«Ժողովուրդ» օրաթերթը լուր էր հրապարակել, թե Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը կմիանա Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին։ Թերթի տեղեկություններով՝ Արցախ պուրակի հարևանությամբ գտնվող Մանկավարժականի շենքը դառնալու է հյուրանոց։ Իսկ նոր համալիրը, այսինքն՝ Մանկավարժականը, կգործի ճարտարագիտական համալսարանի շենքում, որն էլ գտնվում է Արցախ պուրակի դիմացի թաղամասում։
ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը հաստատել էր բուհերի միացնելու մտադրության մասին լուրը:
Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանից: Պարոն Խաչատրյանը, մասնավորապես, ասաց. «Բուհերի միավորումը հնարավոր է, որովհետեւ դա Կառավարության քննարկումների նյութն է այսօր: Պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղը շատ փոքր թվով ուսանողներ ունի, եւ միավորմա՛ն խնդիր է գնում, ո՛չ թե լուծարման: Անկեղծ ասած, դա միշտ եղել է մարզի մտավորականության քննարկման թեմաներից մեկը: Արդեն մի քանի տասնամյակ է տարբեր ամբիոններից բարձրաձայնվում է մարզում համալսարան ունենալու խնդիրը, ինչը դեռեւս լուծում չի գտել: Կոնկրետ մեր բուհի առումով ասեմ, որ թողարկում ենք գերազանցապես մանկավարժներ, որոնց պահանջարկը մարզում գրեթե չկա: Մեր բուհի շրջանավարտների շատ քիչ տոկոսն է գտնում իրենց մասնագիտությամբ աշխատանք, մյուսները կա՛մ փորձում են տեղում հարմարվել՝ այլ մասնագիտություններ ընտրելով, կա՛մ դուրս են գալիս»:
Ռեկտորը հավելեց, որ միավորումը կարեւոր է նաեւ կադրերի թողարկման տեսանկյունից. « Հիմա ինքնանպատակ թողարկում ենք մասնագետներ, որոնց կարիքն աշխատաշուկայում չկա: Համալսարան դառնալու դեպքում հնարավորություն կունենաք անպայմանորեն արձագանքել շուկայի պահանջարկին, մինչդեռ մանկավարժական կարգավիճակը նման հնարավորություն չի տալիս»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Վանաձորի մանկավարժականի շենքի հետ կապված լուրերին, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը դրանք որակեց ավելի քան անհեթեթ. «Մի քիչ տեղյակ ցանկացած մարդ գոնե պետք է իմանա, որ նման շենքերը կառավարության տնօրինության տակ են եւ միայն կրթական նպատակների են ծառայելու, հետեւաբար քննարկել կամ շահարկել նման հարց, տարօրինակ եմ համարում: Ես բացառում եմ շենքերը մեր ձեռքից վերցնելու խնդիրը, որովհետեւ հենց հիմա ինքներս շենքային պայմանների բարելավման խնդիր ունենք: Համարյա եռահերթ, առանց ընդմիջումների դաս ենք անում: Բացի այդ ունենք վարժարան՝ 400 աշակերտներով: Վաղուց ժամանակն էր կրթական համալիր ստեղծելու, այնպես որ ողջունում եմ կառավարութան այդ քայլը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հարգելիներս, ոչ թե «Արցախ պուրակի» դիմացի թաղամասում, Այլ Դիմաց թաղամասում 🙂
«Դիմաց»-ը դա վանաձորի թաղամասերից մեի անունն է: