնագետների մեծ մասը, մասնավորաբար՝ երաժիշտների, չի վերադառնում՝ մնալով «պարարտ» միջավայրում:  Առանձնակի հարգանք են վայելում հատուկենտ երիտասարդները, ովքեր դրսում ուսանելուց  կամ կատարելագործվելուց հետո իրենց կարողությունները ծառայեցնում են հայրենի  մշակույթի զարգացմանը:

«Առավոտը» ժամանակին ներկայացրել է ֆագոտահար, Ցյուրիխի արվեստի բարձրագույն դպրոցում ուսում առած Շմավոն Գրիգորյանին, ով 5 տարի ուսումնառությունից հետո վերադարձավ հայրենիք եւ անցյալ թատերաշրջանի սկզբում Ազգային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի հավանությամբ հիմնադրեց «Համերգ ճեմասրահում» նախագիծը: Ճիշտ ժամանակին էր այս շարքի անցկացումը, քանի որ թատրոնում սկսվեցին բեմի տեխնիկական  վերազինման աշխատանքները: Այս օրերին, խաղաշրջանի փակման կապակցությամբ, բնականաբար, ավարտվում է նաեւ «Համերգ ճեմասրահում» նախագիծը: Շուրջ մեկ տարի կայացած 15 «ճեմասրահային» բազմաժանր համերգներին մասնակցեցին թատրոնի նվագախմբի արտիստները, մեներգիչները, կայացան կամերային երաժշտության երեկոներ, մենահամերգներ, այդ թվում՝ ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանի, մատուցվեց ջազային երաժշտություն Արմեն Հյուսնունցի, Վահագն Հայրապետյանի, երգչուհի Վարսենիկ Ավանյանի, սրնգահար Նորայր Քարտաշյանի մասնակցությամբ, ինչպես նաեւ Եվրոպայից ժամանած երաժիշտների ելույթներ, որոնց հետ Եվրոպայում ուսումնառության ընթացքում ստեղծագործական մտերմություն է հաստատել Շմավոն Գրիգորյանը, օրինակ՝ երաժշտասերները տպավորված են հոլանդաբնակ կլարնետահար Լեւան Ցխադաձեի ելույթով:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Շմավոն Գրիգորյանը նշեց, որ «Համերգ ճեմասրահում» նախագիծը լինելու է շարունակական, սեպտեմբերից օպերային թատրոնի նոր թատերաշրջանի ընթացքում  կհրավիրվեն  իսպանացի հոբոյահար Յորդի Բերտրան Սաստրեն, շվեյցարաբնակ կլարնետահար Գուրգեն Կակոյանը եւ ուրիշներ, չեն անտեսվում նաեւ տեղացի երաժիշտները, օրինակ՝ նախագծին ցանկություն է հայտնել մասնակցելու Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն: Բանակցություններ են ընթանում նաեւ այլ հանրահայտ երաժիշտների, այդ թվում՝ «Լա Սկալա» օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Դանիել Բարենբոյմի հետ: Շմավոն Գրիգորյանի հավաստմամբ՝ Դանիել Բարենբոյմը հիշյալ նախագծում հանդես կգա իբրեւ դաշնակահար, իսկ Կարեն Դուրգարյանն էլ ցանկանում է անվանի դիրիժորին տեսնել Վերդիի երեւանյան «Աիդան» ղեկավարելիս: Արեւմտյան ճանաչված խմբերից հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել շվեյցարական «Autentic Light Orchestra» ջազ խմբին, որի կազմում կան հայ երաժիշտներ, եւ այլն:

Շմավոն Գրիգորյանը ներկայացրեց նախագծի այս համերգաշրջանի վերջին երեք համերգները. հուլիսի 29-ին «Անգլիական բարոկկո» երաժշտության համերգին ելույթ կունենան օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները, բազմաթիվ հայկական երաժշտության մշակումներ իրականացրած եւ հայկական նվագարանների, այդ թվում՝ հայկական վիոլայի հեղինակ վարպետ Գրիգոր Առաքելյանը: Հաջորդ օրը պլանավորված է վերջին շրջանում Միխայիլ Տատարնիկովի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ  եւ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ Ազգային օպերային թատրոնի նվագախմբերի հետ համագործակցած Սպիվակովի ֆոնդի կրթաթոշակառու, դաշնակահար Լեւոն Կարապետյանի համերգը, իսկ հուլիսի 31-ին Շմավոն Գրիգորյանը թատրոնի նվագախմբի երաժիշտներից կազմված դաշնամուրային կվինտետի հետ կներկայացնի Մոցարտի Ֆագոտի կոնցերտը՝ նվագախմբի եւ դաշնամուրային կվինտետի համար:  «Համերգ ճեմասրահում» նախագիծը «կտեղափոխվի» նաեւ մարզեր:

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ արտերկրում ուսանած արվեստագետը, ի տարբերություն իր մյուս հասակակից գործընկերների, որոշեց հաստատվել Հայաստանում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես երկու տարով էի եկել Հայաստան՝ ինչ-ինչ նախագծեր իրականացնելու նպատակով: Սակայն, երբ հանդիպեցի Կարեն Դուրգարյանի ջերմ վերաբերմունքին եւ գնահատանքին, որոշումս փոխեցի: Հավելեմ նաեւ, որ երկրորդ կեսիս եմ գտել հայրենիքում՝ օրերս նշանվել եմ դաշնակահար Թամարա Մարուխյանի հետ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031