Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սարոյանը Քաջարանում բացականչել է»

Հուլիս 24,2013 14:09
1

Դավիթ Բեջանյանի «Կուլայով տղան» Քաջարանի՝ Երեւանի պուրակում

4

Նորոգ մանկապարտեզ Քաջարանում:

3

Ճամբարում աշխուժություն է տիրում:

Լեռնահանքարդյունաբերության մայրաքաղաքը կտոնի 55-ամյակը

1958թ օգոստոսի 21-ին կառավարության որոշմամբ Քաջարանն ընդգրկվել է հանրապետության  քաղաքների ցանկում: Ինչպես «Առավոտի»  հետ  զրույցում նշեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, այս տարի  օգոստոսի 21-ին լրանում է Քաջարանի անվանակոչման 55-ամյակը, քաջարանցիներն էլ դեռ անցյալ տարվանից զբաղված են տոնակատարության նախապատրաստական աշխատանքներով:

Քաղաքապետն ասաց, որ այս տարի իրականացված բոլոր միջոցառումները  այդ համատեքստում են:

Պարոն Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է նախատեսված օգոստոսի 21-ին: Մեր զրուցակիցը հայտնեց, որ տոնակատարությունը առավոտյան կմեկնարկի Վերին Հանդի սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագով, կայցելեն զոհված ազատամարտիկների հուշահամալիր, կշնորհվեն պատվավոր կոչումներ ու մեդալներ: Ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված է  զինվորականների շքերթ, փողոցային տոնավաճառներ, բերքի, ազգային ուտեստների մատուցման տոն, Քաջարանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողություն, համաքաղաքային ֆուտբոլային առաջնության եզրափակիչ փուլը, տոնական համերգ՝ հանրապետության լավագույն կատարողների մասնակցությամբ, հրավառություն:

Վարդան Գեւորգյանն ասաց, որ  ոչ միայն կհյուրընկալեն բարեկամ կազմակերպությունների, այլեւ Քաջարանի հետ եղբայրացած  բելառուսական Ժոդինո քաղաքի  ներկայացուցչությանը, դիվանագետների, գիտության գործիչների, պետական բարձրաստիճան այրերի:

Նշենք, որ Քաջարանը պաշտոնապես 9100 բնակիչ ունի, բայց քաղաքապետի խոսքով, 10400-ից ավելի մարդ է ապրում այս քաղաքում: «Այստեղ աշխատանքի առումով Հայաստանի տարբեր բնակավայրերից ընտանիքներ կան: Քաջարանը սոսկ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության մայրաքաղաքը չէ, այն նաեւ բարեկեցիկ, հրապուրիչ քաղաք է: Երիտասարդ քաղաք, որը մեծ փորձ ունի պետականաշինության եւ բանակաշինության առումով»,- փաստում է քաղաքապետը:

Քաջարանում գեղեցիկ ավանդույթներ են ձեւավորվել, օրինակ ամեն տարի շրջանավարտները ծառեր են տնկում ու խնամում դրանք, իսկ եթե ընդունվում են մայրաքաղաքային բուհեր, նրանց ծնողներն են հոգ տանում ծառերի մասին: Զոհված ազատամարտիկների հիշատակին նույնպես ծառեր կան տնկված: «Քաջարանը արցախյան ազատամարտին մասնակցել է 800 եւ ավելի երիտասարդներով, գումարած հզոր թիկունքը՝ կոմբինատով: Մենք  39 զոհ ունենք, որոնց աճյուններն ամփոփված են մեր հուշահամալիրում, ինչը տխուր  է, բայց նաեւ դաստիարակության մեծ վայր է»,- ասում է Գեւորգյանը:

Քաղաքն ունի 2 մանկապարտեզ եւ 2 դպրոց, իսկ ընդհանուր տարածաշրջանում՝ 4 մանկապարտեզ եւ 7 դպրոց, եկեղեցիները շատ են, բայց գործող՝ 2-ը:

«Այսօր Քաջարանը աշխատանքի քաղաք է, սոցիալական լարվածությունը մոռացվել է,  ինչին նպաստում է կոմբինատը իր արտադրական հզորությունների շնորհիվ»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նաեւ հպարտությամբ փաստում է, որ մշակույթի, գիտության համարյա բոլոր մեծերը՝ Հրաչյա Ներսիսյան,  Գուրգեն Ջանիբեկյան, Տաթեւիկ Սազանդարյան, Վիկտոր Համբարձումյան եւ ուրիշներ մշտապես այցելել են Քաջարան, Վիլյամ Սարոյանն էլ, 1965-ին Հայաստան գալով, խնդրել է, որ իրեն անպայման տանեն՝ իր ձեւակերպմամբ, քաջերի քաղաք, ու տեղ հասնելուն պես բացականչել է. «Իմ սիրտը լեռներում է»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031