Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի հանրային լողափերի զուգարանները կողպված չեն լինի (Տեսանյութ)

Հուլիս 24,2013 13:44

Անցյալ ամռանը Սեւանա լճի շրջակայքում բացված հանրային լողափերում հանգստացող քաղաքացիները պարբերաբար զուգարանների եւ աղբահանության վերաբերյալ դժգոհություններ էին հայտնում: Այսօր «Հայացք» ակումբում հյուրընկալված բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս տարի է՞լ են հանրային լողափերի զուգարանները կողպված լինելու եւ հանգստացողներն էլ անհանգստանալու աղբի հոտից: Պարոն Ավալյանը վստահեցրեց, որ այդ խնդիրները լուծվել են: Նա ասաց, որ աղբահանության մասով Սեւան ազգային պարկի հետ պայմանագիր ունեն եւ աղբը ժամանակին հեռացվում է, իսկ նախորդ տարվա բիո զուգարանները ստիպված են եղել փոխարինել սովորական զուգարաններով: Պարոն Ավալյանի մեկնաբանությունները` տեսանյութում.

Բնապահպանության պաշտոնյայի տվյալներով, տարեցտարի հանրային լողափերի հաճախորդներն ավելանում են. անցյալ տարի սեզոնին 120-130 հազար այցելու են ունեցել: Այս տարի ավելի շատ հաճախորդներ են ակնկալում:

Հարցին, թե հանրային լողափերը չեն՞ «խփում» մասնավոր լողափերի գործին, պարոն Ավալյանը պատասխանեց, որ հենց մասնավոր լողափերի հաճախորդների հաշվին էլ հանրային լողափերի այցելուների թիվն ավելանում է, թեեւ պարոն Ավալյանը չբացառեց, որ հանրայինի հաշվին մասնավորի գները կնվազեն. «Մասնավոր սեկտորի հետ մրցակցության խնդիր չի դրվել, եթե մասնավոր լողափերը ծառայություն են մատուցում բիզնես անելու համար, ապա մեր մասով, ընդամենը, սոցիալական խնդիր է, որ մարդիկ գնան այնտեղ հանգստանան, բայց, քանի որ մեր լողափերում մարդկանց թիվն ավելանում է, դա խոսում է այն մասին, որ նրանց հաճախորդների հաշվին է տեղի ունենում»:

Հանրային լողափերի սեզոնն արդեն 25 օր է բացված է: Այդ լողափերը նախատեսված են կարճատեւ հանգստի համար եւ ըստ Ա. Ավալյանի, կահավորված են լողափի համար անհրաժեշտ իրերով: Այս տարի որոշ հանրային լողափերում կլինեն նաեւ Սեւանի լճի ջրով լցված մանկական լողավազաններ: Հանրային լողափերը համագործակցում են փրկարար ծառայության հետ: Հանրային լողափերից օգտվելու կուլտուրան դեռեւս բավարար չէ. պարոն Ավալյանը նկատեց, որ այդքան էլ բարեխիղճ չեն գույքի նկատմամբ եւ հորդորեց ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի նկատմամբ. «Հնարավոր չէ ամեն մեկ մետրի վրա տեսուչներ կանգնեցնել, որոնք արգելեն աղբ թափելը: Մեր հույսն այն է, որ մեր ժողովրդի գիտակցությունը բարձրանա»:

Նախարարության մասնագետը ուսումնասիրել է եւ պարզել, որ հանրային լողափերում, հանգստացողների 10-15 %-ը տուրիստներ են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031